Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանքի տակ. Հակակոռուպցիոն դատարան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանավորված։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ հրապարակել է Աշոտյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը ևս երեք ամսով երկարացնելու որոշումը։

«Սույն գործով մեղադրյալ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգել 3 ամսով մինչև 2024 թվականի հունվարի 15–ը»։

Պաշտպանության կողմը ժամանակ է խնդրել՝ նախագահողին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար։

Հիշեցնենք, որ Աշոտյանի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել` վերանայելու և փոխելու կալանքը` որպես խափանման միջոց կիրառելը։

Նշենք, որ  Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: