«20 տարում սա եզակի դեպք է. 2003 թվականից ի վեր եվրոյի նման փոխարժեք դեռ չէր արձանագրվել». տնտեսագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ Կարեն Սարգսյանը

Պարո՛ն Սարգսյան, արտարժույթի շուկայում շարունակվում են տատանումները, հերթը հիմա էլ եվրոյին է հասել: Ինչո՞վ է պայմանավորված եվրոյի արժեզրկումը, ոմանք պատմական իրադարձություն են համարում սա, երբ եվրոյի փոխարժեքը հավասարվել է դոլարին:

– Պատմական է այն առումով, որ 2003 թվականից ի վեր նման փոխարժեք դեռ չէր արձանագրվել, և 20 տարում սա եզակի դեպք է: Թե՛ ռուս-ուկրաինական պատերազմի և թե՛ Ռուսաստանի հանդեպ կիրառվող պատժամիջոցների անմիջական ազդեցությունը, այդ թվում՝ էներգակիրների մատակարարման խնդիրները՝ անհամաչափ բարձր գներով պայմանավորված, անմիջականորեն ազդում են առաջին հերթին հենց եվրագոտու վրա, որտեղ նաև բարձր գնաճային միջավայր է ձևավորվել, ինչը դեռևս ուղեկցվում է Եվրոպական կենտրոնական բանկի մեղմ դրամավարկային քաղաքականությամբ։

Ավելին, ԱՄՆ դաշնային պահուստային համակարգն արդեն իսկ աստիճանաբար կոշտացրել է իր դրամավարկային քաղաքականությունը՝ բազային տոկոսադրույքը հասցնելով մինչև 1.75%, այնինչ Եվրոպական կենտրոնական բանկը այն դեռ չի փոխել, և կազմում է 0%։

Հաշվի առնելով նաև Եվրամիության տարածաշրջանի տնտեսության համար միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ավելի հոռետեսական կանխատեսումները, քան ԱՄՆ-ի մասով, ապա այս ամենն իր անխուսափելի ազդեցությունը պետք է ունենար նաև արժութային շուկայում եվրոյի փոխարժեքի վրա:

Եվրոյի փոխարժեքի անկման հետևանքները որո՞նք են լինելու:

– Սովորաբար, երբ արտարժույթի փոխարժեքն անկում է ապրում, ունենում է ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ։ Դրականն այն է, որ ավելի է խթանում արտահանման գործընթացը, բայց համաշխարհային այս բարձր գնաճային և միաժամանակ փոփոխական միջավայրում, եվրոյի փոխարժեքի անկման այս ազդեցությունը հնարավոր է այնքան էլ տեսանելի չլինի: Եվրամիությանն այսօր այնքան էլ չի հուզում փոխարժեքի անկումը, որքան բարձր գնաճի դեմ պայքարը, ինչի մասին նրանք բազմիցս հայտարարել են: Եթե նրանց հաջողվի պայքարել գնաճի դեմ, ինքնաբերաբար դա անուղղակիորեն կազդի նաև եվրոյի փոխարժեքի վրա՝ դեպի բարձրացում:

Հայաստանի մասով պետք է նշեմ, որ Եվրամիության շուկան իր կարևորությամբ երկրորդն է ռուսաստանյան շուկայից հետո։ Ուստի ակնհայտ է, որ դրամի նկատմամբ եվրոյի փոխարժեքի անկումը ազդելու է արտահանման վրա՝ մեր ապրանքներն այդ շուկայում ոչ մրցունակ դարձնելով։

Սակայն աշխարհաքաղաքական և տնտեսական նման անորոշությունների և շոկերի ֆոնին դժվար է հստակ գնահատել, թե Հայաստանն ավելի շատ վնասներ կկրի եվրոյի փոխարժեքի անկումի՞ց, թե՞ այն լոգիստիկ խոչընդոտներից, որոնք առաջացել են ուկրաինական պատերազմի հետևանքով։ Մյուս կողմից՝ էլ էժան եվրոյի դեպքում հարաբերականորեն էժանանում է նաև այդ տարածաշրջանի երկրներից ներմուծումը, ինչը դրական է։

Պարո՛ն Սարգսյան, իսկ համաշխարհային մակարդակով շարունակվող այս գնաճը նվազման միտում չունի՞:

– Նվազման միտումներ նկատվում են հիմնական ապրանքային շուկաներում: Մասնավորապես, վերջին օրերին նավթի գնանշումները նվազել են 100 դոլարի հոգեբանական նիշից, ինչը լավատեսություն է ներշնչում։ Բացի այդ, նվազել է հացահատիկի գինը շուրջ 40 տոկոսով։ Նվազել են նաև մետաղների գները, այդ թվում՝ պղնձի, ինչը մեծ պահանջարկ ունի աշխարհում։ Ոսկու գինը ևս նվազում է, դե, ոսկու գինն իջնում է, երբ դոլարի փոխարժեքն է բարձրանում և հակառակը։

