Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունը Հայաստանի համար նախընտրելի տարբերակ լինել չի կարող. Հակոբ Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի՝ Ադրբեջանին արված առաջարկը՝ սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել պետական սահմանին: Ինչպիսի՞ն կլինի Ադրբեջանի արձագանքը:

– Այս հայտարարությունն ինքնին կարծես թե պատասխան էր Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությանը, որով առաջարկել էին պետական սահմանին հանդիպում ու խորհրդակցություններ, խաղաղության գործընթացի վերաբերյալ քննարկումներ, բայց Հայաստանը, փաստորեն, խոսում է սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովի աշխատանքային հանդիպման մասին, որոնք արդեն տարբեր նշանակություն ենթադրող հանդիպումներ են: 

Սա փաստացի նշանակում է, որ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումը տեղափոխվում է Հայաստանի ու Ադրբեջանի սահման: Մենք տեսանք, որ Երևանը չգնաց Բիշքեկ կամ չի գնում մոսկովյան հարթակներ, գոնե առայժմ, Ադրբեջանը հրաժարվեց Գրանադա, Բրյուսել, Վաշինգտոն գնալուց ու առաջարկում է հանդիպում սահմանին, սա արդեն բոլորովին այլ տրամաբանություն է, ինչի մասին խոսում է Երևանը: 

Այստեղ հարց է առաջանում, թե ինչպիսի՛ն է Երևանի գնահատականն այս մասին, այսինքն՝ կլինի հանդիպում, ու մեկը կասի՝ խաղաղության գործընթաց ենք քննարկել, մյուսը կասի՝ սահմանազատման կամ սահմանագծման հարցեր ենք քննարկել, թե մենք համաձայնություն չենք ունենա, ու այդ հանդիպումը չի լինի: Բայց, կրկնեմ, եթե խոսքը խաղաղության գործընթացի վերաբերյալ քննարկումների մասին է, կնշանակի, որ Հայաստանն ու Ադրբեջանը, առանց տեսանելի միջնորդության, քննարկում են ունենում: Սա կնվազեցնի բոլոր հնարավոր միջնորդների պատասխանատվության աստիճանը, ու հետագա զարգացումների համար նրանք արդեն կլինեն նվազ պատասխանատու՝ գոնե ֆորմալ իմաստով: 

– Հայաստանին ավելի ձեռնտու են ուղի՞ղ, թե՞ միջնորդների ներգրավվածությամբ բանակցությունները:

– Խնդիրը ձևաչափը չէ, այլ՝ ուժերի հավասարակշռությունը, բայց այստեղ էլ արդեն մյուս խնդիրն է, եթե Հայաստանն ու Ադրբեջանը մնում են դեմ դիմաց, իսկ մենք գիտենք, որ ուժերի հավասարակշռությունն ավելի մեծ հնարավորություններ է տալիս Ադրբեջանին, ապա առաջանում է անհրաժեշտություն, որ երրորդ կողմերի միջոցով այդ դիսբալանսը որոշակիորեն փոխհատուցվի: 

Սա, իհարկե, երաշխավորված մեխանիզմ չէ, որովհետև երրորդ կողմերից որևէ մեկը կարծես թե մտադրություն չունի Ադրբեջանին որևէ բան պարտադրել ու պարզապես փորձում են մերձեցնել կողմերի դիրքորոշումները: Բոլոր դեպքերում, կարծում եմ, այդ երրորդ կողմերի հանգամանքը, այդուհանդերձ, ավելի մեծ հնարավորություն է տալիս Հայաստանին այդ բալանսավորման հարցերը լուծելու առումով, քան եթե տեղի է ունենում Հայաստան, Ադրբեջան ուղիղ հանդիպում: 

Իմ գնահատմամբ՝ դե ֆակտո քաղաքական իմաստով ձևաչափը կարող է լինել երկկողմ, բայց ես որևէ կերպ չեմ պատկերացնում, որ երրորդ կողմերն ազդեցությունից դուրս թողնեն այդ գործընթացները, հետևաբար մենք ստանալու ենք ավելի շուտ երրորդ կողմերի ստվերային ներկայություն, ինչը ենթադրելու է նաև ավելի նվազ պատասխանատվություն հետագա իրադարձությունների համար, ու ես կարծում եմ, որ սա Հայաստանի համար չի կարող այնքան էլ նախընտրելի տարբերակ լինել:

