Շառլ Միշելը բանակցել է Պուտինի և Զելենսկիի հետ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն այսօր՝ մարտի 7-ին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Մենք քննարկել ենք միջուկային օբյեկտներին սպառնացող վտանգը, քաղաքացիական և կարևոր ենթակառուցվածքների հրթիռակոծումը: Մենք պետք է դադարեցնենք այն: Ես անդրադարձել եմ նաև ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցին: Ուկրաինայի ժողովուրդն արժանի է դրան»,- Twitter-ում բանակցությունների մասին գրել է Զելենսկին:

Շառլ Միշելն իր հերթին Զելենսկիի հետ բանակցությունների մասին Թվիթերում գրել է, որ ԵՄ-ն հաստատակամորեն Ուկրաինայի կողքին է՝ ռուսական ագրեսիայի հետևանքով առաջացած մարդասիրական տառապանքը մեղմելու և միջուկային անվտանգությունն ապահովելու ջանքերում։

«Համերաշխությունը, բարեկամությունը և Եվրամիության աննախադեպ օգնությունն Ուկրաինային անսասան են, մոտ օրերս մենք կքննարկենք Ուկրաինայի անդամակցության դիմումը»,- հավելել է նա։

Ինչ վերաբերում է Պուտինի հետ բանակցություններին, Եվրական խորհրդի ղեկավարը նշել է, որ ԵՄ-ն «ամենախիստ կերպով դատապարտում է ռուսական ագրեսիան Ուկրաինայի դեմ»։

«Ես կոչ եմ արել Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և ապահովել հումանիտար անվտանգ անցում և օգնության հասանելիություն: Ընդգծել եմ Ուկրաինայում ռազմական գործողությունների պայմաններում միջուկային օբյեկտների անվտանգությունն ու պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությունը: Պայմանավորվել ենք շարունակել հետագա շփումներ»,- հայտնել է եվրոպացի պաշտոնյան։

Աղբյուր՝ Factor.am