Սկրիպալների դեմ մահափորձի մեջ կասկածվողները հարցազրույց են տվել

Սկրիպալների դեմ մահափորձի մեջ կասկածվողները հարցազրույց են տվել
Սկրիպալների դեմ մահափորձի մեջ կասկածվողները հարցազրույց են տվել

Սկրիպալների դեմ մահափորձի մեջ կասկածվողները հարցազրույց են տվե, Ալեքսանդր Պետրով և Ռուսլան Բոշիրով ներկայացող անձինք չեն ընդունում մեղքը։

Russia Today հեռուստաալիքը հրապարակել է որպես Ալեքսանդր Պետրով և Ռուսլան Բաշիրով ներկայացած անձանց հարցազրույցը։ Բրիտանիայի իշխանությունները նրանց մեղադրում են ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլյայի դեմ մահափորձ կազմակերպելու համար։

Նախապատմությունը

2018թ․ մարտին Անգլիայի Սոլսբերի քաղաքում մահափորձ էր կազմակերպվել ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլյայի դեմ։ Բժիշկների օպերատիվ միջամտության շնորհիվ նրանց կյանքը հաջողվել էր փրկել։ Տուժել էր նաև դեպքի վայր ժամանած ոստիկանը։

Մահափորձի ժամանակ օգտագործվել էր «Նովիչոկ» կոչվող նյարդապարալիզացնող միջոցը, որը մշակվել և արտադրվել էր Խորհրդային Միությունում։

Երեք շաբաթ անց Սոլսբերիում մահացավ մի կին, նրա կողակիցը նույնպես տուժել էր։ Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ զույգը աղբամանում գտել էր օծանելիքի տարան, որի մեջ պահել էին «Նովիչոկը»։

Անգլիայի ոստիկանության հավաստմամբ՝ Սկրիպալների դեմ մահափորձի հետ կապ ունի 6 ռուսաստանցի։ Հայտնի է երկուսի անունը՝ Ռուսլան Բաշիրով և Ալեքսանդր Պետրով։ Ոստիկանությունը պնդում է, որ նրանք Գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցներ են, իսկ անունները, հնարավոր է, կեղծ են։ «Պետրովի» և «Բաշիրովի» դեմ միջազգային հետախուզում է հայտարարված։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ նման գործողությունը «չէր կարող իրականացվել առանց ՌԴ բարձրաստիճան պաշտոնական անձանց թույլտվության»։

Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և այլ պետություններ Ռուսաստանի Դաշնության դեմ սառը պատերազմի ժամանակաշրջանից ի վեր աննախադեպ պատժամիջոցներ են սահմանել։

Արձագանքը
Սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի նախագահ Պուտինը հրապարակավ խորհուրդ տվեց այն մարդանց, որոնց կասկածում են Սկրիպալների դեմ մահափորձի մեջ, «դիմել ԶԼՄ-ներին և ամեն բան պատմել։ «Մենք նրանց գտել ենք, նրանք քաղաքացիական անձինք են, ոչ մի կրիմինալ բան այնտեղ չկա»,- հավելել էր նա։

Հաջորդ օրը Ռուսլան Բոշիրով և Ալեքսանդր Պետրով ներկայացած 2 տղամարդ հարցազրույց տվեցին պետական ռուսական հեռուստաալիքին։

Նրանց խոսքով՝ իրենք Մեծ Բրիտանիա էին այցելել տուրիստական նպատակով։ Սոլսբերի էին գնացել տեսարժան վայրեր տեսնելու համար։ ԳՀՎ-ի համար չեն աշխատում։ Մահափորձի մեջ մեղադրանքները «կործանել են նրանց կյանքը»։ Լրատվամիջոցներին դիմել են «պաշտպանության ակնկալիքով»։

Ոչ պաշտոնական գնահատականները

Սոցցանցերի ռուսաստանցի օգտատերերը, լրագրողներն ու փորձագետներն անհապաղ արձագանքեցին այդ հարցազրույցին։ Եվ ահա, թե ինչ են նրանք ասում․

«Պետրովն» ու «Բաշիրովն» ունեն Russia Today  հեռուստաալիքի՝ ռուսական հիմնական քարոզչական ռեսուրսի գլխավոր խմբագրի հեռախոսահամարը

«Իրենց անձը հաստատող ոչ մի փաստաթուղթ իրենք չեն ներկայացրել»

««Պետրովն» ու «Բաշիրովը» չկարողացան ցույց տալ այն լուսանկարները, որոնք արել են Սոլսբերիի տեսարժան վայրերը դիտելիս»

«Նրանք ստել  են՝ պատասխանելով հարցին, թե ինչու են Սոլսբերի այցելել 2 անգամ՝ մարտի 2-ին և մարտի 3-ին։  Նրանց վարկածը, թե առաջին օրն առատ ձյուն էր տեղում, և իրենք չեն կարողացել որևէ տեղ հասնել, չի հաստատվում․ այդ օրը արևոտ, թեթև անձրևախառը եղանակ էր»

«Հարց չհնչեց այն մասին, որ նրանց լոնդոնյան հյուրանոցային համարում «Նովիչոկի» հետքեր են գտել»

«Չհնչեց նաև այն հարցը, թե ինչու են նրանք Լոնդոնից մեկնելու համար միանգամից 2 չվերթի համար (մարտի 3-ի երեկոյան և մարտի 4-ի առավոտյան) տոմս ամրագրել»

Պաշտոնական գնահատականները

Բրիտանիայի խորհրդարանում Սոլսբերին ներկայացնող պատգամավոր Ջոն Գլենը հայտարարել է, որ կասկածյալների այն պնդումները, թե նրանք այդ քաղաք են մեկնել տեղի տեսարժան վայրերն այցելելու համար, արժանահավատ չեն։ Նրա խոսքով՝ RT-ի հետ զրույցում նրանց պատմածը չի համապատասխանում հետախուզական այն տեղեկություններին, որոնք ունեն Բրիտանիայի հատուկ ծառայությունները։

Պատգամավորը քամահրանքով նկատեց, որ ուրախ է այցելուների տուրիստական հետաքրքրվածության համար, սակայն զարմացած է, որ «նրանք Սոլսբերի էին եկել ընդամենը 2 օրով և ուղեբեռում «Նովիչոկ» էին ունեցել»։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Սկրիպալների գործի առնչությամբ ռուս պաշտոնյաների արձագանքը վիրավորական է որակել՝ ասելով, որ նրանց ելույթները «մարտահրավեր են առողջ բանականությանը»։

Աղբյուրը՝ jam-news.net