Մեր կողքին ապրող մարդիկ. Լադիսլավը

Ցուցանակը, որի վրա գրված է Երևան, թողնելով հետևում՝ հայտնվում եմ մի կանաչապատ համայնքում, որտեղ տների դասավորությունը, ճարտարապետությունը տիպիկ ամերիկյան են: Ավտոտնակի մոտ կանգնած մեքենայի համարանիշի գույնից ու թվերից եմ հասկանում, որ հաստատ ճիշտ դռան մոտ եմ կանգնած:

Եկել եմ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան մամուլի կցորդ Լադիսլավ Բերանեկի տուն սուրճ խմելու և զրուցելու նրա «հայկական փորձառության» մասին: Գիտեմ, որ Լադիսլավը երկու տարի առաջ է եկել մեր երկիր՝ դրանից առաջ երեք տարի աշխատելով Ռուսաստանում: 

Բերանեկի հետ միասին ինձ դիմավորում են երկու սպիտակահեր գեղեցկուհիներ՝ Բելկան և Շուբան, որ ուղեկցեցին մեզ տան հետևում գտնվող այգու տարածք և մնացին այնտեղ մինչև հարցազրույցի ավարտը՝ երբեմն նույնիսկ հաչելով անհամաձայնության նշաններ անելով: 

– Արդեն ծեր են շները, բայց առույգությունը չի պակասել,- ասում է Բերանեկը՝ մեղմ հայացքով հասկացնելով կենդանիներին, որ մի քիչ ցածրաձայն շփվեն միմյանց հետ ու թույլ տան հանգիստ զրուցել: 

Լադիսլավ Բերանեկն աշխատել է նախկին Խորհրդային Միության տարբեր երկրներում, խոսում է մայրենի չեխերեն, ռուսերեն, գերմաներեն և անգլերեն: Հայերեն սովորելը ժամանակ է պահանջում, իսկ իր խիտ օրակարգի հետ դա դյուրին չէ համատեղել, բայց մի քանի բառեր և արտահայտություններ հասցրել է յուրացնել: Երբ պետք է որոշվեր, թե ո՛րն է հերթական երկիրը, որտեղ պետք է շարունակեր դիվանագետի աշխատանքը, Հայաստան տարբերակը նրան բավական գրավիչ թվաց: 

– Ես ընտրեցի Հայաստանը, որովհետև հարուստ մշակույթ ունեցող, գեղեցիկ երկիր է: Նախկին խորհրդային երկրներում աշխատելու փորձը կարող էր լավ հիմք ծառայել այստեղ ավելի հեշտ ադապտացվելու և երկիրը հասկանալու համար: 

Ես ապրում եմ հետխորհրդային երկրում, ինձ համար շատ ու շատ երևույթներ նորմավորվել են, բայց ի՞նչ է կարծում դիվանագետը՝ ի՞նչն է միավորում նախկին խորհրդային երկրներին: Բերանեկն ասում է, որ հավանաբար ռուսական ազդեցությունը, որ տարբեր երկրներում տարբեր կերպ է արտահայտվում: Դա բնական է համարում, քանի որ այս երկրներին կապում են բավական երկար համատեղ գոյություն, պատմություն և մշակութային տարրեր: 

– Հայաստանի կրոնը քրիստոնեությունն է, բայց անգամ դա է յուրահատուկ՝ իրենն է: Այս երկիրը շատ առումներով կարող է տեղավորվել «յուրահատուկ» բառի մեջ՝ կրոնից սկսած մինչև մշակույթ: 

Բերանեկն ասում է, որ հայերին բնորոշող հավաքական գիծը հյուրասեր ու ընկերասեր լինելն է: Եթե նա անծանոթին փորձի ներկայացնել Հայաստանը, անպայման կնշի նաև, որ երկիրը հարուստ, բայց մարտահրավերներով լի պատմություն ունի՝ ի նկատի ունենալով Հայոց ցեղասպանությունն ու ղարաբաղյան հակամարտությունը: 

Բերանեկը Հայաստան է եկել 2021 թվականի ամռանը ու այս ընթացքում հասցրել է ճանապարհորդել մեր երկրով՝ բացառությամբ Սյունիքի: Նրա սիրած մարզը Վայոց ձորն է, որն ասես մի տեսակ կղզիացած բնության կտոր լինի ու առաջարկելու շատ բան ունի՝ բնական ժայռագոյացություններից սկսած մինչև նրբահամ գինիներ, որ հայկական խաղողի ու արևի, հայ մարդու ջանքի մի ուրույն տանդեմ է:

