ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը և պատասխանները լրագրողների հարցերին Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին

Պարո՛ն նախարար,

Սիրելի՛ բարեկամ, սիրելի՛ Քսավյե,

Ուրախ եմ հյուրընկալել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում՝ Երևանում:

Ուզում եմ ասել, որ իմ և հարգելի նախարարի միջև շփումները պարբերական են, հաճախակի, և մենք բավականին հաճախ առիթ ենք ունենում խոսել և՛ երկկողմ հարաբերությունների մասին, և՛ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին, և՛ տարածաշրջանային մեր հարցերի մասին, բայց հատկապես ուրախ եմ ողջունել նախարարին և իր պատվիրակությանը «Երևանյան երկխոսություն» միջոցառմանը մասնակցելու առիթով: Ես վստահ եմ, հարգելի՛ պարոն նախարար, Ձեր ներդրումը մտքերի փոխանակությանը շատ արժեքավոր կլինի, և մեզ համար շատ ողջունելի է դա: Իհարկե, սա նաև ավանդաբար արդեն մեր շփումը և Ձեր այցը լավ հնարավորություն է նաև խոսել մյուս հարցերի վերաբերյալ՝ մեր երկկողմ հարաբերությունների, Հայաստան-ԵՄ հարաբերությունների:

Հարգելի՛ ներկաներ,

Ես կցանկանայի առանձնացնել մի քանի բան։

  • Նախ փետրվարին, եթե հիշում եք ես այց ունեցա Լյուքսեմբուրգ, և այնտեղ մենք բացեցինք ՀՀ դիվանագիտական գրասենյակը. սա ևս շատ շոշափելի և կոնկրետ ապացույցն է այն բանի, թե ինչպես ենք մենք տրամադրված Լյուքսեմբուրգի նկատմամբ: Լյուքսեմբուրգի հետ հարաբերությունների առնչությամբ մենք շատ լավ հիմքեր ենք ձևավորել արդեն ոլորտային համագործակցության համար. տնտեսություն, կրթություն, մնացած բոլոր ոլորտները, որոնք այս պահին, իհարկե, պետք է խոստովանենք, մի փոքր հետ են մեր քաղաքական երկխոսության մակարդակից, բայց հիմքերը, ինչպես ասացի բավականին լավն են:
  • Պետք է նշել, որ, իհարկե, մեր համագործակցությունը չի սահմանափակվում երկկողմ օրակարգով: Մենք բավականին շոշափելի, դրական արդյունքներով և մշտապես դրական տրամադրվածությամբ համագործակցություն ունենք միջազգային զանազան հարթակներում, որտեղ մենք հաճախակի աջակցում ենք միմյանց նախաձեռնություններին և միմյանց թեկնածություններին: Այս մեր հանդիպման ընթացքում նաև կարևորել ենք դա՝ բազմակողմ հարթակներում մեր համագործակցությունը:
  • Իհարկե, մեր օրակարգի կարևոր մաս են Հայաստան-ԵՄ հարաբերությունները, և մենք հենց այսօր, ըստ էության, արդեն ունենք Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության պաշտոնական մեկնարկ: Մենք ունենք մինչ այդ այս մասին դրական ուղերձը Եվրոպական միությունից, մենք ունենք խաղաղության աջակցության գործիքի ներքո Եվրոպական միության աջակցության մասին որոշումը, մենք մեր սահմանին ունենք Եվրոպական միության մտադիտարկման առաքելությունը: Եվ պետք է ևս մեկ անգամ փաստենք, որ իր տեղակայման պահից այս գործիքը, այս առաքելությունը բավականին արդյունավետ է եղել՝ մշտադիտարկելու իրավիճակը, և նաև, ըստ էության, որոշակի կայունություն ապահովելու գործում: Սրանք մի քանիսն են այն գործիքներից, որոնք մենք այսօր ունենք Եվրոպական միության հետ: Մենք հիմա միասին աշխատում ենք նոր գործընկերության օրակարգի ձևավորման, ըստ էության, այս օրակարգի վերջնականացման փուլում ենք, աշխատում ենք այս ուղղությամբ: Եվ ուզում եմ ձեր ներկայությամբ երախտիքս հայտնել նաև նախարար Բետելին այս ամբողջ ընթացքում Լյուքսեմբուրգի հստակ, աներկբա աջակցությունն ունենալու համար։

Իհարկե, հարգելի՛ գործընկերներ, այսօր քննարկել ենք նաև մեր տարածաշրջանի հարցերը։ Ես նախարարին տեղեկացրել եմ, որ Հայաստանը փոխանցել է Ադրբեջանին խաղաղության պայմանագրի նախագծի 10-րդ խմբագրությունը։ Եվ նաև գաղտնիք չի արդեն, որ այս խմբագրությունը մեծ հաշվով ներառում է ամբողջապես համաձայնեցված տեքստը։ Սրանք ամբողջապես համաձայնեցված հոդվածներն են, կամ մի քանի հոդվածի համաձայնեցված մասեր, և ըստ էության, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։ Մենք հավատացած ենք, որ իրական հնարավորություն կա սեղմ ժամկետներում ստորագրել խաղաղության պայմանագիրը և Հարավային Կովկասում մեր մասով երկարատև կայունության և խաղաղության էջ բացել և դարաշրջան բացել։

Իհարկե, չեմ մանրամասնի նաև ենթակառուցվածքների հատվածը, մեր մոտեցումը հանրահռչակված է։ Մենք պատրաստ ենք օր առաջ, րոպե առաջ սկսել ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը՝ մեզ բոլորիս հայտնի «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգում ներկայացված սկզբունքների շրջանակներում։

Մեր երկխոսությունը կշարունակենք նաև վաղը՝ արդեն բուն «Երևանյան երկխոսություն» միջոցառման շրջանակներում, որտեղ ես պատիվ ունեմ նախարարի հետ նույն քննարկման շրջանակներում մտքեր փոխանակել։

Եվս մեկ անգամ շնորհակալ եմ այցի համար, մեր բարեկամության և ընկերության համար: