Ադրբեջանական կողմը կրկին մերժելու է հայկական կողմի առաջարկները. Արցախի հարցով կողմերի դիրքորոշումը չի համընկնում. Արմեն Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը

– Պարո՛ն Վարդանյան, հայկական կողմը խաղաղության պայմանագրի նախագծի իր առաջարկներն է ներկայացրել Ադրբեջանին։ Այս անգամ և՞ս ադրբեջանական կողմը կմերժի այդ առաջարկներն, ի՞նչ եք կարծում։

 – Ադրբեջանական կողմն այս անգամ էլ չի ընդունի հայկական կողմի առաջարկները, այսինքն՝ հիմնական խնդիրը, ըստ իս, կապված է մեկ կետի հետ․ Ադրբեջանն ուզում է ընդհանրապես Ղարաբաղի հարցը փակել, Հայաստանը որևէ կերպ չխառնվի այդ գործերին, իսկ հայկական կողմն էլ ուզում է խաղաղության պայմանագրում համապատասխան կետեր մտցնել, որոնց համաձայն Արցախի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանված կլինեն, ընդ որում՝ դրա համար նաև միջազգային մեխանիզմներ ապահովելով։

Այստեղ է, որ երկու կողմի դիրքորոշումը 180 աստիճանով տարբեր է։ Կարծում եմ, այդ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի, գործընթացը կտապալվի։

– Այսինքն՝ կրկին մերժվելո՞ւ են Հայաստանի իշխանության առաջարկները։

– Այո՛, այդ մասով՝ այո՛։

– Միակ հակադրությունը Արցախի հարցի՞ն է առնչվում, թե՞ նաև «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ են հակադրությունները։

– Կոնկրետ խաղաղության պայմանագրում «Զանգեզուրի միջանցքի» հարցը չի քննարկվում, սա այլ գործընթաց է։ Ֆորմալ առումով Ադրբեջանը Հայաստանի առաջ փաստաթղթավորված նման պահանջ չի դնում, դա արվում է ոչ պաշտոնական մակարդակով, փորձում են հասնել նրան, որ ճնշման միջոցով Հայաստանից կորզեն այդ միջանցքը։

Պայմանագրում խոսվում է կոմունիկացիաների բացման մասին, որը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ է համաձայնեցված, իսկ Հայաստանն այդ առումով խնդիր չունի, պատրաստ է կոմունիկացիաների ապաշրջափակմանը, բայց որ այդ ճանապարհների վերահսկողությունն իրականացվի ՀՀ օրենքների համաձայն։

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ այս փաստաթուղթը փոխանցել են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներին։ Ըստ ձեզ՝ նրանք ինչպե՞ս կարձագանքեն այդ կետերին։

– Մինսկի խմբի արևմտյան համանախագահներն ու, ընդհանրապես, Արևմուտքը մշտապես կողմ են եղել, որ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները կարգավորվեն, կոնֆլիկտը լուծվի։ Ռուսական կողմը միշտ ցանկացել է, որ կոնֆլիկտը չլուծվի, որ Հայաստանի ու Ադրբեջանի վրա ճնշման լծակներ ունենա։

Բայց հիմա իրավիճակ է փոխվել՝ պայմանավորված ուկրաինական պատերազմով, պատերազմից հետո Ռուսաստանը բազմաթիվ ցամաքային ու ծովային ճանապարհներից է զրկվել, ընդհանրապես Արևմուտքի հետ հարաբերությունները զրոյացվել են, ու նրան նոր ճանապարհներ են պետք, ու այս առումով նրան պետք է «Զանգեզուրի միջանցքը»։ Նրան պետք է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները կարգավորվեն , որպեսզի ինքը այս երկրների տարածքով մուտք գործի Թուրքիա։

Բայց նրանք նաև ուզում են, որ այդ պայմանագիրը վերջնականապես չերաշխավորի կոնֆլիկտի լուծումը, այլ այն սառեցվի, ու երբ պետք լինի՝ կապասառեցնեն: Բայց այսօր ռուսական կողմին պետք է, որ կոմունիկացիաները բացվեն։

Բայց հայտնի է նաև, որ ռուսական կողմը ևս պայմանագրի իր տարբերակն էր առաջարկել, որով առաջարկվում էր, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է լուծվի ապագայում, ինչին կտրականապես դեմ է Ադրբեջանը։ Ռուսաստանը պետք է կարողանա Ադրբեջանին այս հարցում համոզել, որ այդ պայմանագիրը ստորագրվի։

Երեկ Լավրովի ներկայացուցիչը՝ Խովաևը, Բաքվում էր, ու ես կարծում եմ, որ իրենք փորձում են Ադրբեջանին համոզել, որ այս հարցում զիջումների գնա, բայց, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը տեղի չի տալիս այդ ճնշումներին, ու, ըստ էության, հարցը փակուղում է, ու ինչ-որ մի փուլում այս գործընթացը կձախողվի։

– Պարո՛ն Վարդանյան, ըստ ձեզ՝ հայկական կողմի առաջարկները հիմնված են ռուսակա՞ն կողմի առաջարկների վրա։

– Ընդհանուր առմամբ՝ այո՛։ Կրկնում եմ՝ բոլոր հարցերի շուրջ կա ընդհանուր փոխըմբռնում, գլխավոր հարցը Արցախի կարգավիճակի հարցն է, որի շուրջ չկա համաձայնություն։

– Փաստորեն, իրատեսական չե՞ք համարում, որ այդ պայմանագիրն ի վերջո կկնքվի։

– Այո՛, իրատեսական չեմ համարում ու, կարծում եմ՝ կձախողվի, ու ինչ-որ փուլում այս փոխադարձ փաստաթղթեր ներկայացնելու գործընթացը կդադարի։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am