«Հայաստանում չունենք ոչ մի լաբորատորիա, որը կկարողանար մանրամասն հետազոտել այն յուղը, որով պատված էին արագիլները». թռչնաբան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թռչնաբան Կարեն Աղաբաբյանը

– Վերջին շրջանում իրարամերժ հայտարարություններ եղան արագիլների աղտոտված լինելու հետ կապված: Բնապահպանության և ընդերքի տեսչությունը հայտարարում էր, որ արագիլները կեղտոտված չեն, հիմա շրջակա միջավայրի նախարարությունը տարածել է հայտարարություն, որում նշել է աղտոտվածության պատճառների մասին: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը, երբ փաստորեն այս տարի ևս արագիլների աղտոտվածությունը փաստ է: 

– Որևէ հակասություն չկա հայտարարությունների մեջ, ուղղակի տեսչությունը մի տարածք է ուսումնասիրել, մենք՝ ուրիշ տարածք, դրա համար իրենց զննած տարածքում աղտոտված արագիլ չի հայտնաբերվել կամ քիչ է հայտնաբերվել, մեր զննածում հայտնաբերվել է: Մենք հասկանում ենք, թե որ սահմաններով է այդ տեղանքը ուրվագծվում, որտեղ արագիլները կեղտոտված են: 

– Ինչո՞ւ մեկ տարի անց ունենք նույն վիճակը, որտե՞ղ կա թերացում։

– Որովհետև անցյալ տարի, ի վերջո, չկարողացանք ապացուցել անմիջական կապը պոտենցիալ աղտոտող սուբյեկտի և արագիլների միջև: Չկարողացանք ապացուցել, որովհետև Հայաստանում չունենք ոչ մի լաբորատորիա, որը կկարողանար մանրամասն հետազոտել այն յուղը, որով պատված էին արագիլները: 

Ամենաշատը, որ մեր լաբորատորիաները կարողացան ասել, այն է, որ մենք գործ ունենք ինչ-որ պարենային յուղի հետ: Ամենայն հավանականությամբ՝ կենդանական ծագման: 

Քանի դեռ այդ լաբորատորիան չկա, անիմաստ է դառնում շարունակել լաբորատոր հետազոտությունները: 

Մենք հիմա համապատասխանաբար փորձում ենք հարցին ուրիշ ձևով մոտենալ: Անցյալ տարի, եթե հիշում եք, մենք բավականին ուշ սկսեցինք այդ խնդրով զբաղվել, և մեր հիմնական առաջնահերթ խնդիրն էր փրկել այն թռչուններին, որոնք թռչելու ունակությունը կորցրել էին յուղով պատված լինելու պատճառով: 

Դրա համար աղբյուրը հայտնաբերելու ընթացքը մենք ուշ սկսեցինք: Այս տարի ավելի շուտ ենք սկսել, ինչը մեզ հնարավորություն է տալիս փորձել հետևել արագիլներին և տեսնել, թե ուր են գնում սնվելու: 

Այսինքն՝ պարզել, թե պոտենցիալ աղտոտման աղբյուրը ինչը կարող է լինել, որ տարածքը կամ որ ձեռնարկությունը կարող է կարող է լինել: 

Անցյալ շաբաթվա մեջ մենք նախնական զննում կատարեցինք, կան որոշակի փաստեր, որոնք վկայում են, որ մի քանի ձկնաբուծարաններում է աղբյուրը: 

Մասնավորապես, Հովտաշենի արագիլների վրա էինք կենտրոնացած, որովհետև այդտեղի արագիլները կարծես ամենակեղտոտն են: Այդ տարածքում երկու ձկնաբուծարան կա, որտեղ արագիլները վստահ գնում են սնվելու: Հաջորդ քայլերն արդեն տեսչական մարմինը պետք է կատարի, որը պետք է փորձի պարզել, թե այդ ձկնաբուծարաններում ինչ է տեղի ունենում: 

– Ի՞նչ վտանգ կա արագիլների աղտոտվածությունից: 

– Իրական խնդիրը ոչ այնքան արագիլներն են, որքան ջրային համակարգի աղտոտվածությունը, որովհետև մեզանում մեծ հաշվով արագիլների պոպուլյացիայի խնդիր չունենք: 

Արագիլների պոպուլյացիան Հայաստանում աճում է, վերջին 15 տարիներին ունենք կայուն աճ: Այնպես որ, դա արագիլների համար այնքան էլ վտանգավոր չէ, բայց ջրային համակարգի աղտոտումը մի կողմից շատ վատ է անդրադառնում տարբեր ջրային կենդանիների վրա, ձկնապաշարների վրա, մյուս կողմից՝ մեր ջրերը գնում են ու թափվում Արաքս, այսինքն՝ մենք այստեղ խնդիր ենք ունենում նաև սահմանամերձ ջրային ավազանների աղտոտման հարցում: 

Այդ իսկ պատճառով շատ կարևոր է հայտնաբերել աղտոտման աղբյուրը և սկզբունքորեն այս խնդիրը հանել: Ուստի մեզ համար արագիլը մի կողմից հանդիսանում է որպես ինդիկատոր, որը արագ ցույց է տալիս, որ մենք այստեղ խնդիր ունենք, մյուս կողմից՝ նաև ցույց է տալիս, թե կոնկրետ որտեղից է ծագում խնդիրը: Այս ուսումնասիրությունները շաբաթ-կիրակի օրերին նույնպես շարունակվելու են։

Մանե Հարությունյան 

MediaLab.am