 – Ստվերում հայտնված երրորդ պետությունը ո՞ր երկիրը կամ երկրները կլինեն՝ ըստ ձեզ:

– Բոլոր այն երկրները, որոնք առնվազն միջնորդի դիրքերից խոսել են կամ անմիջական ջանք են գործադրել: Մենք այդ տեսանկյունից ունենք Մոսկվան, Բրյուսելը, Վաշինգտոնը, ու առնվազն այս երեք միջնորդ դերակատարները որոշակի գործընթաց սկսել են, ու որևէ մեկն այն չի հասցրել տրամաբանական ավարտին:

– Պարո՛ն Բադալյան, իսկ Հայաստանը հնարավորություն ունի՞ մերժել Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելու ձևաչափը:

– Հայաստանի հնարավորությունները, իհարկե, հիմա բավականին սահմանափակ են, բայց, մյուս կողմից՝ խնդիրը հետևյալն է, թե Հայաստանն ինչպիսի հնարավորություններ ու կարողություններ ունի աշխատելու այդ երկրների հետ, որովհետև, մեծ հաշվով, նրանք են վճռորոշ դերակատարները: 

Այստեղ Հայաստանի հնարավորությունների նվազումը բոլորի համար է ակնհայտ, բայց մենք չունենք նաև այլընտրանք, քան անել առավելագույնը թե՛ այդ հնարավորությունները վերականգնելու, թե՛ եղած հնարավորությունները առավելագույն արդյունավետությամբ օգտագործելու:

– Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար որևէ խոչընդոտ այլևս չկա, թե ինքը պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը: Սա հերթական հայտարարությո՞ւն է, թե՞ իսկապես ինչ-որ բան փոխվել է:

– Ինչ-որ բան փոխվելու հրապարակային նախադրյալներ չենք տեսնում, համոզված եմ, որ այն, ինչ տեսնում ենք հրապարակավ, ամենևին էլ ամբողջ պատկերը չէ, ու հանրային դաշտից դուրս են մնում կարևոր մանրամասներ: Ընդհանրապես, խաղաղության հնարավորության համար առաջին հերթին արգելակ է հենց Բաքվի դիրքորոշումը, իսկ երկրորդը՝ խաղաղության միջավայրին չի նպաստում այն աշխարհաքաղաքական դիմակայությունը, որ կա ու ծավալվում է խոշոր ուժային կենտրոնների միջև: 

Ադրբեջանը տեսնում է, որ տարածաշրջանային անվտանգության միջավայրը չունի առաստաղ, իսկ քանի դեռ չկա առաստաղ, փորձում է ինչքան հնարավոր է ձեռքը վեր բարձրացնել: Այս պարագայում արվող նմանատիպ հայտարարությունները, կարծում եմ, տակտիկական բնույթի են: Ադրբեջանը փորձելու է ամեն գնով ցույց տալ, թե ինքը կողմ է խաղաղությանը, իհարկե չեմ էլ կարծում, թե Ադրբեջանն ուզում է ինչ-որ մեծ պատերազմ, որովհետև դա նաև իրենց համար կարող է անկանխատեսելի լինել, բայց Ադրբեջանն անկասկած ակնկալում է փոքր տեղային ռազմական գործողությունների միջավայր, որը թույլ կտա էլի կտորներ պոկել Հայաստանից, որքան կկարողանա: 

Այս ակնկալիքը նա ունի ու որևէ կերպ շահագրգռված չէ գնալ խաղաղության պայմանագիր ստորագրելու, կրկնեմ, առավելևս՝ երբ տեսնում է, որ չկա այն քաղաքական առաստաղը, որը կապահովի Կովկասում անվտանգության համակարգի ծածկը:

– Իսկ Ռուսաստանն այդ առումով աջակցո՞ւմ է Ադրբեջանին, թե՞ ոչ:

– Ռուսաստանը աջակցում է ցանկացած բանի, որն արտացոլում է կամ բխում է իր շահերից: Եթե, օրինակ՝ Ադրբեջանը խանգարում է տարածաշրջանում արևմտյան ազդեցության ավելացմանը կամ, ասենք՝ որոշակի արգելքներ է ստեղծում դրա համար, Ռուսաստանը, բնականաբար, կաշխատի Ադրբեջանի հետ այդ հարցում: 

