«Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք ստեղծել տևական խաղաղության համար»․ Արա Այվազյան

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ ասել է.

«Այժմ մեր տարածաշրջանն առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների, որոնք ստեղծվել են ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու Ադրբեջանի վտանգավոր փորձի արդյունքում: Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք ստեղծել տևական խաղաղության համար կամ դիտարկվել որպես տարածաշրջանային համագործակցության հնարավորություն

Իրանը տարածաշրջանում կարևոր երկիր է, և մենք հարգում ենք Իրանի մոտեցումները, որով նա կառուցում է իր հարաբերություններն անմիջական հարևանների հետ: Այնուհանդերձ, կուզենայինք մեկ անգամ ևս շեշտել, որ միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը, որտեղ չկան «հաղթողներ և պարտվողներ», այսպես կոչված, «հաղթանակներ կամ պարտություններ», կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման առաջմղման համար»:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։