«Հայաստանում փորձում են ստեղծել անիշխանության իմիտացիա, ստեղծել համապատասխան ֆոն և իրավիճակը տանել հեղաշրջման». Ռուբեն Մեհրաբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ Ռուբեն Մեհրաբյանը

– Պարո՛ն Մեհրաբյան, ընդդիմադիր 16 կուսակցություններ Նիկոլ Փաշինյանին վերջնագիր են ներկայացրել։ Եթե հրաժարական չտա, ի՞նչ կլինի։

– Դատելով իրենց հայտարարություններից՝ ես չեմ կարծում, որ նրանք ձեռնարկելու են մի գործընթաց, որը օգուտ է բերելու Հայաստանին, իսկ մնացածը, թե ինչ դրսևորումներ կստանան, կապրենք կտեսնենք։ Նար պետք է ասել, որ դա լինելու է այնքանով, որքանով նրանց թույլ կտան, երբ խոսքը ապակառուցողական վարքագծի մասին է։ Այս առումով անելիքներ ունեն դատախազությունը, քննիչները, իրավապահները։

– Ի վերջո, ի՞նչ հանգուցալուծում պիտի ստանա այս բարդ իրավիճակը։

– Այս իրավիճակը ունի միայն մեկ հանգուցալուծում՝ կայունացման ժամանակաշրջան, որին պետք է հետևի արտահերթ ընտրությունների գործընթաց.  իշխանությունը պետք է հնարավորություն ստանա նորացնելու իր մանդատները մի կողմից, և մյուս կողմից քաղաքական ուժերը իրենց այլընտրանքային ծրագրերը ներկայացնեն հանրության դատին։ Այս գործընթացից մենք ուժեղ պետք է դուրս գանք։

– Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իր օրակարգում չկա հրաժարական։

– Իմ կարծիքով՝ արտահերթ ընտրությունների գործընթացի անհրաժեշտությունը ինքը՝ Փաշինյանն էլ է գիտակցում, բայց մենք պետք է հասկանանք, որ առաջիկայում դա հնարավոր չէ, ես մոտավորապես վեց ամսվա հորիզոն եմ տեսնում, որը հնարավորություն կտա ձևավորելու ազնիվ խոսակցության համար մթնոլորտ։

– Պարո՛ն Մեհրաբյան, մենք տեսնում ենք Սյունիքի մարզի համայնքի ղեկավարների և ավագանիների հայտարարությունը Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երբևէ նման բան  տեղի ունեցե՞լ էր։

Ես չէի ասի, որ դա ամբողջ Սյունիքն է, և երկրորդ՝  դրանք մի խումբ մարդիկ են, որոնք ես չէի ասի, որ արտացոլում են Սյունիքի հասարակության հավաքական կարծիքը։

– Նրանք ասոցացվում են նախորդ իշխանության հե՞տ։ 

– Ավելին՝ նրանք նաև հետապնդում են որոշակի խմբակային շահեր։

– Այսինքն՝ մարզպետի հրաժարակա՞նն էլ պատահական չէր։

– Համատեքստը կարելի է համարել, որ նույնն էր։

Հայաստանում փորձում են ձևավորել անիշխանության մթնոլորտի տպավորություն, փորձում ստեղծել անիշխանության իմիտացիա, ստեղծել համապատասխան ֆոն և իրավիճակը տանել հեղաշրջման, այսինքն՝ իրականացնել 98 թվական 2 օպերացիա։ Ընդ որում՝ ինչպես տեսնում ենք, դա նույն  շրջանակն է, նույն ուժերն են, որոնք ժամանակին իրար հետ կոալիցիա են եղել և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի օրոք։ 

-Վ ազգեն Մանուկյանի հայտարարությունն ինչպե՞ս կբնորոշեք։

– Դա անպատասխանատու վարք է փորձառու համարվող քաղաքական գործչի կողմից, որը կամ պատկերացում չունի իր ասածի հետևանքներից, կամ միտումնավոր է անում, ինչն ավելի վատ է։

– Հաջողելու որևէ շանս ունե՞ն նրանք։

– Եթե նայենք նրանց հասարակական հենարանի համատեքստում, ապա նրանք չունեն որևէ հենարան, սակայն նրանց հույսն է ճոճել իրավիճակն այն աստիճանի, որ իշխանությանը պարտադրեն իրենց կամքը, պարալիզացնեն իշխանության կամքը և իշխանությանը փաթաթեն իրենց կամքին։

– Իշխանության քայլերը ադեկվա՞տ են ստեղծված իրավիճակին։

– Իշխանությունը ավելի հստակ և կոշտ պետք  է գործի և իշխանությունը իր հետագա քայլերի առումով ավելի հասկանալի պետք է լինի, քան կա։ 

Իշխանությունը պետք է ծրագիր ներկայացնի, և դա ոչ թե պետք է լինի ֆեյսբուքյան գրառման կարգավիճակով, այլ պետք է լինի հաստատված ծրագրով, որը իրավաբանորեն կստանձնի այն քաղաքական ուժը, որը տեր է կանգնելու և իրականացնելու է այդ ծրագիրը և լուծելու առաջնային կարևորության հարցերը։

Եւ երկիրը բերելու այն կետին, որտեղ հնարավոր կլինի խոսել արտահերթ ընտրական գործընթացների մասին, ընդ որում՝ դա բխում է  և՛պետության, և՛ հասարակության, և՛ իշխանության շահերից և այդ քայլերն անելու պատասխանատվությունն այսօրվա գործող իշխանության վրա է։ Եվ իմ տպավորությամբ՝ հասարակությունը հենց այսպիսի սպասելիք ունի իշխանությունից։

Մանե Հարությունյան

MediaLab.am