«Կորոնայի պիկ շրջանն էր, նստած լաց էի լինում մահացած մարդու կողքին». բուժքույր Նուշիկն ասում է, որ աշխատանքը թեև ծանր է, սակայն սիրելի

Լուսանկարը՝ անձնական արխիվից

Երեք երեխաների մայր, 35-ամյա Նուշիկ Եզեկյան-Ուռումյանն իր օրինակով ցույց է տալիս, որ երբեք ուշ չէ նոր մասնագիտություն ձեռք բերել և կատարել այն գործը, ինչն իրականում իրենն է։

Նախկինում տարբեր մասնագիտություններ ուսումնասիրելով և հմտանալով վարսահարդարման, հրուշակագործության ոլորտներում, Նուշիկը 32 տարեկանում որոշում է կտրուկ փոփոխություն կատարել և մտնել առողջապահության ոլորտ։

2020-ի մարտին երեք երեխաների մայրն արդեն Արթիկի բժշկական քոլեջի 2-րդ կուրսի ուսանող էր, երբ Հայաստանում տարածում ստացավ կորոնավիրուսային համավարակը։ Նուշիկն ասում է, որ առանց մի րոպե երկմտելու որոշեց կամավոր միանալ համավարակի դեմ պայքարին: 

«Ուզում էի մարդկանց օգնել, և մեծ էր ձգտումս հենց գործնական, մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելու»,- «Մեդիալաբին» ասում է Նուշիկը: 

«Առաջին աշխատանքային օրս եղել է 2020-ի մարտի 28-ին, երբ քովիդը նոր էր Հայաստան «եկել», շատ ծանր շրջան էր։ Եկա կամավոր, բայց ինձ ասացին, որ նաև վարձատրվելու եմ: Ես եկել էի մարդկանց օգնելու, փորձ ձեռք բերելու, կորոնավիրուսային հիվանդությունն ուսումնասիրելու, ու երբ իմացա, որ վարձատրելու են, շատ զարմացա, ասեցին՝ պետությունը վճարում ա։ Բայց իմ համար դա միևնույն էր, ինձ համար կարևորը իմ մասնագիտությունն էր, առաքելությունն էր»,- ասում է բուժքույրը:

Նա նշում է, որ նախկինում ձեռք բերած մասնագիտություններն «իրենը չէին»: 

«Հատկապես մեր մարզում՝ Շիրակում, այդքան շարժ չկար, ընտրեցի առողջապահության ոլորտը, որովհետև հարազատներիս մեծ մասը բժիշկ են, իրենց ցուցումով, իրենց աշխատանքը, այդ առաքելությունը տեսնելով՝ իմ մեջ սովորելու նկատմամբ հետաքրքրություն առաջացավ: Դա էր պատճառը, որ ընտրեցի բուժքույրությունը։

Դա արդեն այն շրջանն էր, երբ երեխաներս ավելի մեծ էին, ամեն մեկն իր դասերով, պարապմունքներով, շատ կազմակերպված էին, ինքնուրույն ամեն ինչ անում էին, կարող էի արդեն ինքս ինձ ավելի շատ ժամանակ տրամադրել ու մտնել էդ ամենի մեջ»,- «Մեդիալաբին» ասում է Նուշիկը և հավելում.- երբեք ուշ չէ սովորելու համար։ Ես նույնիսկ մտածում եմ՝ քոլեջն ավարտելուց հետո, եթե հնարավորությունս ների, խորացնեմ գիտելիքներս և բժիշկ դառնամ, ես գտել եմ իմ մասնագիտությունը, շատ սիրեցի»։

Նուշիկը մինչև այժմ շարունակում է իր աշխատանքը՝ ներգրավված լինելով Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի կորոնավիրուսային բաժանմունքներում։

Ասում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում կորոնավիրուսային համավարակի ու Արցախյան պատերազմի ժամանակ աշխատանքի ծանրաբեռնվածությունն ու ապրումները աննկարագրելի են, հաճախ են հուսահատության պահեր եղել, աշխատանքային օրվա ծանրաբեռնվածությունից հետո անգամ հուզվել և արտասվել է, բայց ընդգծում է՝ թիմային աշխատանքի ու լավատեսության շնորհիվ ամեն անգամ կարողացել է ուժ գտնել և կատարել իր առաքելությունը:

