Հայկական թալիբան-2. Արամ Աբրահամյան

Հայկական թալիբան-2. Արամ Աբրահամյան
Հայկական թալիբան-2. Արամ Աբրահամյան

«Շնորհավորում եմ, պարոնայք, քաղաքում կարմիրներ կան»,- բացականչում է շտաբս-կապիտան Օվերչկինը՝ մտնելով բիլիարդանոց: Սակայն հետո պարզվում է, որ իր գերատեսչությունը կարողացել է բացահայտել ընդամենը կոշկակար ձեւացող «կարմիր» մի լրտեսի: Իսկ Երեւանում վերջերս թալիբներ են հայտնվել: Թե ինչ գործ ունեն նրանք այստեղ, ինչպես են ներթափանցել՝ դրա վերաբերյալ հոդաբաշխ պատասխան չի տրվում: Բոլոր դեպքերում զգոն եղեք, հարգելի համաքաղաքացիներ, եթե փողոցում հանկարծ անթրաշ մարդ տեսնեք, իսկույն ահազանգեք ԱԱԾ՝ մանավանդ, եթե զգաք, որ անթրաշը վաղուց չի լողացել: Հետագայում պետությունը ձեզ գուցեեւ պարգեւատրի՝ քաղաքացիական զգոնության եւ (բառիս բուն իմաստով) լավ հոտառության համար:

Առասպելական թալիբները, իհարկե, այնքան էլ հետաքրքիր երեւույթ չեն, բայց մեր զարմանալիորեն պասիվ հասարակական կյանքում նրանք չեղած տեղը արթնացրին խորիմաստ մեկնաբանների միտքը եւ հնարավորություն տվեցին ընդարձակ աշխարհաքաղաքական վերլուծություններ կատարել՝ ինչ նկատի ունեն աշխարհի ուժային կենտրոնները Հայաստան թալիբներ ուղարկելով: Թալիբների մեջ գոնե կա ինչ-որ էկզոտիկա, թե չէ՝ մեր ժողովուրդը ստիպված է բավարարվել «առօրեական» լուրերով. «Էն օրը մոտս բավականին լուրջ կին էր նստել, նրա քույրը Պետրոզավոդսկ է աշխատում եւ տեսել է, թե ինչպես են մեր նախարարները այնտեղ մեշոկներով փող բերում եւ կազինոներում կրվում»: Որ մեր նախարարներն անկաշառ չեն՝ վերջերս, այսպես ասած, հաստատվեց բարձրագույն մակարդակով: Բացառված չէ նաեւ, որ նրանք ինչ-որ մի տեղ խաղատուն են գնում: Երկու տեղեկություն, սակայն, այս առասպելի մեջ լավ մտածված չէ. «մեշոկները»՝ այսօր փողերը տեղափոխելու ավելի հարմարավետ ձեւ կա՝ բանկային քարտը, եւ Կարելիայի մայրաքաղաքը, որտեղ խաղատներն աշխարհում լավագույնը չեն: Բայց ինչ ասես այդ մարդուն, որը տեսել է մի կնոջ, որը ճանաչում է մեկ այլ կնոջ… եւ այլն: Այդ մարդը թալիբ էլ տեսած կլինի: Կարդալ ավելին