ՊԵԿ-ը կառուցապատման ոլորտում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նոր դեպք. Տեսանյութ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեում տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի Ուլնեցու փողոցում բազմաբնակարան շենքի կառուցապատման գործունեություն իրականացնող ՍՊ ընկերություններից մեկն առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով թաքցնում է հարկման օբյեկտները` օտարվող բնակարանների գնման իրավունքների պայմանագրերում պակաս են նշվում բնակարանների իրական արժեքները, իսկ գումարի մնացած մասը, խախտելով «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջները՝ ստանում են կանխիկ եղանակով:

Պարզվել է, որ տվյալ ընկերության կողմից Ուլնեցի փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարանների գնման իրավունքների օտարման պայմանագրերում 1 քմ-ի արժեքը նշվել է 407․692-768.492 դրամ, մինչդեռ ըստ ստացված տեղեկությունների՝ 1 քմ-ի իրական արժեքը կազմել է 911.961 ՀՀ դրամ։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, ՍՊ ընկերության անունից հանդես եկող, ընկերության տնօրեն և մասնակից Դ․Ա․-ի հայրը՝ Ս․Ա․-ն, բնակարանի գնորդի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել 104․1 քմ մակերեսով բնակարանը 235․000 ԱՄՆ դոլարով վաճառելու վերաբերյալ: 

Պահանջել է նաև գումարի մի մասը կանխիկ տրամադրել իրեն։ Այնուհետև բնակարանը օտարելու նպատակով, խախտելով ՀՀ դրամով գործարքներ կատարելու՝  «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենսդրական պահանջները,  ընկերության բակում գտնվող գրասենյակային տարածքում, Ս․Ա․-ն բնակարանի գնորդից կանխիկ եղանակով ստացել է 100․000 ԱՄՆ դոլար, որի կապակցությամբ կազմել և գնորդին է տրամադրել ձեռագիր հայտարարություն։ Գումարը ստանալու վերաբերյալ հայտարարությունը գնորդին տրամադրելուց անմիջապես հետո Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից Ս․Ա․-ն և գործարքի կատարմանը ներգրաված Հ․Ա․-ն հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած  հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և բերվել են ՀՕՀ վարչություն։

Առերևույթ հանցանքի վերաբերյալ ՊԵԿ ՀՕՀ վարչությունից  հաղորդում է ուղարկվել  Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն՝ ներկայացնելով նաև ձերբակալված անձանց և կազմված փաստաթղթերը։

Ս․Ա․-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ 2 ամիս ժամկետով։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։