Հայ-ադրբեջանական փակուղի՞. միջազգային ծրագրերով «ընկերություն-ծանոթություն» ունեցող երիտասարդները` «հետոյի» մասին

Հայ-ադրբեջանական փակուղի՞. միջազգային ծրագրերով «ընկերություն-ծանոթություն» ունեցող երիտասարդները` «հետոյի» մասին
Հայ-ադրբեջանական փակուղի՞. միջազգային ծրագրերով «ընկերություն-ծանոթություն» ունեցող երիտասարդները` «հետոյի» մասին

Ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի` հայրենիք վերադառնալու և հերոսի դափնիներ ստանալու հետ մեկտեղ, հայ-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունը վերջին զարգացումների ֆոնին դժվարին իրավիճակ են ստեղծել այն մարդկանց համար, ովքեր տարբեր կազմակերպությունների խաղաղասիրական տարաբնույթ ծրագրերով ծանոթներ և ընկերներ են ձեռք բերել սահմանից այն կողմ ապրող թշնամի երկրի գործընկերների հետ:
«Ցավալի է, որ նման բան տեղի ունեցավ,- ասում է մասնագիտությամբ լեզվաբան 28-ամյա Նազելի Կիրակոսյանը: – Ադրբեջանցի ծանոթ-ընկերներիցս մեկը, ում հետ տարիներ առաջ South Caucasus – A Part of Europe ծրագրի շրջանակներում ծանոթացել էի Ավստրիայում, հայտնի դեպքերից հետո «Ֆեյսբուքում» ինձ ընդգրկեց «մոտ ընկերների» ցուցակում, և ես դա համարեցի որպես քայլ-անհամաձայնություն կատարվածին»:
Նազելի Կիրակոսյանն ասում է, որ շատ լավ հիշում է առաջին օրը, երբ հանդիպեց ադրբեջանցի երիտասարդներին` Եվրամիության աջակցությամբ անցկացվող ծրագրի շրջանակներում:
Հանդիպման սկզբում «հայ-ադրբեջանական» լարվածություն կար, սակայն պատմում է, որ շատ կարճ ժամանակ անց երկու կողմերում էլ սկիզբ առած ջերմ հարաբերություններին սկսել էին նախանձել նույնիսկ երրորդ երկրի մասնակիցները` վրացիները:

«Ես շատ լավ հիշողություններ ունեմ, թեև չեմ կարող ասել, որ վերջին դեպքերը չեն ազդել ինձ վրա,- ասում է նա: – Եվ, այնուամենայնիվ, կարծում եմ, որ նման ծրագրերը պետք է անպայման շարունակություն ունենան»:

Ի տարբերություն Նազելիի` ընդդիմադիր լրագրող Քրիստինե Խանումյանն այնքան էլ լավատես չէ: Նա ասում է, որ տարբեր ծրագրերի շրջանակներում ինքն ադրբեջանցի ծանոթներ ու ընկերներ է ձեռք բերել, որոնց հետ երրորդ երկրներում հանդիպել, մասնակցել է քննարկումների, համատեղ հոդվածներ պատրաստել:

Սակայն նշում է, որ չի պատկերացնում, թե «վերջին դեպքերից հետո» արդյոք կրկին կշարունակի՞ նման ձևաչափով ծրագրերին մասնակցել, թե՞ ոչ:

«Անկեղծ ասած` չեմ պատկերացնում, թե ինչպես կարող եմ այդ մարդկանց հետ դեմառդեմ հանդիպել,- «Մեդիալաբին» ասում է նա: – Բայց եթե նույնիսկ այդ հանդիպումը կայանա, հազիվ թե նախկինի պես հանգիստ ու բարեկամական մթնոլորտում անցնի, քանի որ կա ներքին լարվածություն, որը եթե ակնհայտ դրսևորումներ չստանա, չի կարող աննկատ անցնել: Իրավիճակը բավականին բարդացել է»:

«Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» (ԵՀՀ) «Հայ-ադրբեջանական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության անաչառ լուսաբանում էլեկտրոնային լրատվամիջոցներում» նախագծի շրջանակներում Խանումյանը վերջին անգամ ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպել է Թբիլիսիում, որտեղ քննարկել են համատեղ հոդվածների ձևաչափը:

«Անձնական հարաբերություններում` քաղաքակիրթ, սակայն մշտապես փորձել ենք շրջանցել Ղարաբաղի զգայուն թեման,- ասում է ծնունդով ղարաբաղցի լրագրողը: – Իսկ հիմա ուղղակի անհնար է լուռ շրջանցել ստեղծված իրավիճակը, ինչը կարող է նման հանդիպումների դեպքում խոչընդոտել երկխոսության կայացումը»:

«Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» համայնքների զարգացման և երիտասարդական ծրագրերի համակարգող Գայանե Մկրտչյանը նշում է, որ ծրագրերի ռազմավարությունը մշակելիս, որոնց մեջ կարևոր տեղ են զբաղեցնում հայ-թուրքական և հայ-ադրբեջանական խաղաղասիրական ծրագրերը, մշտապես հաշվի են առնվում այն մարտահրավերները, որոնք կարող են ազդեցություն ունենալ ընթացքի վրա:

«Մասնավորապես, Ադրբեջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները` Ռամիլ Սաֆարովի հերոսացման հետ կապված, չեն կարող ազդեցություն չունենալ հոկտեմբերին կազմակերպվելիք հայ և ադրբեջանցի երիտասարդների տարածաշրջանային հանդիպման վրա: Նման դեպքերում երկու կողմից էլ կատարվում են քննարկումներ, վերանայվում է օրակարգը, ներգրավվում է լրացուցիչ խորհրդակցական ներուժ, որպեսզի նախատեսված հանդիպումներն անցկացվեն` չնվազեցնելով ակնկալվող արդյունքների հավանականությունը, թեկուզ և առանձնահատուկ լարվածության պայմաններում»,- ասում է նա:

Նման մի խաղաղասիրական նախաձեռնությամբ էլ հանդես է գալիս Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Հարևաններ» ծրագիրը` միասին աշխատելու և հանդիպումների հնարավորություն ընձեռելով տարածաշրջանի լրագրողներին:

Ծրագրի շրջանակներում տարբեր գործընկերների հետ հանդիպումներ և շփումների փորձ ունեցող Սառա Խոջոյանն ասում է, որ չնայած լավ վերաբերմունքին` ինքը երբեք մինչև վերջ չի վստահել ադրբեջանցի գործընկերներին, քանի որ գիտի, որ «ազատ չեն», և վախենում են կարծիք արտահայտելուց:

«Մարդկանց նկատմամբ վերաբերմունքս չի փոխվել, նրանք մեղք չունեն, որ ապրում են Ադրբեջանում,- ասում է նա: – Վատն էն ա, որ իրենք շատ ավելի փակ են, այսինքն` չեն կարող լիարժեք անկեղծությամբ շփվել, քանի որ որպես իրենց երկրի քաղաքացի` «լուզեռ» են»:

Քարոզչության հետևանքով ձևավորված թշնամու կերպարի կարծրատիպը կոտրելու և երկու կողմերի համար «հնարավորինս դրական էմոցիոնալ դաշտ ապահովելու համար» Գայանե Մկրտչյանն ասում է, որ իրենց կազմակերպությունը շարունակելու է աշխատել:

«Վերջին իրադարձությունները կամ զինադադարի խախտման դեպքերը պարզապես արտահայտում են որոշակի սուր դիրքորոշում, սակայն մեծ հաշվով նորություն չեն և չեն նվազեցնում քաղաքացիական հասարակության մակարդակով շփումների կարևորությունը կամ հնարավորությունը»,- ասում է նա:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական «ոչ պաշտոնական» հանդիպումներին, հավատացած է, որ լարվածությունը ժամանակավոր է: Միևնույն ժամանակ, նա նշում է, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում «շատ հետաքրքիր հակասություններ կան»:

«Հայերը ոչ թե ադրբեջանցիներին, այլ նրանց պարագլուխներին են որպես թշնամու ընկալում: Եվ դա է պատճառը, որ երկու երկրների ներկայացուցիչները հանդիպումների ժամանակ սովորական շփվում են, հասկանում են իրար, սակայն, հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը տոտալիտար երկիր է, հանդիպումներից դուրս նրանք սկսում են շարժվել պաշտոնական գաղափարախոսությամբ»,- ասում է նա:

Ադիբեկյանը նշում է, որ խիստ թշնամական տրամադրությունները ժամանակավոր բնույթ ունեն:

«Ալիքի նման կգան ու կանցնեն, և ամեն ինչ կլինի այնպես, ինչպես մինչ այս իրադարձություններն էին»,- ասում է նա:

© Medialab.am

«Մեդիալաբի» անիմացիոն ֆիլմը պատրաստվել է ԵՀՀ-ի «Հայ-ադրբեջանական հարաբերությունների և Ղարաբաղյան հակամարտության անաչառ լուսաբանում էլեկտրոնային լրատվամիջոցներում» նախագծի շրջանակներում: