Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոսպիտալացվել է

Հռոմի Ֆրանցիսկոս պապը շնչառական վարակ ունի և պետք է մի քանի օր անցկացնի Հռոմի հիվանդանոցում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:

86-ամյա Հռոմի պապը վերջին օրերին շնչառական դժվարություններ ուներ, սակայն նրա մոտ Covid-19 չի հայտնաբերվել: Ըստ Վատիկանի տարածած հայտարարության՝ կաթոլիկ եկեղեցու առաջնորդին անհրաժեշտ կլինի «մի քանի օր համապատասխան հիվանդանոցային բուժում անցնել»:

«Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հուզված է ստացված բազմաթիվ հաղորդագրություններից և իր երախտագիտությունն է հայտնում մտերմության և աղոթքի համար», – ասվում է հայտարարության մեջ։

Հռոմի Ֆրանցիսկոս պապի համար սա տարվա ամենազբաղված ժամանակաշրջանն է, քանի որ Սուրբ Զատկի տոնից առաջ բազմաթիվ պատարագներ և միջոցառումներ կան:

Վատիկանն ի սկզբանե հայտնել էր, թե Պապը հիվանդանոց է գնացել նախապես պլանավորված բուժզննման համար, սակայն իտալական լրատվամիջոցները թերահավատորեն էին վերաբերվում այս հայտարարությանը, քանի որ չեղարկվել էր Հռոմի պապի հետ նախատեսված հարցազրույցը:

Վերջին ամիսներին կաթոլիկ եկեղեցու առաջնորդը շարժասայլակով էր տեղաշարժվում, քանի որ ծնկի հետ կապված խնդիրներ ուներ: