«Ինտենսիվ շփումներն Ալիևի հետ և երկխոսության ու բանակցությունների մեջ ցատկելը ծուղակ էին, որոնք ավելի խճճեցին մեր վիճակը». քաղաքագետ

«Ինտենսիվ շփումներն Ալիևի հետ և երկխոսության ու բանակցությունների մեջ ցատկելը ծուղակ էին, որոնք ավելի խճճեցին մեր վիճակը». քաղաքագետ
«Ինտենսիվ շփումներն Ալիևի հետ և երկխոսության ու բանակցությունների մեջ ցատկելը ծուղակ էին, որոնք ավելի խճճեցին մեր վիճակը». քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը։

– Պարո՛ն Մարտիրոսյան, ինչպե՞ս եք գնահատում նախօրեին Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունը, որ 83 հոգանոց անվտանգությունն ապահովող մասնագետներից բաղկացած խումբը ժամանել է Սիրիա: Կա՞ սրա հետ կապված մտահոգության առիթ։

– Մի քանի առիթ կա անշուշտ: Առաջինը՝ դա ուշացած քայլ է: Հայկական զորախումբ անհրաժեշտ էր Սիրիա ուղարկել դեռ պատերազմի սկզբնական փուլում, երբ հայկական համայնքը մեծապես տուժում էր: Դա նախևառաջ կպաշտպաներ մեր հայրենակիցներին, երկրորդ՝ հրաշալի հնարավորություն կլիներ՝ բարձրացնելու Հայաստանի կշիռը և Հայաստանը, թեև փոքր, բայց այնուամենայնիվ՝ տարածաշրջանային գործոն կդարձներ: Դա կարելի կլիներ հեշտորեն իրականացնել՝ Սիրիայի իշխանություններից թույլտվություն ստանալով:

Վստահ եմ, որ թե՛ Սիրիայի կառավարությունը և թե՛ հակա-ԴԱԻՇ-ական կոալիցիան Հայաստանի ներգրավման խնդրին դրականորեն կմոտենային: Իսկ դրա արդյունքում հայ համայնքի հնարավոր, կամ, ոմանց խոսքով՝ անխուսափելի թիրախավորման խնդիրները քաղաքական վախկոտների և պետական մոտեցումներից գաղափար չունեցողների երևակայության արգասիք են: Հայ համայնքն ամեն դեպքում թիրախ էր և, չստանալով Երևանի աջակցությունը, ինքն իրեն զինված այնուամենայնիվ պաշտպանում էր:

Լիբանանի քաղաքացիական պատերազմի օրերին Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը գաղտնի զենք էր ուղարկում Բեյրութի հայ համայնքին: Անկախ Հայաստանում լքեցին Սիրիայի մեր հայրենակիցներին: Հայաստանը լուրջ հիմքեր ուներ Սիրիայում լինելու համար՝ պայքար ահաբեկչության դեմ և սեփական հայրենակիցների պաշտպանություն: Հատկապես՝ Դեյր էլ Զորի եկեղեցու պայթեցումից, Հալեպի հայկական Նոր Գյուղի ավերումից կամ հենց Քեսաբի գրավումից հետո:

Բայց այդ ժամանակվա իշխանություններն իրենց հատուկ վախկոտությամբ և տմարդությամբ արգելեցին անգամ հայ կամավորների մեկնումը Քեսաբն ազատագրելու և օդանավակայանից հետ դարձրեցին, ուր մնաց թե զորախումբ ուղարկեին: Բայց դա այս իշխանություններին, անշուշտ, չի վերաբերում: Այս իշխանությունների մասով մտահոգությունն այն է, որ նախ՝ պետք էր գոնե ձևականորեն Ազգային ժողովից թույլտվություն ստանալ:

Հասկանալի է, որ նման ընթացակարգեր նախատեսված չեն: Հայաստանում երբևէ չեն էլ մտածել, որ իրենց հարգող երկրներն անպայման ունեն դրույթ՝ արտասահմանյան ռազմական գործողություններ կամ ռազմական արշավներ անցկացնելու վերաբերյալ և ունեն պետական ընթացակարգեր: Եվ իրականացնում են արտասահմանյան բազում օպերացիաներ կամ լայնամասշտաբ արշավներ: Ու քանի որ նախկինում Հայաստանն ինքն իրեն չհարգող պետություն էր, և այդ թեման որևէ մեկի մտքով չէր անցնում, ընթացակարգ էլ չկար: Հիմա, երբ խնդրահարույց քայլ է կատարվում, պետք էր գոնե ԱԺ մտցնել և քննարկել: Մինչ օրենք ընդունելը՝ գոնե նախադեպ ստեղծել: Երկրորդը հրամանատարության հարցն է:

Եթե Սիրիա զորք էր գնում, ապա դա կլիներ լուրջ և առավել պակաս քննադատելի, եթե հայկական հրամանատարություն լիներ: Այսինքն՝ անկախ զորախումբ լիներ այդ երկրում: Հիմա բոլորովին այլ պատկեր է ստացվել, որ դուրեկան չէ: Եվ ոչ միայն դուրեկան չէ, այլև կարող է խնդրահարույց դառնալ: Հայաստանն ասելիք ուներ այնպիսի մի իրավիճակում, երբ ամերիկյան զորքերը դուրս են բերվելու երկրից, և դրանց տեղը զբաղեցնելու հավակնում են թուրքականները: Ոչ սեփական հրամանատարությամբ գործելով՝ Հայաստանը դառնում է գործիք այլոց խաղում, ոչ թե անկախ գործոն: Եվ դա կորսված հնարավորություն է և մտահոգիչ է: Նման պայմաններում գնալն արդեն բազում հարցեր է առաջ բերում, և կողմ փաստարկները կարող են փոխարինվել և դեմ փաստարկներով:

