Ալեքսանդր Քանանյանի առողջության և Արցախի ապագայի նկատմամբ անտարբերությունը դատապարտելի է. «Սասնա ծռեր»

Շուտով կլրանա երկրորդ շաբաթը, որ Քարվաճառի բնակիչ, եզակի մտավորական, քաղաքագետ և ազգային-հասարակական գործիչ Ալեքսանդր Քանանյանը հացադուլ է անում՝ ընդդեմ Արցախն անապատացնող ապօրինի հէկ-աշինության։

Արցախում ապօրինի հէկ-աշինությունը չափ ու սահման չի ճանաչում և դրա շահառուները գործում են ամեն ինչ խժռելու գիշատչական բնազդով։
Արցախի փոքրիկ տարածքում արդեն ավելի քան 160 կմ երկարությամբ գետեր առնվել են խողովակների մեջ։ Որոշ տեղերում չեն խորշում զավթել նույնիսկ աղբյուրների ջուրը։

Մինչդեռ ՀՀ իշխանությունները ոչ մի քայլ չեն ձեռնարկում այս աղետը կանխելու ուղղությամբ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս՝ Ալեքսանդր Քանանյանի հացադուլի ընթացքում, այցելեց Քարվաճառ, Ստեփանակերտի ռեժիմի պարագլուխ Բակո Սահակյանի և քրեաօլիգարխիայի այլ ներկայացուցիչների հետ միասին մասնակցեց զինծառայողների բնակարանամուտի արարողությանը, սակայն չբարեհաճեց այցելել հացադուլավորին և նրա պահանջներին միացած և դասադուլ անող աշակերտներին ու բողոքող քաղաքացիներին։
Նիկոլ Փաշինյանը նաև չնկատեց, որ իր այցելության ընթացքում մի քանի ժամով վերականգնվեց խողովակի մեջ առնված Լև գետի հոսքը՝ իրեն խաբելու նպատակով։

ՀՀ իշխանություններն անտեսում են նաև Քարվաճառից եկող ահազանգերն այն մասին, որ Բակո Սահակյանը և ամբողջ ստեփանակերտյան ռեժիմը փորձում են ամենաստոր մեթոդներով և ահաբեկչական գործելաոճով ճնշել նույնիսկ դպրոցականներին և ստիպել, որպեսզի նրանք հրաժարվեն իրենց պահանջներից։

Դատապարտում ենք Ալեքսանդր Քանանյանի առողջության և Արցախի անապատացման նկատմամբ ՀՀ իշխանության անտարբերությունը և հորդորում ենք գործուն քայլեր ձեռնարկել Քարվաճառում ստեփանակերտյան քրեաօլիգարխիկ ռեժիմի ահաբեկչական կամայականությունը սանձելու և ապօրինի հէկ-աշինությունը դադարեցնելու ուղղությամբ։

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն