Փաշինյանն ունի կոմպրոմատներ, և մարդկանց մեծ մասը նրա կողքին է միայն նրա համար, որ այդ կոմպրոմատները չհրապարակվեն․ Անի Սամսոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը 

– Տիկի՛ն Սամսոնյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած կիրակի Հովհաննավանքում մասնակցեց կարգալույծ քահանայի մատուցած պատարագին, այս կիրակի ևս պատրաստվում է գնալ այնտեղ։ Հաշվի առնելով այս ամենը՝ իշխանություն-Եկեղեցի հարաբերություններում ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։

– Փաշինյանի այս գործողություններն ունեն երկու նպատակ․ առաջինն այն է, որ նա կարծում է, թե ինքն այնքան զորեղ է, որ բացի քաղաքական հեղափոխությունից, կարող է նաև երկրում մշակութային ու հոգևոր հեղափոխություն անել։ Քանի որ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խաղաղության պայմանագիրը ենթադրում է նաև որոշակի պահանջներ այդ մասով, այսինքն՝ զիջումներ ոչ միայն մեր տարածքներից, այլ նաև՝ մեր մշակութային ու հոգևոր արժեքներից, այս պարագայում նրա այս նպատակը համընկնում է արտաքին պահանջների հետ։ 

Երկրորդ նպատակն այն է, որ մինչև ընտրություններ կռվի դաշտ է բացում իրենից ավելի զորեղ ուժերի հետ ու փորձի հաղթել, որպեսզի ավելի ուժեղացած հանդես գա ընտրություններին։ 2021-ին այդ զորեղ ուժերը նախկիններն էին, Նիկոլ Փաշինյանը կռիվ էր տալիս ու հաղթում էր, ինչն էլ պատճառ դարձավ, որ վերընտրվեց, հիմա նախկինների այդ ազդեցությունը չունի այդ էֆեկտը, դրա համար էլ ավելի զորեղ ուժեր են պետք, որոնց հետ կռիվ կանի ու կհաղթի, դա Եկեղեցին է։ 

Ամբողջ մեդիաքաղաքականությունը ևս կենտրոնացնում է այս հարցերի շուրջ, որպեսզի այլ հարցերի մասին՝ արտաքին խնդիրներ, տնտեսական, անվտանգային և այլն, օրակարգ չձևավորվի։ Այս պահին Նիկոլ Փաշինյանը պարտված է Եկեղեցու դեմ արշավում, դա մենք տեսանք կեղծ պատարագի օրը, այնտեղ հավաքվել էին ՔՊ համակիրներ, համայնքային ու վարչական ռեսուրսներ կային, այնտեղ հավաքվել էր մասսա, որին դժվար է դասական իմաստով ժողովուրդ համարել, այդ իմաստով նա հանրային աջակցություն չունի, ու դա մենք տեսանք պատարագի ընթացքում։ Հիմա նրանք փորձելու են ամեն ինչ անել, որպեսզի այդ մասսան գնալով մեծանա, որ Փաշինյանը ցույց տա, թե իր օրակարգն աջակցություն ունի։ Բայց սա, ես կարծում եմ, հաջողություն չի գրանցի ու չի գրանցում, որովհետև մարդիկ խոր զզվանքով են դիտում կատարվողը։ 

Այն, ինչ կատարվում է Հայաստանում՝ Եկեղեցու համատեքստում, մեծագույն խայտառակություն է։ Երբ սկսվեց այս կռիվը, մարդիկ կարծում էին, որ Փաշինյանը հեսա գնալու է Էջմիածին, բայց նա հասկանում է, որ այնտեղ գնալը դառնալու է իր քաղաքական գերեզմանը, հատկապես հիմա, երբ այնտեղ ընտրություններ են, դրա համար փորձում է ոչ թե ուղիղ կռիվ տալ Եկեղեցու դեմ Եկեղեցու հողի վրա, այլ փորձում է զուգահեռ եկեղեցական շարժում ձևավորել, որպեսզի Եկեղեցին պառակտվի։ 

– Պառակտում լինելո՞ւ է։

– Այս պահին Եկեղեցին դեռ կարողանում է դիմադրել։ Հիմա հոգևորականների վերաբերյալ ինչ-որ տեսանյութեր են հրապարակում, բայց դա ևս ունենում է հակառակ էֆեկտը՝ չնայած ամեն ինչին։ Եթե եկեղեցականները կարողացան այս անձնական պատերազմն էլ հաղթահարել, ապա կարծում եմ, որ Եկեղեցին կմնա միասնական, իսկ եթե չէ՝ պառակտումն անխուսափելի կլինի։ 

Նիկոլ Փաշինյանն ունի կոմպրոմատներ, որոնց մասին սկզբում խոսում է՝ որպես նախազգուշացում, հետո հրապարակում է դրանք։ Սա շատ տխուր գործելաոճ է, այս ամենից նաև կարելի է եզրակացնել, որ Փաշինյանը կողքի բոլոր մարդկանց կարող է փչացնել, ու այդ մարդկանց մեծ մասը նրա կողքին է միայն նրա համար, որ այդ կոմպրոմատները չհրապարակվեն։ 

– Տիկի՛ն Սամսոնյան, իսկ Փաշինյանը որքա՞ն է շարունակելու Հովհաննավանք պատարագ գնալ։

– Մինչև ընտրություններ, մինչև վերջ գնալու է, նա փորձելու է մինչև ընտրություններ հաղթանակ տանել Կաթողիկոսի նկատմամբ։ Ինչ-որ պահի գալու են Կաթողիկոսին ձերբակալելու, վստահ եմ, մենք դա էլ ենք տեսնելու։ Փաշինյանը մարդ է, որը որևէ մեթոդի առաջ կանգ չի առնում։ Նա բոլորի վրայով անցնելու, միայն թե հասնի իր նպատակին։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am