«Քաղաքիս հերն անիծել են». Ինչու է լռում Շուշան Պետրոսյանը

«Քաղաքիս հերն անիծել են». Ինչու է լռում Շուշան Պետրոսյանը
«Քաղաքիս հերն անիծել են». Ինչու է լռում Շուշան Պետրոսյանը

Վերջին օրերին Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության շուրջ ծագած աղմուկի շուրջ«Մեդիալաբը» մի քանի հարց ուղղեցԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանին:

-Տիկին Պետրոսյան, այս օրերին ականատես ենք լինում, որ Գառնիի, Զվարթնոցի տաճարների տարածքները վերածվում են կերուխումի տարածքների: Ինչպե՞ս եք վերաբերվում այս ամենին:

-Շատ վատ, ո՞նց կարող եմ դա գնահատել: Ես ունեմ հետաքրքիր օրինակ: Արևմտյան Հայաստանում էինք, հանդիպեցինք «Ակունք» խմբին: Գնացինք Անի, պետք է ինչ-որ համար երգեին և նկարահանվեր: Հնչեց զուռնան, սկեցինք պարել, մեկ էլ մի կին մոտեցավ. հնէաբան թրքուհի էր: Նա սկսեց խնդրել և պահանջել, որպեսզի չհնչի այդ երաժշտությունը, որովհետև վիբրացիաներն անգամ կարող են վնասել այն շինություններին, որոնք պահպանվում են ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից: Դրան ես ակնատես եմ եղել, այս քանի օրերին ես անընդհատ այդ դեպքն եմ հիշում: Ես չեմ կարողանում, ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ իրար կողքի ուտել-խմելը և մեր պատմության լավագույն գոհարները դնելը:

-Մշակույթի նախարարությունը դա նորմալ է համարում՝ նշելով, որ պատմամշակութային ժառանգություն համարվող այդ տարածքները վարձակալությամբ տալը նաև լուծում է այդ տարածքների պահպանության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հարցը: Սա արդարացվա՞ծ պատճառաբանություն է:

-Ուրիշ տեղ չկա՞ փող աշխատելու, թող ցուցահանդեսներ, համերգներ կազմակերպեն, հին ֆիլմերի դիտումներ կազմակերպեն: Այնքան տարբերակներ կան, որ կարող են կիրառել: Հենց այդ մի քանի նմուշը, որ հասել են մեզ այսօր, պետք է նման ձևո՞վ օգտագործվեն: Կոտորվեցինք, մի քանի բան է մնացել, ծովից-ծով Հայաստանից մնացել են այս մի քանի հուշարձանները: Էլ տեղ չկա՞, չեմ հասկանում:

-Այսինքն, այսօր պաշտոնյաների ուտել-խմելու սովորությունը տեղափոխվում է հուշարձանների տարա՞ծք:

-Դուք ասացիք: Ես կարծում եմ, որ փող աշխատելու շատ ուրիշ միջոցներ կան՝ ավելի բարեկիթ: Աշխարհում շատ երկրներում տարածված է հուշարձաններից ոչ հեռու տարածքում նման գործողություններ սահմանելը, և Բեյրութում եմ դա տեսել, և Հալեպում, շատ տեղերում, բայց ոչ հենց իր տարածքում: Այսինքն՝ ինքը պահպանվում է, պատմության այդ մի էջը պահպանվում է: Ոչ հեռու տարածքում այդ ամենն իրականացնել հնարավոր է, բայց ոչ հուշարձանի տարածքում: Ճիշտն ասած, ես պատվիրատուներին չեմ մեղադրում, ես համաձայնողների արարքն եմ քննարկում, համաձայն չեմ և մեղադրում եմ:

-Ինչի՞ հետևանք եք համարում այս իրավիճակը, մշակույթի հանդեպ անտարբեր վերաբերմունքի, թե՞ այլ պատճառներ էլ կան:

-Անտարբերության: Ես ուզում եմ, որ մեր մշակույթը շատ սիրվի, անսահման սիրվի: Մենք աշխարհի հնագույն ազգերից ենք, միջնադարից մշակույթի նմուշներ էլ ունենք մեզ հասած, էլ չեմ ասում, թե նկարչության, գրականության ու երաժշտական ինչ նմուշներ ունենք: Եթե մենք ապրեինք ուրիշ տեղ, ասենք Իտալիայում, մենք հաստատ կլինեինք շատ ավելի հայտնի, քան Բոկաչչոն:

-Տիկին Պետրոսյան, այս օրերին Երևանի կենտրոնում ապամոնտաժվում է Աֆրիկյանների ակումբի տունը: Ի՞նչ կարծիքի եք պատմամշակութային ժառանգություն համարվող այս կառույցի մասին:

-Ես այդ մասին խոսում եմ արդեն մի քանի տարի: Իմ մանկության հիշողությունների մեջ տպավորված են Երևանի համարակալված շենքերը: Ես գիտեմ մի պարզ ճշմարտություն՝ աշխարհի ցանկացած քաղաքակիրթ երկրում պահպանվում է հին քաղաքը: Ես հասկանում եմ մեր հիպերմոդեռնի ճարտարապետության ձգտումը, բայց դա երբեք արժեք չի ունենա, եթե մենք կողքին չունենանք մեր փայլուն ու սրբատաշ քարերով այդ ֆանտաստիկ ճարտարապետական նմուշները: Ուղղակի ինձ համար անհասկանալի է դա:

-Թվում էր, թե այս օրերին, դուք Ազգային ժողովում պետք է բարձրաձայնեիք այս խնդիրների մասին, այնինչ լռում եք, ինչո՞ւ:

-Ես հիմա լրիվ այլ ուղղությամբ եմ զբաղված՝ էլի շատ կարևոր խնդրով:  Բայց,  երբ ճանապարհով գալիս էի, ես Երևան մտնող Նորագավիթի ճանապարհին հիանալի մշակութային շենք կա, դա նկատեցի: Դրա համար էլ է պետք կռիվ տալ: Մենք կենտրոնացել ենք միայն Երևանի կենտրոնի վրա, բայց քաղաքը միայն  կենտրոնը չէ, քաղաքը մեծ է, և յուրաքանչյուր մասի վրա է պետք դողալ: Ես ուզում եմ, որ այն երեխեքը, որ Աֆրիկյանի ակումբի տան համար կռիվ են տալիս, Աստված տա հաղթեն, որովհետև դա երևանցու իրավունքն է: Տարիներ առաջ ամսագրերից մեկի շապիկի վրա իմ իմ նկարն էր ու իմ մեկ արտահայտությունը. «Քաղաքիս հերն անիծել են»: Ինչպես տեսնում ենք, այսօր գեղեցիկ շինությունների, նոր ձեռքբերումների կողքին հինը քանդելու մոլուցքը դեռ չի դադարել: Մի՞թե հաճելի չէ այսօր իջնել Աբովյան փողոցով և տեսնել ճարտարապետությունը պահպանված: Աշխարհում մոդեռնով ոչ մեկին չես զարմացնի, հին ճարտարապետությունը պետք է պահպանես:

© Medialab.am