– Արևմուտքը ինչպե՞ս կարձագանքի, արդյոք սա Ռուսաստանին հաճոյանալու համա՞ր էր։

– Չեմ կարծում, թե Հայաստանին կսկսեն ճնշել Արևմուտքից: Ամեն դեպքում Հայաստանի քայլով այս ձևաչափով չեն ոգևորվի: Թե ո՞ւմ էին հաճոյանում կամ հաճոյանում էին, թե՞ ոչ՝ դժվար է ասել: Հանկարծ շատ անկանխատեսելի սկսեցին գործել Երևանում և անմիջապես կռահումներ անել՝ հեշտ չէ այդպիսի պայմաններում: Ամեն դեպքում նման լուրջ քայլերը պատահական չեն արվում: Ամենայն հավանականությամբ, ինչ-որ հաշվարկ կա, ինչ-որ իրավիճակում են հայտնվել:

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի նոր իշխանությունների վարած արտաքին քաղաքական կուրսը։

– Արտաքին քաղաքական կուրս չկա: Դա նախկին կուրսի շարունակությունն է՝ փաթեթավորված գեղեցիկ խոսքերով, մեկ-երկու նոր դեմքերով, մեկ-երկու կոսմետիկ նոր մոտեցումներով: Եվ ոչինչ ավելի: Բուն արտաքին քաղաքականության մասով՝ սիրողական մակարդակի աշխատանք է կատարվում, որ ցավ է պատճառում: Հիասթափությունն օր օրի ավելի է խորանում:

– Կառավարության ծրագրում արտաքին քաղաքական հատվածը, շատերի գնահատմամբ, մտահոգիչ է՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանի հետ ռազմական հարաբերությունների խորացմանը մեծ տեղ է տրվելու, իսկ Հայաստան-ԵՄ, առհասարակ Արևմուտք հարաբերությունների հետ կապված կարծեք թե հպանցիկ է անդրադարձը։ Ինչո՞վ եք դուք սա պայմանավորում։

– Արտաքին քաղաքականության մասին ոչ խորքային պատկերացումներով: Իսկ շատ նոր պաշտոնյաների պարագայում՝ ուղղակի գաղափար չունենալով: Նրանք էլ, որ հին են կամ կարծում են, թե ունեն գաղափար արարողակարգերից, գեղեցիկ ելույթներից, ձեռքսեղմումներից և այլն: Թռիչքային, վերլուծական, ստեղծագործ և խիզախ մտածողություն պաշտոնական Երևանում հիմա չկա: Լոզունգներ, գեղեցիկ խոսքեր՝ որքան ուզեք: Բովանդակություն՝ խնդրե՛մ, ցո՛ւյց տվեք:

– Փաշինյանը երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանի նոր իշխանության քաղաքականությունն Արցախի հարցում հեղափոխական է։ Նա նաև նշեց՝ եթե Ադրբեջանի իշխանությունը չի ներկայացնում «Ղարաբաղի ադրբեջանական համայնքը», ապա կարելի՞ է եզրակացնել, որ Ադրբեջանի իշխանությունը չի ներկայացնում նաև այդ երկրի բնակչության այլ շրջանակների, օրինակ՝ ազգային փոքրամասնություններին: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։

– Գնահատում եմ որպես մտքերի մի լաբիրինթոսային կառույց, որ շատ խճճված է: Բախտավոր կլինենք, եթե դրանում Ադրբեջանն էլ խճճվի: Բայց վերջին քսանյոթ տարիներին միայն մենք ենք կորսվել մեր լաբիրինթոսներում: Հիմա այս ներկայացնել-չներկայացնելը մի թեմա է դարձել, որ ծնվեց որպես բլեֆ, հետո ավելի բարդացվեց՝ դարձյալ որպես բլեֆ, որպեսզի իբրև թե հայկական դիրքորոշումներն ամրանան:

Այո՛, Երևանի դիրքորոշումն իրոք կոշտացել է, և դա լավ է, բայց թուլացել են դիրքերը: Ինտենսիվ շփումներն Ալիևի հետ և երկխոսության ու բանակցությունների մեջ ցատկելը ծուղակ էին, անփորձ և սխալական լուրջ քայլեր, որոնք ավելի խճճեցին մեր վիճակը, և հիմա կարիք է առաջացել հեղափոխական տեսություններ հրապարակ բերելու այս կամ այն ժողովրդի այս կամ այն հատվածին ներկայացնելու վերաբերյալ:

Ինչ եք կարծում, դրսում, որից այդքան ավանդաբար սարսռում են Երևանում, այդպիսի փաստարկներին ինչպե՞ս են վերաբերվում: Կամ՝ արդյոք այդքան հիմա՞ր են ադրբեջանցիները, որ դրան ոչինչ չեն հակադարձելու: Միակ ելքը կլիներ հեղափոխությունից անմիջապես հետո Մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու մասին հայտարարելը, բայց դրա փոխարեն մեծ եռանդով նետվեցին դրանց վրա հիմնված բանակցություններ ու քննարկումներ վարելու հորձանուտ:

Եվ որպեսզի այդ հորձանուտում չխեղդվեն, նոր գյուտեր ծնվեցին որպես փրկօղակներ: Արդյունքում ունենք ամեն տեսակի հեղափոխությունների փաթեթավորմամբ մատուցվող տեսություններ, որոնք ուղղակի տեսություններ են, բայց գործնական դաշտում որևէ շոշափելի արդյունք այդպես էլ, ցավոք, չեն տալիս և չեն տալու: Եթե, իհարկե, ավելի ու ավելի չբարդացնեն առանց այդ էլ ավելի ու ավելի խստացող իրավիճակը:

Մանե Հարությունյան

MediaLab.am