Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նամակ է հղել Սերժ Սարգսյանին, որում, մասնավորապես, շնորհակալություն հայտնել «այն բացառիկ ընդունելության համար», որը ցուցաբերվել է իր Հայաստան պետական այցի ընթացքում:
«Իմ պետական այցից նախևառաջ մնացել է այն խորը հուզմունքի զգացումը, որն ապրեցի Ցեղասպանության հուշահամալիրի մոտ` 1915 թ. ապրիլի 24-ին Ձեր ժողովրդի դեմ իրագործված մահավճռի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելիս: Վստահ եղեք, որ Ֆրանսիան չի դադարեցնի իր հանձնառությունն այնքան ժամանակ, քանի դեռ այդ ջարդերը հարկ եղածին պես չեն ճանաչվել իրականացնողների ժառանգների կողմից:
Ես երջանիկ եմ, որ այցն ինձ հնարավորություն ընձեռեց հայ ժողովրդին վկայելու Ֆրանսիայի անկեղծ երախտագիտությունն այն ամենի համար, ինչը մեր երկրում ապաստան գտած Ցեղասպանությունից մազապուրծ եղածները տվել են Ֆրանսիային` նպաստելով Ֆրանսիայի դիմագծի կերտմանը` մինչևիսկ միաձուլվելով նրան»,- իր նամակում գրել է Նիկոլա Սարկոզին:
Ֆրանսիայի նախագահը նաեւ վստահություն է հայտնել, որ Ֆրանսիան անշեղորեն Հայաստանի կողքին է` Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները դիմագրավելու և, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության` բանակցությունների միջոցով կարգավորման ճանապարհին:
«Ձեր երկրի համար ճակատագրական պահերին, Դուք կարողացել եք ապացուցել Ձեր խիզախությունն ու պատասխանատվության զգացումը, որոնք հիացմունքի են արժանի: Ես չեմ կասկածում, որ հարկ եղած պահին, Դուք ի զորու կլինեք ստանձնել խաղաղության ռիսկը` հանուն Ձեր երկրի և տարածաշրջանի բարօրության` դրանով թողնելով Ձեր դրոշմը Հայաստանի ապագայի վրա: Այժմ մենք պետք է որոշակիացնենք մեր հանդիպումների ժամանակ ուղենշված հեռանկարները, որպեսզի իրականացվեն ծրագրեր, որոնք կնպաստեն մեր երկու երկրների միջև բարեկամության առավել ամրապնդմանը: Հավատացած եղեք, որ Ֆրանսիան ի սրտե և անվերապահ կաշխատի դրանց իրագործման համար»,- գրել է Նիկոլա Սարկոզին:
© Medialab.am
19.10.2011