Քոչարյանը պարզաբանեց, թե ինչու է «Հայաստան» խմբակցությունը հրաժարվել մասնակցել միջազգային կառույցներում հայկական պատվիրակության աշխատանքներին

«Հայաստան» խմբակցության  12 պատգամավոր չեն կարող երկրից դուրս գալ, նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝պատասխանելով հարցին,  թե որքանով է արդարացված համարում «Հայաստան» խմբակցության պատգամավորների չընդգրկվելը միջազգային կառույցներում Հայաստանը ներկայացնող խորհրդարանական պատվիրակությունների կազմում:

«Իրականության մեջ մի զգալի մասի համար այդ մասնակցության ճանապարհը փակ է այս իշխանության կողմից: Երբ Սեյրան Օհանյանը չի կարող մեկնել մասնակցելու ՀԱՊԿ-ի խորհրդարանական միջոցառումներին, թույլ չեն տալիս, քննիչը համաձայնություն չի տալիս, որ Սեյրան Օհանյանը գնա և մասնակցի, Արմեն Գևորգյանը չի կարողանում մասնակցել Եվրախորհրդարանի վեհաժողովին:  Այն, ինչ արել ենք, արել ենք ստիպելու համար այս իշխանությանը գնալ մի շատ պարզ տրամաբանական քայլի՝ հանել այդ բոլոր արգելքները «Հայաստան» դաշինքի պատգամավորների համար»,- ասաց Քոչարյանը:

ՀՀ երկրորդ նախագահն ընդունեց` իրենց դաշինքի պատգամավորները կարող են օգտագործել այդ ամբիոնները Հայաստանի ազգային շահերը պաշտպանելու համար: