Ապատեղեկատվություններ «5-րդ ալիքի» եթերում

Ապատեղեկատվություններ «5-րդ ալիքի» եթերում
Ապատեղեկատվություններ «5-րդ ալիքի» եթերում

Բլոգեր Տիգրան Քոչարյանը «5-րդ ալիքի» եթերում անհիմն պնդումներ է արել մի շարք հարցերի շուրջ։

Մարտի 5-ին, «5-րդ ալիքը» հյուրընկալել էր բլոգեր Տիգրան Քոչարյանին, որը հայտնի է «Փիղ» մականունով: Նա, ինչպես նաև հարցազրուցավար Ագնեսա Խամոյանը, հարցազրույցի ընթացքում հանդես են եկել մի շարք անհիմն պնդումներով։ Ստորև անդրադառնանք դրանց։

Քոչարյանը հարցազրույցի ժամանակ պնդել է, որ ոստիկանության տվյալներով, այս տարվա Մարտի մեկի երթին մասնակցել է 12 հազար մարդ։ Այդպիսի տեղեկություն, սակայն, չկա ո՛չ ոստիկանության կայքում, ո՛չ էլ նրանցֆեյսբուքյան էջում։ Մեզ հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց, որ երթի մասնակիցների մասին որևէ տեղեկություն ոստիկանությունը չի հրապարակել։

Ավելին, «Իրազեկ քաղաքացիների միավորման» հաշվարկով, որն իրականացվել է դրոնով արված լուսանկարներն ուսումնասիրելով, երթին մասնակցել է 25-ից 30 հազար մարդ, երթի երկարությունը եղել է շուրջ 2 կիլոմետր, և երբ դրա առաջին մասնակիցները հասել են Մյասնիկյանի արձանի մոտ, երթի հետևի շարքերը դեռևս Ազատության հրապարակում էին:

Փաշինյանի ֆեյսբուքյան էջի մասին

Ըստ Քոչարյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի հրապարակումների like-երը և share-երը պակասել են, քանի որ այն «տռոլերի ֆաբրիկան», որը զբաղվում էր դրանով, հիմա «չի հասցնում»։

Նշենք, որ այդ արտահայտությունը (troll factor, фабрика троллей) գործածվում էհատկապես ռուսական պետական քարոզչություն տարածող՝ Համացանցի հետազոտությունների գործակալության համար։ Ենթադրվում է, որ այդ կազմակերպությունն ակտիվ դերակատարություն է ունեցել 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ և ազդել դրանց արդյունքների վրա։

Կիրառելով այդ արտահայտությունը՝ Քոչարյանն ակնարկում է, որ Փաշինյանը կամ նրա թիմը «տռոլերի ֆաբրիկա» են ունեցել, որը հավանել և տարածել է նրա հրապարակումները։ Հարց է ծագում, սակայն, թե ինչու պետք է Փաշինյանը կամ նրա թիմը պահեր «տռոլերի ֆաբրիկա», եթե նրա վարկանիշը 2018 թվականի ամռանը ևաշնանը իրականացրած հարցումներով 80 տոկոսից բարձր էր։

Ամեն դեպքում նշենք, որ մինչ այս «տռոլերի ֆաբրիկայի» մասին տեղեկություններ չեն հրապարակվել որևէ մեկի կողմից, այդ թվում՝ Քոչարյանի։

Կրճատումների մասին

Քոչարյանը պնդում է, որ Սփյուռքի նախարարության և Մշակույթի նախարարության որոշ աշխատակիցների «ամսի մեկից հաջողություն» են ասել:

Սա չի կարող համապատասխանել իրականությանը, քանի որ «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքի նախագիծը դեռևս ընդունված չէ (և անգամ ընդգրկված չէ ԱԺ օրակարգում), և հայտնի չէ, թե երբ է ընդունվելու: Որևէ մեկը չի կարող այդ նախարարությունների աշխատակիցներին աշխատանքից ազատել, քանի դեռ խորհրդարանը չի հաստատել այդ նախարարությունների վերակազմակերպումը (օպտիմալացումը):

