Վարչապետը չի խախտել Հրայր Թովմասյանի անմեղության կանխավարկածը. Բադասյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի խախտել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի անմեղության կանխավարկածը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, փետրվարի 1-ին այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 23-ին Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ իր ելույթում, արդյոք, չի՞ խախտել Թովմասյանի անմեղության կանխավարկածը, դրա մասին է խոսել նաև Թովմասյանի պաշտպանը, Բադասյանը պատասխանեց.

«Ոչ, ես հետևել եմ վարչապետի՝ Կապանում ունեցած ելույթին, ինքը հղում է կատարել մեղադրանքին և հետո մեղադրանքի բովանդակությանը»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց, որ Սահմանադրական դատարանը օկուպացվել է Հրայր Թովմասյանի ու մի խումբ անձանց կողմից, իսկ հունվարի 27-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ընթացքում հայտնեց, որ անառարկելի փաստ է այն, որ Հրայր Թովմասյանն Ազգային ժողովում ՍԴ նախագահ է ընտրվել կեղծիքի միջոցով:

ՀՀ ՍԴ նախագահն անցնում է մի քանի քրեական գործով՝ որպես մեղադրյալ: Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծվել է լարված իրավիճակ, որին լուծում տալու նպատակով Հայաստանում ընդունվել էր Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքը: Դրանով նախատեսվում էր, որ, եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ։ Սակայն ՍԴ դատավորներից ոչ մեկը առ այսօր հրաժարական չի տվել։