Այստեղ կա նաև մեկ այլ խնդիր. Ռուսաստանը բոլոր դեպքերում առաջնորդվում է Ադրբեջանի հետ աշխատելու տրամաբանությամբ, եթե անգամ այդ աշխատանքն իր համար որոշակի գին է ենթադրելու, որովհետև հակառակը կա՛մ ընդհանրապես տարածաշրջանից դուրս մնալն է, կա՛մ մնալու պատերազմական տարբերակը: Որևէ կերպ չեմ բացառում, որ իրավիճակը զարգանա ու հասնի այնտեղ, որ Ռուսաստանն այլևս մնալու միակ տարբերակ դիտարկի պատերազմը, նման որոշում կայացնի, այլ ոչ թե Կովկասն ընդհանրապես թողնելու: 

Մինչև հիմա մենք տեսնում ենք, որ ռուսներն անգամ իրենց համար շահեկան թվացող ռեժիմների հաշվին պատրաստ են աշխատել Ադրբեջանի հետ: Մենք դա տեսանք 44-օրյա պատերազմի տեսքով, սեպտեմբերի 19-ին Արցախի հայաթափման ու ընդհանրապես այդ եռամսյա տրամաբանության տեսքով: Անկասկած է, որ Ռուսաստանը չէր կարող ցանկանալ զրոյացնել իր ներկայությունը Լեռնային Ղարաբաղում կամ բարդացնել իր ներկայության հարցը՝ թույլ տալով հայաթափում: 

Իրադարձություններն այնպիսին էին, որ դա թույլ չտալու համար Ռուսաստանը կա՛մ պետք է գնար Ադրբեջանի հետ կոնֆլիկտի, իսկ դա նշանակում է Թուրքիայի հետ կոնֆլիկտ, իսկ այդ պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան անկասկած ստանալու էին արևմտյան բավական մեծ աջակցություն, այսինքն՝ այստեղ Ռուսաստանը կորցնելու էր շատ ավելին, քան կորցնում է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ աշխատելով: 

Սա ցավալի իրավիճակ է, որի հետևանքները մենք ենք զգում մեզ վրա: Սա շատ բարդ իրավիճակ է, որի լուծումը, թվում է, այն է, որ Հայաստանը փոխի վեկտորը և սկսի ամբողջապես ապավինել արևմտյան անվտանգության համակարգին: Բայց այստեղ էլ կան բավական մոլորություններ, որովհետև արևմտյան պատկերացումներն ամենևին չեն ենթադրում Հայաստանի շահերի համար հակադրում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: 

Այստեղ է, որ մեզանից պահանջվում է բավականին բարակ լարի վրայով բարդ անցում՝ դիվանագիտական հմտություններով, սրա համար է, որ Հայաստանն իր նվազած հնարավորությունները պետք է փորձի առավելագույն արդյունավետության հասցնել՝ դիվանագիտական բոլոր կարողություններն օգտագործելով, անկախ քաղաքական հայացքներից: 

Այստեղ նաև Հայաստանի համար պետք է հնարավորություն դիտարկել Արևմուտք-Ռուսաստան այս պայմանական կամ անմիջական սխեմայից դուրս մտածողությունը ու այլ շրջանցիկ ճանապարհներով Կովկասի խնդիրների լուծումներ փնտրելը: Այստեղ ես առանցքային եմ դիտում արաբական աշխարհի դերը, կամ եթե պայմանական օգտագործենք, կարող ենք ասել՝ գլոբալ Հարավի դերը, որովհետև իրենք ևս ունեն էքզիստենցիալ առումով այն խնդիրը, ինչ Հայաստանը:

Նրանք ևս փորձում են բալանսավորված դիրքավորում ունենալ ու իրենց շահերն այդ ռեժիմում սպասարկել Արևմուտքի ու Ռուսաստանի միջև, ու այս տեսանկյունից խնդիրների համահունչ լինելը ու նաև տարածաշրջանային օրգանականությունը հաշվի առնելով՝ Հայաստանը պետք է մեծ ջանքեր գործադրի արաբական աշխարհի կամ այդ գլոբալ Հարավի ուղղությամբ՝ դիվանագիտությունը զարգացնելու համար:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am