Արտյոմ Խաչատրյան. «Հաշվետու» խելագարը

Մհեր Արշակյան

Արտյոմ Խաչատրյան անունով մեկը, որը վիրավորել է Քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանին և նրա նորածին բալիկին, գուցե բոլոր չափանիշներով հոգեկան խիստ անառողջ աշխարհ ունի: Հետևաբար նրանով պետք է զբաղվեն հոգեբույժները: 

Նախկինում այս մարդը կեղծանուն ուներ՝ Շիզոլինի: Կարծում եմ ամեն ինչ ասված է: Պարզ է, որ գրել նրա արարքի մասին՝ նշանակում է կարևորություն տալ նրա անձին: Սակայն ինչու է այս մարդը խփնված և ոչ ուղղակի հոգեկան հիվանդ: Որովհետև հաշիվ է տալիս իր արարքների համար, ինչպես 2008-ի փետրվարին, երբ իր քաղաքական կուռքը՝ Ռոբերտ Քոչարյանը, մարտի 1 էր ծրագրում, ինքը արգելափակել էր Լևոն Տեր-Պետրոսյանի տունը, և այդ «ակցիան» լայնորեն լուսաբանվում էր քոչարյանա-սարգսյանական մամուլում: 

Ես խնդիր չեմ տեսնում, որ մի ամբողջ ազգ հանգիստ թողնի Արտյոմ Խաչատրյանին: Բայց հարցը նրան մերժելը չէ: Հարցը նրան տրվելիք շանսը չէ, որը նա ունեցել է: Այս նախկին մանուկը, անհերքելի ծնունդը, որին այլևս հետ ուղարկել չես կարող, որի գոյության վրա աչք փակել չես կարող, իրեն հաշիվ է տալիս, թե ինչ է անում: 

Նա վիրավորում է հենց նոր մայրացած կնոջը և նրա դստերը, որը հակադարձել չի կարող: Սա արդեն ատելության խոսք չէ, խելագարի հիշատակարան չէ: Որովհետև այս մարդը իրեն հաշիվ է տալիս: 

Եզակի անմեղսունակ, որն իրեն հաշիվ է տալիս: Նրան ուղղակի մերժելը, մի կողմ «նետելը», որը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խորհուրդն է, հարց չի լուծի: Արտյոմ Խաչատրյանը Ֆեյսբուքի իր անձնական էջում վիրավորել է մայրացած կնոջը հենց մայրանալու առիթով, ավելին, ոգևորված է, որ «ռևազյան տաթևիկը աղջիկ է լույս աշխարհ բերել, ոչ թե տղա»: 

Այս մարդը վտանգավոր է, նույնիսկ եթե չի կծում: Վտանգավոր է, որովհետև համախոհներ ունի: Նա վիրավորում է, որպեսզի մյուսները տեսնեն, որ կարելի է անպատիժ վիրավորել, աղջիկ երեխային ստորադասում է տղա երեխայից, որպեսզի իգական պտուղից ազատվողների սիրտը հովանա, նա զգոն է պահում նրանց բնազդները, որոնք դեռ հրաժարվելու են աղջիկ երեխայից: 

Արտյոմ Խաչատրյանը վտանգավոր է Հայաստանի Հանրապետության համար: Տաթևիկի և նրա բալիկի մասին նա գրում է այնպես, որպեսզի նրանք, ովքեր ատում են նոր իշխանություններին, հասկանան, որ նրանցից ազատվելու իրենց հույսերը ջրողներ կան: Արտյոմ Խաչատրյանն ասում է՝ ես ավազ չեմ, այլ հող, նոր իշխանության հանդեպ ձեր ատելության սերմը իմ մեջ ակտիվորեն ծիլ կտա ու կծաղկի: 

Ու ես շատ կզարմանամ, եթե այս մարդը կին ունենա, ու այդ կինը տան կահ-կարասին նրա գլխին չջարդի: Որովհետև ա՛յ …, ինչ-որ մեկն էլ քո սիրելի կնոջն է աղջիկ ծնել, բացառված չէ, որ քույր կունենաս, մայր որ հաստատ ունեցել ես: 

Ես չէի ցանկանա, որ այս մարդուն բանտում փակեն, որովհետև, նորից եմ ասում՝ գուցե պարզվի, որ հին մի հավակնության անբավարարվածության արդյունքում մանիակալ ինչ-որ շեղումներ է ձեռք բերել, որոնց արդյունքը իր երեկվա գրառումն էր Տաթևիկ Ռևազյանի և նրա նորածին դստեր հասցեին: 

Որովհետև, ընդհանրապես,- և սա միայն Արտյոմ Խաչատրյանին չի ուղղված, քանզի սրա «հաշվետու անադեկվատությունը» դեռ պետք է պարզվի,- ձեզ ի՞նչ, թե ով է ինչ-որ մեկի հայրը, ինչ-որ մեկի մայրը, եթե նրա երջանկության պլանները ձեզ դժբախտացնելու մղումներով չեն գծվել: 

Վեր ընկեք ձեր տեղը և նրանց թույլ տվեք ինքնուրույն որոշել, թե ինչպես ձեր չափ սիրել այս կյանքը:

Եվ ժամանակը չէ՞, որ իշխանությունը մի քիչ հետևողական լինի «ատելության խոսքի» դեմ իր հռչակած պայքարում։ Մի անգամ գոնե զբաղվի նրանցով, ովքեր թքած ունեն «սիրո և հանդուրժողականության» վրա՝ վստահ լինելով, որ դա իրենց չի վերաբերում։ Արտյոմ Խաչատրյանը առաջին անգամ չի անցնում սահմանը։ 

Նա շատերին է վիրավորել ամենախայտառակ բառերով, կեղծ ֆանտաստիկ լուրերով,  երկար տարիներ կայք է պահել դրա համար։ 

Եվ եթե մարդուն չեք փակում հոգեբուժարանում, ուրեմն օրենքի ամբողջ հնարավորություններով զբաղվեք նրանով։ Քանզի եթե խելագար չէ, կարող է նույնիսկ իր նման անադեկվատների մեծ բանակ հավաքել անպատժելիությամբ։

Մհեր Արշակյան

MediaLab.am