«Անթալիայի դիվանագիտական ֆորումը Թուրքիայի կազմակերպած շոուներից է, Հայաստանին հրավիրելն էլ՝ դրա մի մասը». Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարո՛ն Սաֆրաստյան, Նիկոլ Փաշինյանն երեկ առցանց ասուլիսի ժամանակ, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ասել է, որ Հայաստանը երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել և որ երբեք Հայաստան-Թուրքիա սահմանը կասկածի տակ չի առել։ Ձեր մեկնաբանությունը կխնդրեմ այս մասով։

– ՀՀ վարչապետի ասածները չեմ մեկնաբանում, որովհետև ես ոչ քաղաքական գործիչ եմ, ոչ էլ մասնագետ եմ Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության բնագավառում, ես Թուրքիայով եմ զբաղվում։

– Բայց այդ պահանջների մասով Հայաստանն ի՞նչ դիրքորոշում է ունեցել։

– Հայաստանի դիրքորոշումը ես չգիտեմ, բայց կարող եմ Թուրքիայի դիրքորոշումն ասել, որ, այո՛, Թուրքիան բանակցություններից առաջ հրաժարվեց, այսպես ասած, պահանջներից, բայց ես համոզված եմ, որ այդ պահանջները քննարկման կդրվեն բանակցությունների ընթացքում արդեն որպես քննարկման խնդիրներ։

Վստահ եմ, որ այդ հարցերը Թուրքիան արդեն կդնի քննարկման, ու այդտեղ մնում է, որ մեր ներկայացուցիչը կարողանա հստակ դիրքորոշում արտահայտել ու ընդգծել, որ այդ հարցերում զիջումների չենք գնալու։

– Պարո՛ն Սաֆրաստյան, հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումից որոշ ժամանակ հետո միայն Թուրքիան պաշտոնական դիրքորոշում արտահայտեց։ Կմանրամասնե՞ք, թե Թուրքիայում ինչ գնահատականներ ու ակնկալիքներ կան։

– Թուրքիան այդ հանդիպման արդյունքը քննարկեց հենց կառավարության նիստում: Նախապես հայտարարվել էր, որ նիստից հետո հայտարարությամբ հանդես կգա նախագահ Էրդողանը, բայց Չավուշօղլուն հանդես եկավ: 

Մի կողմից նրանք դրական են գնահատում առաջին հանդիպումը, բայց մյուս կողմից էլ՝ Չավուշօղլուի այն արտահայտությունը, որ իրենց նպատակն է լիովին կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, նշանակում է հենց այն, ինչը ես ասացի, որ նրանք քննարկման կդնեն և՛ Ցեղասպանության հարցը, և՛ մնացած բոլոր հարցերը, որ մենք գիտենք որպես նախապայմաններ, իսկ մամուլի արձագանքներն այս անգամ, եթե համեմատենք հարաբերությունների կարգավորման նախորդ երեք փորձերի հետ, այս չորրորդի ժամանակ մամուլի հետաքրքրությունն ավելի քիչ է։

– Ինչո՞վ եք դա բացատրում։

– Որովհետև հիմա Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերություններն ավելի փոքր նշանակություն ունեն, քան առաջ էր։ Թուրքիայի քաղաքականությունը դարձել է շատ բազմավեկտոր, տարբեր տարածաշրջաններում տարբեր խաղեր է խաղում։ Երկրորդ՝ ես նկատել եմ, որ Չավուշօղլուի և Էրդողանի հայտարարություններում հայ-թուրքական հարաբերությունները քննարկվում են տարածաշրջանային զարգացումների տեսանկյունից, այսինքն՝ նրանք դրան նայում են ավելի լայն առումով:

Մեր տարածաշրջանում Թուրքիան այս պատերազմից հետո, որ ինքը հրահրեց ու ղեկավարեց, շարունակում է իր հիմնական նպատակը իրականացնել, որը հետևյալն է՝ դարձնել այս տարածաշրջանը Թուրքիայի ազդեցության ոլորտ: Այդ տեսանկյունից են նրանք նայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, ու այդ նպատակին է ծառայում նրանց 3+3 նախաձեռնությունը։

