Հատուկ մրցանակ «Դափնեին» և «Մեդիալաբին». «Շնորհակալություն ձեր աշխատանքի և պատմույթի փոփոխության համար»

Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, «Հոդված 3» ակումբի նախաձեռնած «Հոդված 3․ Լրագրողները՝ հանուն իրավունքների» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ «Մեդիալաբը» և «Դափնեն» արժանացել են Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հատուկ մրցանակի՝ կանանց խնդիրների հետևողական լուսաբանման և բարձրաձայնման համար։ 

«Շնորհակալություն ձեր աշխատանքի և այն պատմույթի փոփոխության համար, որը տեղի ունեցավ «Մեդիալաբի» «Դափնե» նախագծի շնորհիվ, որտեղ կանայք ներկայացվում են բռնությունը հաղթահարած և կյանքի նոր ուղի սկսած»,- իր խոսքում նշեց իրավապաշտպան Զառա Հովհաննիսյաննը:

«Մեդիալաբը» և «Դափնեն» «Ամբրելլա միջազգային լրագրողների ցանց» ՀԿ-ի կողմից ստեղծված նախագծեր են: 

2016 թվականին ստեղծված «Դափնեն» բազում բարդություններ և մարտահրավերներ հաղթահարած մարդկանց մասին է: Մարդիկ, որոնք ի հեճուկս ճակատագրի հարվածների, զրկանքների, հուսախաբությունների կարողացել են դիմագրավել բարդություններին ու առաջ գնալ:

«Ոչ թե զոհ, այլ հաղթող» կարգախոսով «Դափնեն» բացառիկ նախագիծ է, նպատակը կանանց ոգեշնչելն է, կարծրատիպերի դեմ պայքարելը: 

«Մենք մեր թիմում չենք փորձում, մենք ստեղծում ենք»,- շնորհակալություն հայտնելով մրցանակի համար իր ելույթում ասաց «Դափնե» նախագծի ստեղծագործական ղեկավար, միջազգային մրցանակների դափնեկիր, կոնցեպտուալ լուսանկարիչ Էմմա Գրիգորյանը:

MediaLab.am