– Ես սիրում եմ Երևանը, բայց երբեմն ուզում եմ թողնել մայրաքաղաքի աղմուկը և փախչել: Ա՛յ Վայոց ձորը հրաշալի տեղ է Հայաստանը նորովի բացահայտելու համար, ու վստահ եմ, որ սա կարող է գրավիչ զբոսաշրջավայր դառնալ եկվորների համար: 

Բերանեկի համար ամենատպավորիչ ճամփորդությունը եղել է հենց Վայոց ձորում: Հիշում է, որ մի փոքրիկ գինու արտադրամաս էին գնացել: Ամեն բան պարզ էր՝ մարդիկ դժվարությամբ, փոքր ու մեծ խնդիրներ հաղթահարելով էին ստեղծել ամեն ինչ, բայց ակնհայտ էր նրանց նվիրումը այդ հողին, նրանց սերը արածի հանդեպ: Նրան հիացնում է հայ մարդու տեսակը, որ տարբեր մարտահրավերների միջով անցնելով հանդերձ՝ ամուր կառչում է հողին, կռիվ տալիս դրա հետ ու անվերջ ստեղծում: 

– Այդ բնությունը պահպանելը յուրաքանչյուր քաղաքացու գործն է: Տես՝ դու ասում ես, որ երբեմն ճամփորդում ես ու տեսնում ես, որ աղբը շատ է: Իմ ծննդավայրում՝ Չեխիայում էլ էր մի ժամանակ այդպես, քանի դեռ անդադար ինֆորմացիոն արշավներ չարեցին ու չսկսեցին տուգանել մարդկանց ամեն նետված աղբի համար՝ փոքր թե մեծ: Հայաստանի բնությունը, քաղաքներն ու գյուղերը արժանի են մեր հոգածությանն ու խնամքին: 

Նկատել է, որ այսքան փոքր տարածք ունենալով հանդերձ՝ Հայաստանն այնքան տարբեր է՝ կախված այն բանից, թե որտեղ ես գտնվում: Վայոց ձորը վայրի լեռներով հրաշք է, հետո հասնում ես Լոռի, Տավուշ, ու սաղարթը նոր գույներով է փռվում դիմացդ՝ շերտ առ շերտ, ասես այդտեղ էլ բնությունը տարբեր դիմագծեր ու արտահայտչամիջոցներ ունի: Ընտանիքով շատ են սիրում հանգստյան օրերին ընտրել որևէ տարածք ու գնալ, օրինակ, լեռներ մագլցելու: Քանի որ երեխաների հետ են, նախընտրում են համեմատաբար անվտանգ վայրերը, բայց Հայաստանը հրաշալի տարբերակ է մարդկանց համար, որոնք լեռնագնացությամբ են զբաղվում ու սիրում են կռիվ տալ ժայռերի հետ: Հաճախ կարելի է Բերանեկների ընտանիքին տեսնել նաև Երևանում, որը վերջին տարիներին բավական շատ բան ունի առաջարկելու օտարերկրացիներին: 

– Պատահո՞ւմ է, որ դուք ձեզ թույլ տաք լինել պարզապես մարդ, թե՞ դիվանագետ լինելը ենթադրում է միշտ հետևել արարողակարգին, հետևողական լինել անգամ առօրյայում,- հարցնում եմ Բերանեկին, և մենք մի լավ ծիծաղում ենք: 

– Դիվանագետներն էլ մարդիկ են,- ժպտում է ու շարունակում,- ես միշտ դիվանագետ եմ, բայց նաև մարդ եմ: Ու լինելով Հայաստանում՝ հենց որպես քաղաքացի փորձում եմ երկրի բոլոր հնարավորությունները բացահայտել, ճանաչել հայ մարդուն, շատ շփվել տեղացիների հետ հատկապես ճամփորդությունների ժամանակ: 

Երբ նա Հայաստան եկավ, առաջին բանը, որ ակնհայտ դարձավ, մարդկանց անսահման ջերմությունն էր անգամ օտարի հանդեպ, նրանց օգնելու պատրաստակամությունը, անգամ եթե առաջին հանդիպումն է: Հայաստանի մարդիկ սիրում են մարդկանց, ու դա ամենագրավիչ բանն է, որ սիրել է տալիս այս երկիրը:

Կուշանե Չոբանյան

Medialab.am