2021-ի ընթացքում կանխարգելվել է 327 երեխայի՝ մանկատներ և հատուկ ուսումնական հաստատություններ հայտնվելու ռիսկը․ նախարարություն

Կարևորելով երեխայի՝ ընտանիքում խնամք և դաստիարակություն ստանալու իրավունքի ապահովումն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է աշխատանքներ իրականացնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին ընտանիքների հետ վերամիավորելու և խնամքի հաստատություններ հայտնվելու ռիսկը կանխարգելելու ուղղությամբ։

Հասարակական կազմակերպություններին պատվիրակված ծառայությունների շրջանակում՝ 2021 թվականի ընթացքում կանխարգելվել է 327 երեխայի՝ պետական մանկատներ և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ հայտնվելու ռիսկը։

Անհրաժեշտ աշխատանքները կազմակերպվել են «ՀՀ երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող և հաստատությունում հայտնվելու ռիսկի խմբում գտնվող երեխաների ընտանիք վերադարձնելու և մուտքը հաստատություններ կանխարգելելու ծառայություններ» և «Կենսաբանական ընտանիք տեղափոխված և հաստատություն մուտքը կանխարգելված երեխաների ընտանիքների բնաիրային օգնության փաթեթի տրամադրում» ծրագրերի շրջանակում։

Ըստ այդմ, իրականացվել է երեխաների կարիքների խորքային գնահատում, վերամիավորված երեխաների ընտանիքների հզորացման ծրագրի մշակում, ներառյալ՝ կենսապայմանների բարելավմանն ուղղված աշխատանքներ, ծնողավարման  և կենցաղավարման հմտությունների բարձրացման դասընթացներ, սեփական եկամտի ստեղծմանն ուղղված խորհրդատվություն և այլն։ Տարվել է սոցիալական աշխատանք ընտանիքի, համայնքի, շահեկից կառույցների հետ, տրամադրվել առողջապահական, սոցիալական և կրթական հարցերի շուրջ իրավաբանական խորհրդատվական աջակցություն։

«Կենսաբանական ընտանիք տեղափոխված և հաստատություն մուտքը կանխարգելված երեխաների ընտանիքների բնաիրային օգնության փաթեթի տրամադրում» ծրագրի շրջանակում երեխաների ընտանիքներին տրամադրվել է բնաիրային օգնության փաթեթ, հագուստ, գրենական պիտույքներ և դասագրքեր, փոխհատուցվել են նաև էներգետիկ ծառայությունների վճարները։

Այդ մասին հայտնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։