«Կարող է կառավարությունը ահավոր լավ է տրամադրված կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, բայց հետո ի՞նչ. թվերն այլ բան են ասում». Վարուժան Հոկտանյան

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2022 թվականի համաթիվը, որի համաձայն Հայաստանը չի հաղթահարել լճացումը և ավելին՝ թուլացրել է դիրքերը՝ կորցնելով 3 միավոր: Այսպես, ըստ նոր համաթվի՝ Հայաստանը 46 միավորով հայտնվել է 63-րդ հորիզոնականում (180 երկրից)՝ նախորդ տարվա 58-րդի փոխարեն։

Նկատենք՝ ըստ մեթոդաբանության, եթե կոռուպցիայի ընկալման համաթիվը 50-ից ցածր է, ապա դա պետության համար համարվում է լուրջ խնդիր:

«2022-ին Հայաստանի ցուցանիշները շատ վատ են եղել, որի համար մենք ունենք նման պատկեր: Եթե փորձեմ ներկայացնել հիմնական պատճառը, ապա կարող եմ ասել, որ խնդիրն այն է, որ չեն գործել իշխանության ճյուղերի միջև զսպման և փոխզսպման մեխանիզմները»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

Կոռուպցիայի ընկալման համաթվի չափման համար, նրա խոսքով՝ հիմք են ընդունվում միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ուսումնասիրություններ ու զեկույցներ, որոնք ենթարկվում են վերլուծության, իսկ տվյալները մշակվում են, ու արդյունքում մշակվում է կոռուպցիայի ընկալման համաթիվը: Նա ընդգծում է, որ կոռուպցիայի ընկալման համաթիվը չի ներկայացնում միայն մեկ ոլորտի կամ համակարգի վերաբերյալ տվյալ, այլ տարբեր ոլորտների վերաբերյալ ստացված տվյալներն են:

«Այդ ցուցանիշներում ամփոփվում են դատական համակարգի անկախության, իրավապահների բարեվարքության խնդիրները: Օրինակ՝ դատական համակարգում անկախության ցածր աստիճանը կամ անբավարար լինելը նպաստում է կոռուպցիայի զարգացմանը, այսինքն՝ եթե դատական համակարգը կատարում է իշխանության պատվերը, ապա իշխանությունն էլ աչք է փակում նրանց կոռուպցիոն գործարքների վրա»,- ներկայացնում է Հոկտանյանը՝ ընդգծելով, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային կազմակերպությունը համաթվի նահանջի հիմնական պատճառ մատնանշում է այդ խնդիրները։

Նրա խոսքով՝ թեև 3 միավոր անկումը «վիճակագրորեն նշանակալի չէ», բայց երկրի հեղինակության համար շատ վատ է: «Չի կարելի հստակ ասել, որ 100 տոկոսով վատացել է, բայց կարող ենք ասել, որ շատ մեծ մտահոգություն կա»,- ընդգծում է Վարուժան Հոկտանյանը:
Դիտարկմանը, թե վարչապետին կից գործում է հակակոռուպցիոն քաղաքականությունների մշակման խորհուրդ, և, բացի այդ, երկիրն ունի Հակակոռուպցիոն ռազմավարություն, արդյոք այդ հանգամանքները չեն օգնե՞լ, որ երկիրն առաջընթաց ունենա, «Թրանսփարենսի ինթերնեշնլի» ներկայացուցիչն արձագանքում է. «Դե, ինչպես տեսնում ենք՝ այդ հանգամանքները, այո՛, չեն օգնել: Խնդիրը միտումն է՝ լավ չէ, որ թիվը նվազում է»:

Փորձագետը միամիտ է համարում հարցը՝ արդյոք իշխանությունների մոտ տեսնո՞ւմ է երկրում կոռուպցիայի կամ դրան նպաստող արատավոր երևույթների դեմ պայքարելու ցանկություն: «Կարող է կառավարությունն ասել՝ շատ լավ տրամադրված է, բայց ինձ հետաքրքրում են ցուցանիշները, իսկ դրանք այլ բան են ասում: Կարող է կառավարությունը ահավոր լավ է տրամադրված, բայց հետո՞ ինչ»,-հավելում է Վարուժան Հոկտանյանը:

Հիշեցնենք՝ 2017-ին և 2018-ին Հայաստանի միավորը ընդամենը 35 էր, ինչը համարվում էր խիստ մտահոգիչ, իսկ 2019-ին կոռուպցիայի ընկալման համաթիվը արդեն 42 էր, 2020-ին՝ 49, 2021-ին դարձյալ նույնը:

Այդուհանդերձ, ըստ միջազգային կազմակերպության ներկայացրած զեկույցի, Հայաստանի ցուցանիշները դրական են, ի տարբերություն Ադրբեջանի, Թուրքիայի կամ Իրանի։

Օրինակ՝ Վրաստանում կոռուպցիայի ընկալման համաթվի միավորներն ավելի բարձր են, քան Հայաստանինը: «Վրաստանում բարձր մակարդակի կոռուպցիան ստանում է ավազակապետության ձև, որտեղ պաշտոնյաները համակարգված կերպով օգտագործում են իրենց քաղաքական իշխանությունը երկրի հարստությունը յուրացնելու համար և խանգարում ցանկացած քննադատական կարծիք արտահայտելուն, այդ թվում՝ քաղաքական ընդդիմության, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության կողմից»,- Վրաստանի վերաբերյալ նման եզրահանգման են եկել «Թրանսփարենսի ինթերնեշնլի» զեկույցում։

Ադրբեջանը կոռուպցիայի ընկալման համաթվում 23 միավոր է ստացել՝ նահանջելով 7 միավորով: Ըստ «Թրանսփարենսի ինթերնեշնլի», Ադրբեջանում իշխանությունը հիմնականում պատկանում է Իլհամ Ալիևին և իր ընտանիքին։ «Կոռուպցիան Ադրբեջանում լայնորեն տարածված է, իսկ ընդդիմությունը թուլացել է մրցակցող քաղաքական գործիչների և քաղաքացիական հասարակության դեմ երկարատև բռնաճնշումների հետևանքով»,- նշվում է կազմակերպության զեկույցում։

Ըստ ԹԻ զեկույցի, Ռուսաստանը ևս կոռուպցիայի ընկալման համաթվի առումով ոչ բարվոք վիճակում է և զբաղեցնում է 28-րդ հորիզոնականը: Նկատենք, որ 2021-ին ՌԴ-ըկոռուպցիայի ընկալման համաթվով 29-րդ հորիզոնականում է գտնվել:

Ընդհանուր առմամբ կոռուպցիայի ընկալման համաթվի Ինդեքսը 100-նիշանոց սանդղակն է, որտեղ 100 միավոր է գնահատվում կոռուպցիայից ամբողջությամբ զերծ միջավայրը, իսկ 0-ն կոռումպացման ամենաբարձր ցուցանիշը։ Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ 180 երկրների ցուցակը գլխավորում է Դանիան, այնուհետև՝ Ֆինլանդիան, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Սինգապուրը, Շվեդիան, Շվեյցարիան, Հոլանդիան: Այս բոլոր երկրները 80-90 միավոր ունեն:

Ամենացածր միավորներ վաստակած երկրներն են՝ Սոմալին, Սիրիան, Հյուսիսային Սուդանը, Վենեսուելան, Եմենը, Լիբիան:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am