«Սկզբում քովիդի բարդ շրջանն էր, երբ չգիտես՝ ի՛նչ հիվանդության հետ գործ ունես, քեզ ինչ է սպասում՝ քեզ վտանգելով, քո ընտանիքը թողնելով՝ եկել ու կռվում ես մի պատերազում ու չգիտես՝ հարվածը որտեղից ա գալիս։ Աստիճանաբար արդեն սկսեցինք հունի մեջ ընկնել, աշխատել ու… սկսվեց պատերազմը։ 

Կորոնավիրուսն էլ էդ ժամանակ շատացավ, չէինք հասցնում, չգիտեինք՝ շարունակեինք կորոնավիրո՞ւս բուժել, թե՞ վիրավոր զինվորներին:

Սկզբնական շրջանում շատ եմ հուզվել, լաց եղել, երեխեքիս շատ էի կարոտում, պահ է եղել, որ ուզել եմ իրենց գրկեմ, որ հոգնած պահիս ուժ տան, եղել ա՝ ամեն օր աշխատել ենք 24 ժամ, երբ մեր թիմի մեծ մասին տարան առաջնագիծ, մենք աշխատում էինք ամեն օր, առանց դադարի»,- հիշում է բուժքույրը։

Բուժքույրն ասում է, որ լավատեսությամբ փորձել են հաղթահարել անհաղթահարելի թվացող շրջանը․ «Փորձում էինք լավատես լինեինք, ուրիշ տարբերակ չունեինք։ Հավաքվել էր խելացի ու լավ մասնագետների թիմ, ու, մեկս մյուսին օգնելով, փորձում էինք հաղթահարել դժվարությունները»։

Նուշիկը մինչ այժմ չի կարողանում մոռանալ առաջին մահը, երբ որպես բուժքույր ականատես է եղել, պատմում է, որ նստել է մահացած մարդու կողքին և լացել:

«Մայիսը կամ հունիսն էր, կորոնայի պիկ շրջանն էր, ես նստած լաց էի լինում էդ մահացած մարդու կողքին: Մեր բաժնի վարիչը ներս մտավ, հարցրեց՝ ինչի՞ ես լաց լինում, ասեցի՝ ոնց չլացեմ… Հետո հասկացավ, որ էս ոլորտում նորեկ եմ, բարեհամբույր բացատրեց, ասեց՝ որ էստեղ, ցավոք սրտի, շատ մահեր կտեսնեմ, պիտի կարողանամ հույզերս կառավարել, քանի որ դա խանգարելու է գործին: Քիչ-քիչ սովորեցի, ընտելացա։ Լինում էին դեպքեր, որ ես լսում էի մահացող մարդու վերջին խոսքը, ոչ թե իր հարազատը, դա ևս անտանելի էր»,- պատմում է Նուշիկը։

Բուժքույրն ասում է, որ ճիշտ է՝ աշխատանքը հեշտ չէ, բայց երբ տեսնում է, որ հիվանդն առողջացել է և դուրս է գրվում, դա ամենամեծ երջանկությունն է իր համար։

Ուրախությամբ հայտնում է, որ որդին, տեսնելով իր կատարած աշխատանքը, ինքն էլ որոշել է բժիշկ դառնալ:

«Տղաս ևս ոգևորվել է՝ տեսնելով այս ամեն ինչը, արդեն պարապում է կենսաբանություն, քիմիա, ուզում է բժիշկ դառնալ, իր մոտ էլ մարդկանց օգնելու ցանկություն առաջացավ»,- ժպտալով ասում է մայրը։

Քանի որ մայիսի 12-ը նշվում է Բուժքույրերի միջազգային օրը, Նուշիկը իր կողմից գործընկերներին շնորհավորում է և մաղթում մեծ կամքի ուժ մասնագիտական առաքելությունը լավագույնս կատարելու համար:

«Մեր աշխատանքը հեշտ չէ, մենք իրավունք չունենք ոչ մի հարցում սխալվելու, որովհետև գործ ունենք մարդու կյանքի հետ։

Ես իմ գործընկերներին էնքան շատ եմ սիրում։ Առողջություն եմ մաղթում ու երախտապարտ հիվանդներ»,- ասում է Նուշիկը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am