– Ստացվում է, որ Հայաստանը Թուրքիայի համար առաջնահերթություն դարձել է տարածաշրջանային զարգացումների համատեքստո՞ւմ։

– Այո՛, այս դեպքում, նախորդ անգամներն ավելի մեծ նշանակություն ունեին, իսկ հիմա իր քաղաքականությունն ավելի բազմավեկտոր ու ագրեսիվ է դարձել, տարբեր նպատակներ է հետապնդում, որտեղ Հայաստանն ունի իր տեղը, բայց չունի այդպիսի մեծ նշանակություն, ինչպես առաջ։

– Պարո՛ն Սաֆրաստյան, իսկ Թուրքիայի այդ բազմավեկտոր քաղաքականության իրականացմանը խոչընդոտողներ չկա՞ն։

– Իհարկե կան։ Դա տեսնում ենք, օրինակ՝ հենց ռուս-թուրքական հարաբերություններում։ Մինչև վերջերս ականատես էինք լինում, որ այդ երկրները փորձ էին անում համագործակցել, ինչը բոլոր դեպքերում հաջողվում էր, բայց տեսանք, որ Ուկրաինայի հետ կապված հարաբերությունները բավականին սառել են, մասնավորապես Էրդողանի այն առաջարկը, որ ինքը միջնորդի դեր խաղա Պուտինի ու Զելենսկու հանդիպումը կազմակերպելու հարցում, Պեսկովի կողմից շատ սառը արձագանքի արժանացավ։ Այնպես որ, Ռուսաստանն արդեն քննադատում է Թուրքիային այդ «Բայրաքթարների» վաճառքի համար։ Մյուս կողմից էլ, իհարկե, Թուրքիայի քաղաքականությունը, եթե վերցնենք, օրինակ՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածում, Թուրքիան բախման մեջ մտավ ՆԱՏՕ-ի դաշնակիցներից մի քանիսի, մասնավորապես՝ Ֆրանսիայի հետ:

Պարզ է, որ Հունաստանի հետ էլ Թուրքիայի հարաբերությունները լավ չեն, դեպքեր կան, որ նաև Ամերիկայի հետ են բավական վատ հարաբերություններ ունենում։ Սակայն չպետք է մոռանալ, որ Թուրքիան, այնուամենայնիվ, իր դաշնակիցների հետ հարաբերությունները փչացնում է, բայց նրա նշանակությունն այդ արևմտյան երկրների համար այնքան մեծ է, որ նրանք շատ բաների վրա աչք են փակում՝ հաշվի առնելով Թուրքիայի աշխարհաքաղաքական ու աշխարհագրական դիրքը։

Այնպես որ, Թուրքիային հաջողվում է, այսպես ասած, շատ դեպքերում ջրից չոր դուրս գալ։ Բացի այս, պետք է նշել, որ Էրդողանը բավական հաշվենկատ քաղաքականություն է վարում և որքան էլ սրում է հարաբերությունները, այնուամենայնիվ, կարմիր գծերը չի հատում։

– Թուրքիան Հայաստանին հրավիրել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին, Նիկոլ Փաշինյանն էլ հնարավոր համարեց, որ առաջարկը չեն մերժի։ Կխնդրեմ ասեք՝ ի՞նչ է իրենից ներկայացնում այդ ֆորումը, ու Հայաստանին դրան մասնակցելն ի՞նչ է տալու։

– Դա Թուրքիայի կազմակերպած հերթական շոուներից է։ Թուրքիայի համար հիմա շատ կարևոր է աշխարհում բարձրացնել իր հեղինակությունը ու դրա համար էլ այդպիսի բաներ է կազմակերպում։ Այդ Անթալիայի դիվանագիտական ֆորումը շոուներից մեկն է, և չեմ կարծում, թե իրական լուրջ հարցեր կքննարկվեն։

Հայաստանին որ հրավիրում են, այդ շոուի մի մասն է կազմում, որովհետև դա իրենից ոչինչ չի ներկայացնում, ուղղակի այնտեղ պետք է արտգործնախարարները, այսպես ասած, երևան։ Հայաստանին հրավիրելով՝ ժեստ են անում, ցույց են տալիս, թե տեսեք՝ ուզում ենք հարաբերությունները կարգավորել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am