Թոշակների ուշացման մասին

Հարցազրուցավար Ագնեսա Խամոյանը, խոսելով թոշակների վճարման մասին, պնդում է, որ այս՝ մարտ ամսին, դրանք ուշացումով են վճարվել՝ ամսի 5-ից։ Այս մասինհայտարարություն էր տարածել Սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ նշելով, որ գործող օրենսդրության համաձայն, կենսաթոշակը վճարվում է ամսվա երրորդ աշխատանքային օրվանից։ Իսկ մարտ ամսվա 3-րդ աշխատանքային օրը մարտի 5-ն էր:

City of Smiles հիմնադրամի մասին

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի City of Smiles հիմնադրամի մասին խոսելով՝ Քոչարյանը փորձել է կապ գտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անունից հիմնադրամին փոխանցած գումարի և Գարեգին Բ կաթողիկոսի դեմ շարժման մարման մեջ։

Այսպես, ըստ Քոչարյանի, հուլիսի 14-ին Գնդեվանքում հարձակվում են կաթողիկոսի վրա, իսկ հուլիսի 31-ին Մայր Աթոռի կողմից հիմնադրամին 43 միլիոն դրամ գումար փոխանցելուց հետո հարձակումները դադարում են։

Նախ նշենք, որ վերոնշյալ գումարը հիմնադրամին թեև փոխանցվել է Մայր Աթոռի անվան տակ, բայց իրականում փոխանցողը Տեր Մամփրե Կուզույանն է։ Վերջինս ԱՄՆ Բոստոն քաղաքի մոտ գտնվող Քեմբրիջի հայկական առաքելական եկեղեցու քահանանէ եղել և նշված գումարն առաջացել էր իր տարեդարձի միջոցառման ժամանակ իրականացված դրամահավաքի շնորհիվ։

Ըստ այդմ, վերոնշյալ 43 միլիորնը փոխանցել է ոչ թե Մայր Աթոռը, այլ Կուզույանը։

Ինչ վերաբերում է Քոչարյանը ակնարկներին, թե ինչ-որ կապ կա կաթողիկոսի դեմ պայքարողների և Փաշինյանի միջև, ապա դա մնում է զուտ ենթադրությունների մակարդակում։

Հարկ է նաև նշել, որ ի հեճուկս բլոգեր Քոչարյանի հայտարարության, թե կաթողիկոսի դեմ ցույցերը մարել էին հուլիսի 31-ին, նմանատիպ բողոքի ակցիաներ տեղի են ունեցել նաև հոկտեմբերին և դեկտեմբերին։

Սորոսի մասին

Խոսելով միլիարդատեր Ջորջ Սորոսի և վերջինիս «Բաց հասարակության հիմնադրամների» մասին՝ Քոչարյանը կրկնում է ռուսական դավադրական տեսությունները, թե Սորոսը քանդում է երկրներ՝ բիզնես անելու համար։

Հարցազրուցավար Ագնեսա Խամոյանը, իր հերթին, պնդում է, թե Սորոսն այս կապակցությամբ հայտարարել է, թե «վատ բան չի անում, իր բինզեսնի մասին է մտածում»։  Սորոսի կողմից նման բովանդակությամբ հայտարարության վերաբերյալ հրապարակումներ որևէ անգլիալեզու աղբյուրում չկան, սակայն հարկ է նշել, որ Սորոսին դեմոնիզացնող, նրան տարատեսակ հայտարարություններ վերագրող բազմաթիվ հրապարակումներ կան համացանցի ռուսալեզու տիրույթում։

Հ.Գ. «Սիվիլնեթի» մեր գործընկերների հետաքննության համաձայն, «5-րդ ալիքը» պատկանում է Մարտի մեկի գործով կալանավորված, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներից Արմեն Թավադյանին:

www.Fip.am