Այս միտումները որոշակի լավատեսական կանխատեսումների առիթ են տալիս, և միջազգային փորձագիտական որոշ շրջանակներ արդեն կասկածում են, որ նախկինում արված հոռետեսական կանխատեսումները հնարավոր է և չիրականանան: Կանխատեսվում է, որ նավթի գինը էլ ավելի կնվազի՝ հասնելով մինչև 90 դոլարի:

Սովորական սպառողն իր վրա կզգա՞ այդ գնանկումը:

– Պետք է որ զգա, որովհետև մենք հիմնականում ապրանքները ներմուծում ենք, և արտաքին շուկայի ցանկացած կոնյունկտուրայի փոփոխություն պետք է անդրադառնա մեր ներքին շուկայի վրա։ Սակայն այստեղ կարևորն այն է, թե արդյոք շուկայում կլինի՞ պատշաճ վերահսկողություն, քանի որ առևտրային ընկերություններն այնքան էլ հակված չեն արագ գնանկում կատարելու: Բոլոր երկրներում պատշաճ մոնիթորինգ է իրականացվում, որպեսզի նման բարձր գնաճային միջավայրի պայմաններում թույլ չտան տնտեսվարողների կողմից անբարեխիղճ վարքագիծ։

Մեզանում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, որը այս պայմաններում պետք է լիներ իրադարձությունների կիզակետում, վերածվել է ինչ-որ երկրորդային մարմնի:

Օրինակ՝ հիմա Հայաստանում կաթի իրացման խնդիր կա, գյուղացին չի կարողանում իր արտադրանքն իրացնել, որովհետև ավելի էժան կաթի փոշի են բերում, բայց սպառողի համար, միևնույն է, կաթնամթերքի գինը չի իջնում, ընդհակառակը, օր օրի բարձրանում է: Հարց՝ ինչի՞ հաշվին։

Հացի գինը. օրական տեսնում ենք՝ կամայական կերպով 5-10 դրամով բարձրանում է, այն դեպքում, երբ ցորենը ներմուծվել էր դեռ մինչև դրա գնի բարձրացումը։

Նավթամթերքների գների նվազման դեպքում ներքին շուկայում գները չեն փոխվում՝ մինչև նավթի հաջորդ թանկացումը։ Փաստորեն, բարձր գնաճային ֆոնից օգտվելով՝ բազմաթիվ տնտեսվարողներ սովորական քաղաքացու հաշվին հսկայական օգուտներ են ստանում: Մի՞թե սա անբարեխիղճ տնտեսվարողի վարքագիծ չէ, և դրանով չպետք է զբաղվեն պատկան մարմինները։ Սա մեզ համար լուրջ հիմնախնդիր է, որով օր առաջ պետք է զբաղվեն պատկան մարմինները։

Պարո՛ն Սարգսյան, իսկ այս, ինչպես բնորոշեցիք՝ խառը ու անկայուն ժամանակահատվածը Հայաստանի տնտեսության վրա ի՞նչ ազդեցություն ունեցավ:

– Մեր տնտեսությունն այս ընթացքում, կարող ենք ասել, ավելի շատ շահեց, քան կորցրեց, այն առումով, որ ռուս-ուկրաինական պատերազմն ավելի շատ դրական անդրադարձավ Հայաստանի վրա, քան այլ երկրներում:

Տրանսֆերտների, ՌԴ քաղաքացիների մեծ ներհոսքը, միանշանակ, նպաստեց մեր տնտեսության ակտիվության պահպանմանը, որովհետև այլ հավասար պայմաններում, այս բարձր գնաճային ֆոնին Հայաստանում պահանջարկի կտրուկ անկում էր լինելու, իսկ այս ներհոսքը աջակցեց համախառն պահանջարկին, որը ոչ միայն կոմպենսացվեց, դեռ մի բան էլ ավելցուկային պահանջարկ եղավ, ինչն էլ նպաստեց, որ գներն էլ ավելի բարձրանան մի շարք ոլորտներում:

Իրականում, Հայաստանում գնաճին նպաստեց նաև ՌԴ քաղաքացիների մեծ ներհոսքը, որովհետև եթե մեր քաղաքացիները, ելնելով բարձր գնից, ինչ-որ ապրանք որոշեն չգնել, ապա ռուսներն այդ խնդիրը չունեն, քանի որ մեզ մոտ, չնայած առկա գնաճին, գներն անհամեմատ ավելի ցածր են, քան Ռուսաստանում, որտեղ գնաճը հասել է մինչև 17 տոկոսի։ Այսինքն՝ այս ներհոսքը, դրական ազդեցությանը զուգահեռ, ունեցավ նաև բացասական ազդեցություն՝ խթանելով գնաճը և այն հասցնելով մինչև 10,2 տոկոսի:

Ավելին՝ տնտեսության ոչ բոլոր ճյուղերի համար այս ներհոսքն ունեցավ թեկուզ ժամանակավոր դրական ազդեցություն, ուստի մեզ պետք են լուրջ կառուցվածքային փոփոխություններ, պետք էր մշակող արդյունաբերությունը զարգացնել, որովհետև այս ժամանակավոր ներհոսքի դադարից հետո տնտեսությունը կանգնելու է լուրջ հիմնախնդիրների առաջ, որոնք օր առաջ պետք է լուծված լինեին:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am