«Իմ որդու գործը ամբողջովին բացահայտված է, մնում է, հայտարարեն, սպանողը ներքին զորքերում ոստիկան էր, ենթասպա». Սարգիս Քլոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Մարտի մեկին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։

– Պարո՛ն Քլոյան, Մարտի մեկի զոհերից Զաքար Հովհաննիսյանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել նախկին բարձրաստիճան ոստիկանի՝ ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին։ Ձեզ համար սպասելի՞ էր այս ձերբակալությունը, և արդյոք այն կարո՞ղ է մյուս սպանությունների բացահայտման վրա նոր լույս սփռել։

– Շատ շուտով լավ նորություններ կլսենք։ Ես համոզված եմ, որ հաջորդիվ կձերբակալվեն է՛լ ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Բացահայտման ուղղությամբ աշխատանք է գնում, վարչապետն էլ ասաց՝ պետք է Մարտի մեկի բոլոր սպանությունները բացահայտվեն։ Եվ ես վստահ եմ, որ ամբողջովին կբացահայտվի, մեղավորները պատժվելու են։

– Այսինքն՝ սա կարո՞ղ է շղթայական էֆեկտ ունենալ։

– Ես այդպես եմ կարծում։ Փաստաբան Սեդա Սաֆարյանը հայտարարեց, որ փաստահավաք խմբում ժամանակին հարցեր են ուղղել Գեղամ Պետրոսյանին, նա ասել է՝ ես ընդամենը հրաման եմ կատարել։ Եվ ասել է, որ հրամանը անմիջապես ես եմ տվել։ Դե, հիմա ինքը ձերբակալված է, թող ասի, թե իրեն ո՞վ է հրաման տվել, իր վերադասն ո՞վ է։

– Սա ի՛նչ է փաստում, կարո՞ղ ենք ասել, որ նախկինում այս գործերը չբացահայտելու քաղաքական հրահանգ է եղել։

– Հենց դա էլ իրենց սխալն է եղել, պետք է ժամանակին բացահայտեին։ Սերժ Սարգսյանը 10 տարի ղեկավարում էր, նա կարող էր այդ ընթացքում բացահայտել Մարտի մեկը, և հիմա Քոչարյանը մեղադրյալի աթոռին չէր լինի։ Այսինքն՝ եթե գլոբալ վերցնենք, այո՛, նա է մեղավոր, քանի որ նա է եղել գերագույն գլխավոր հրամանատարը, բայց Սերժ Սարգսյանը կարող էր ծածկադմփոց անել, մի քանի զինվորականի դատեր, և Քոչարյանը հիմա մեղադրյալ չէր լինի։ Բա 10 տարի Սերժ Սարգսյանն ինչո՞վ էր զբաղված։

– Կխնդրեի մանրամասնեիք՝ կոնկրետ այս ձերբակալությունից հետո ի՞նչ շանսեր կան, որ ձեր որդու սպանությունն էլ կբացահայտվի։ Դուք ի՞նչ տեղեկատվություն ունեք։

– Իմ որդու գործը ամբողջովին բացահայտված է, մնում է, որ հայտարարեն։ Սեդա Սաֆարյանն էլ ասաց՝ «Չերյոմուխայից» երեք զոհ ունենք, երեք զոհի դեպքում էլ պատրաստ են հայտարարել, թե ովքեր են սպանողները։ Ոչ մի պրոբլեմ չկա, ուղղակի չեմ հասկանում, թե ինչու չեն հայտարարում։ Ժամանակը կգա, այսօր, վաղը-մյուս օրը կլսեք, թե ովքեր են սպանողները։ Ես գրավոր գրել եմ, թե ովքեր են սպանողները, անուն-ազգանունով ու հասցեով։

