Ինչու է ուշանում «Pfizer» պատվաստանյութի մատակարարումը Հայաստան․ Factor.am

Այս տարվա հուլիսի 29-ին Կառավարությունը որոշեց 3,5 միլիարդ դրամ հատկացնել՝ գերմանա-ամերիկյան «Pfizer» և չինական «Sinopharm» պատվաստանյութերը ձեռք բերելու համար, գրում է Factor.am-ը։

Հայաստան պետք է մատակարարվեր ընդհանուր առմամբ 500 հազար դեղաչափ, որի մեծ մասը՝ շուրջ 300 հազարը «Pfizer», 200 հազարը՝ «Sinopharm»։ Այս որոշումից որոշ ժամանակ անց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ «Pfizer» պատվաստանյութը Հայաստանում կլինի աշնանը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

Առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը Factor.am-ին հայտնեց, որ չգիտեն, թե Հայաստանը երբ կստանա «Pfizer» պատվաստանյութ։ Իսկ ինչու մինչև հիմա չի ներմուծվել նշված պատվաստանյութը․ ԱՆ-ից հայտնում են, որ ուշացումը կապված է արտադրական ցիկլի, մատակարարման ժամկետների ու խմբաքանակի հետ։

«Մենք շարունակում ենք բանակցել պատվաստանյութի ձեռքբերման շուրջ, Առողջապահության նախարարությունն ամեն ինչ անում է»,- ասաց ԱՆ խոսնակը։ Թե քանի դեղաչափ «Pfizer» է մատակարարվելու Հայաստան, Առողջապահության նախարարությունից մեզ հայտնեցին, որ դեռևս չգիտեն։

Հիշեցնենք՝ Անահիտ Ավանեսյանը հուլիսի 9-ին հայտնել էր, որ հունվար-փետրվար ամիսներին «Pfizer» պատվաստանյութ ձեռք բերելու հնարավորություն է եղել: Ավանեսյանի խոսքով՝ Հայաստանը կարող էր ստանալ 15 000 դեղաչափ 7 500 հոգու համար, սակայն այդ պահին համապատասխան ենթակառուցվածքներ չկային և նման փոքր խմբաքանակի համար ներդրում անելը նպատակահարմար չէր։