«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը
– Պարո՛ն Ղևոնդյան, նախօրեին Ռուսաստանի նախագահը խոսել էր Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան դուրս բերելու մասին, եթե Հայաստանը դա ցանկանա, այսօր էլ Հայաստանի վարչապետն է լրագրողներին ասել, որ եթե Ռուսաստանը ցանկանա այն դուրս բերել, ապա իրենք դեմ չեն լինի, քանի որ «102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի տարածքում կենսական անհրաժեշտություն չէ»: Իսկապե՞ս այդ ռազմաբազան մեզ համար չունի կարևոր նշանակություն:
– Այդ ռազմաբազան Հայաստանի համար կենսական նշանակություն չունի առնվազն չորս տարի, այն արժեքը, որ ունեցել է, կորցրել է տասնամյակներ առաջ, ճիշտ այն ժամանակ, երբ ակնհայտ էր, որ Թուրքիան ուղիղ ռազմական միջամտություն չի իրականացնի Հայաստանի նկատմամբ ու Հայաստանի նկատմամբ վարում է պրոքսի կոնֆլիկտի տրամաբանություն Ադրբեջանի միջոցով: Առավելևս վերջին տարիներին, երբ տարածաշրջանում իրավիճակը փոխվել է, և փաստացի չկա կոնֆլիկտային տրամաբանությունը ո՛չ Հայաստանի և Ադրբեջանի, ո՛չ էլ Հայաստանի ու Թուրքիայի միջև, ռուսական ռազմաբազան ընդհանրապես գործառույթ չունի, բայց կան երկրորդական գործառույթներ, որոնք իրականացնում է:
Առաջինը սահմանապահ ծառայության համակարգումն է, գիտենք, որ սահմանապահները Թուրքիայի ու Իրանի սահմաններին դեռևս 50-50 հարաբերակցությամբ են, երկրորդ գործառույթը որոշակի աշխատատեղերի ապահովումն է: Հաշվի առնելով, թե Հայաստանը տարեկան որքան գումար է ծախսում այդ ռազմաբազան պահելու համար, որովհետև, ըստ մեր նախկին անփառունակ նախագահների ստորագրած պայմանագրերի, ամբողջ ծախսը Հայաստանի վրա է, ապա մենք այդ մի քանի ընտանիքներին, դեռ իրենց թոռներին էլ կկարողանանք ապահովել այդ գումարով:
– Իսկ Ռուսաստանի նախագահն ինչո՞ւ առհասարակ խոսեց այդ մասին:
– Ենթադրում եմ, որ հենց այդ կետի վերաբերյալ է ինչ-որ ակնարկ եղել, որ ես ասացի՝ Հայաստանն է ամբողջ ծավալով ապահովում այդ ռազմաբազայի Հայաստանում գտնվելը, և Պուտինն էլ ասել է, թե մենք կարող ենք հեռանալ Հայաստանից, խնդրեմ, հեռացեք, ձեզ պահող էլ չկա Հայաստանում, հենց դա էլ իր ճեպազրույցում այսօր ասաց Փաշինյանը:
– Իսկ ռուսական կողմը նման որոշում կընդունի՞:
– Խիստ կասկածում եմ, որ ռուսական կողմը որոշում կընդունի հանել իր ռազմաբազան Հայաստանից, սա հերթական շանտաժի փորձն է՝ ենթադրելով, թե նախկին տրամաբանությունը գործում է, և Հայաստանում մարդիկ պետք է վախից դողան, եթե ռուսական ռազմաբազան չլինի: Ռուսաստանի համար Հայաստանում ռազմաբազա ունենալը որևէ առնչություն չունի ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ հայ-ռուսական հարաբերությունների հետ, դա միայն Ռուսաստանին՝ ինքն իրեն կայսրություն պատկերացնելու դրսևորումներից մեկն է: Այնպես որ հանել, թե չհանելը հայ-ռուսական հարաբերությունների հետ կապ չունի, այլ հարց է, որ Հայաստանը գուցե ինչ-որ մի օր այնպիսի պայմաններ առաջարկի, որոնց Ռուսաստանը չհամաձայնի, բայց դա արդեն քաղաքական խնդիր է:
– Պարո՛ն Ղևոնդյան, եթե այդ ռազմաբազան մեզ համար չունի կենսական նշանակություն, մի բան էլ ծախսատար է, ինչպես ասում եք, ապա ինչո՞ւ Հայաստանի իշխանությունը չի առաջարկում կամ ուղիղ չի ասում Ռուսաստանին, որ հանի ռազմաբազան Հայաստանից:
– Իրականում այն բեռ է Հայաստանի համար, բայց այդ հարցը Հայաստանի իշխանություններին է ուղղված, բայց ես համոզված եմ, որ եթե ինչ-որ մի պահ գա, որ ռուսական ռազմաբազան կլինի ոչ թե ֆինանսական բեռ, այլ աշխարհաքաղաքական խնդիր մեզ համար, դուրս կհանենք:
– Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո, դատելով առանձնազրույցից, դրանից հետո հնչած հայտարարություններից, ձեր գնահատմամբ, հայ-ռուսական հարաբերությունների լարվածությունը միտում ունի թուլանալո՞ւ, թե՞ ընդհակառակը:
– Հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը չի կարող որևէ դեպքում թոթափվել, որովհետև այդ հարաբերությունները վերականգնվում են որպես գործընկերային հարաբերություններ: Սա, բնականաբար, այն կողմի համար, որն իրեն պատկերացնում էր գաղութատեր, հաճելի ու ցանկալի չէ, նորմալ է, որ Մոսկվան այս փոփոխությանը բացասական է արձագանքում, ու դա բնավ դուր չի գալիս իրեն, այդպես էլ պետք է լիներ, սպասելի արձագանք է:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
