– Ո՞ւմ եք ներկայացրել այդ տվյալները, քննչական մարմինների՞ն։

– Այո՛, քննչական մարմիններին գրել եմ, թե ով է սպանել Տիգրան Խաչատրյանին, ով է անմիջապես հրաման տվել, ով է անմիջապես կրակել, քանի մետր հեռավորությունից են կրակել։ Տեղեկություն եմ տվել, թե որ մասում է զոհվել իմ տղան, ես իմ տղայի արյան լճակի վրա եմ կանգնած եղել, քննիչի հետ եկել-տեսել են։ Գնացել ենք երրորդ հիվանդանոց, որտեղ Զաքար Հովհաննիսյանը արդեն հիվանդանոցի մորգում էր, Համլետ Թադևոսյանը և իմ տղան ևս մորգում էին։

Փաստահավաք խումբը՝ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը, հարցաքննել են մարդուն, ասել են՝ ձեր կրակոցից զոհվել է Գոռ Քլոյանը։ Այդ կրակողը պատասխանել է՝ ես կրակել եմ ձկան խանութի մոստի բորդյուրին։ Բայց նա կրակել եմ իմ տղայի փորին՝ գլխավոր զարկերակի վրա, զարկերակը միանգամից կտրվել է, արյունը միանգամից դատարկվել է։

– Այսինքն՝ ձեր տղայի վրա կրակողը ևս ուժային կառույցի ներկայացուցի՞չ է։

– Այո՛, ներքին զորքերում ոստիկան էր, ենթասպա։ Բայց այդ ոստիկանն ասում է՝ ես կրակել եմ բորդյուրին, բայց իմ տղան ընկել է այդ բորդյուրի կողքին։ Ես գնացել, մանրամասն ուսումնասիրել եմ բորդյուրը, ոչ մի փոս ու վնասվածք չկա, ջարդված ու ճաքած տեղ չունի։ Այնինչ, եթե դու կրակել ես բորդյուրին, այդ բորդյուրը պետք է վնասված լիներ։ Պարկուճն ինձ հանել ու ցույց է տվել բժիշկը, քննիչը հաստատել է, որ այդ պարկուճն իմ տղայի փորի միջից են հանել։ Գազային նռնակ է, դնում ու կրակում են։ Եթե դա բացվեր, կյանքին վտանգ չէր լինի։

Ես այդ տեղեկությունները Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին էլ եմ փոխանցել իրավապահներին, նաև այս վերջերս մեր Խաչատրյանին եմ ներկայացրել։ Խաչատրյանն ինձ ասել է՝ մի՛ շտապիր, ամեն ինչ իր տեղը կընկնի, միգուցե նա չէ, ուրիշ մեկն է կրակել։ Ես զգացի, որ չի ուզում, որ հիմա սպանողների անունը տանք, բայց շուտով կհայտարարեն սպանողների անունները։

– Նկատի ունեք ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՞ն։

– Այո՛, Սասուն Խաչատրյանի մասին է խոսքը։ Նա ինձ ասաց՝ մի՛ շտապիր, ամեն ինչ լավ է լինելու։ Ես էլ եմ հավատում, որ ամեն ինչ լավ կլինի։ Դուք արդեն տեղյակ եք, որ Գեղամ Պետրոսյանը ցուցմունք է տվել, Սեդա Սաֆարյանի փոխանցմամբ՝ նա ցուցմունքում նշել է, որ Վահագն Հարությունյանի հետ պայմանավորվածություն է եղել պարկուճները փոխելու հարցում։ Ցուցմունք է տվել, որ Ղարաբաղից զորքը եկել է։ Գեղամ Պետրոսյանը նաև խոստովանել է՝ այո՛, հրամանը ես եմ տվել, որ սպանել են Զաքար Հովհաննիսյանին։

– Այսինքն՝ նա այլ ինֆորմացիա՞ էլ կարող է հայտնել։

– Իհարկե, նա արդեն մարդկանց անուններ է տալիս։ Շուտով ամեն ինչ կընկնի իր տեղը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am