ԱԺ աշխատակազմը պարգևատրման ֆոնդից շուրջ 252 մլն դրամ է տնտեսել

ՀՀ ազգային ժողովի աշխատակազմն այս տարի որոշակի տնտեսումներ է արել, ունի շուրջ 252 մլն դրամ չօգտագործված գումար՝ համավարակով և ռազմական դրությամբ պայմանավորված՝ պատգամավորներին և աշխատակազմի աշատակիցներին պարգևատրումներ չտալու հաշվին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլյա Սիրականյանը:

«Իմ քայլից» Արտակ Մանուկյանը հետաքրքրվեց, թե որո՞նք են այն ծախսային հոդվածները, որոնցով 2020-ին տնտեսում կամ ավելի քիչ ծախս է իրականացվել:

Սիրականյանը հիշեցրեց, որ 2020-ի բյուջեում երկու անգամ տեղի է ունեցել խոշոր վերանայում: Առաջինը կապված է եղել համավարակի հետ, ինչի արդյունքում ԱԺ աշխատակազմը պահուստային ֆոնդ է վերաբաշխել 503 մլն դրամ: «Ամենամեծ մասնաբաժինը կրում է պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և  հատոկ վճարներ հոդվածը: Գործուղումից է բավականին մեծ գումար վերադարձվել, ինչպես նաև այլ ծախսերից»,- ասաց  նա:

Երկրորդ անգամ վերանայում է կատարվել՝ ռազմական դրությամբ պայմանավորված, 100 մլն 500 հազար դրամ գումար է ետ վերադարձվել պահուստային ֆոնդ: Սա տեղի է ունեցել շենքային պայմանների բարելավման հոդվածից և ԱԺ-ի դերի բարձրացմանն ուղղված միջոցառումների հոդվածից:

«2020 թվականի ընթացիկ կատարման մասով ունենք էլի տնտեսումներ, որոնք այս պահին չեն վերադարձվել պահուստային ֆոնդ: Ամենամեծը պարգևատրման ֆոնդն է: Այստեղ, օրինակ, ունենք շուրջ 252 մլն դրամ չօգտագործված գումար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե համավարակով, թե ռազմական դրությամբ պայմանավորված, ինչպես ԱԺ-ի աշխատակազմի աշխատակիցներին, այնպես էլ պատգամավորներին պարգևատրումներ չեն տրամադրվել»,- ասաց Սիրականյանը: