10 մեքենա ու մոտոցիկլետ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք․ ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում. Տեսանյութ

Մայիսի 2-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և առաջին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։
Արդյունքում՝ տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց մեկ տասնյակ մեքենա և մոտոցիկլետ։

Հայտնաբերվեցին նաև 12 տրանսպորտային միջոցների վարորդներ, որոնց մեքենաները չունեին ԱՊՊԱ պայմանագիր, իսկ մի մեքենայի վարորդ երթևեկում էր փոխարինված տրանզիտ համարանիշով։

2 վարորդ երթևեկում էին ժամկետանց համարանիշով, 2 մեքենայի առջևի հողմապակին թույլատրելիից մուգ էր, ևս 2 մեքենայի խլացուցիչ վերասարքավորված էր բարձր ձայնով երթևեկելու համար։
Ճանապարհային ոստիկանների ուշադրության կենտրոնում էին նաև միտումնավոր խախտումներ կատարող, բարձր ձայնով և արագությամբ երթևեկող մոտոցիկլիստները։

Հայտնաբերվեց 2 մոտոցիկլետ, որոնք առանց համարանիշի էին։
Հայտնաբերված բոլոր խախտումներով կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Հարգելի՛ վարորդներ, կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակական են։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: