«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայ կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը
– Պարո՛ն Ղուկասյան, Թրամփ-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպմանն ընդառաջ իշխանության ներկայացուցիչները հրապարակումներով են հանդես գալիս, թե Հայաստանը շատ մոտ է խաղաղության, որ «խաղաղություն լինելու է, պատերազմ չի լինելու»: Համակարծի՞ք եք այս պնդումներին:
– Ես չեմ կարող պնդել, թե Հայաստանը մոտ է խաղաղության, բայց Հայաստանն ու Ադրբեջանը, ըստ էության, այսօրվանից ավելի մեծ կախման մեջ են լինելու ԱՄՆ-ից: Ես ավելի շուտ այդպես եմ տեսնում Վաշինգտոնում կայանալիք հանդիպման վերջնարդյունքը:
– Դա լա՞վ է, թե՞ վատ:
– Դա շատ ռիսկային է անձամբ Ալիևի ու Փաշինյանի համար, բայց դա հնարավորություն կտա որոշակի ժամանակահատված ապրել առանց պատերազմի սպառնալիքի, բայց ինչո՛վ կավարտվի այդ ժամանակահատվածը, արդեն կախված է լինելու ոչ միայն ու ոչ այնքան Հայաստանից ու Ադրբեջանից, որքան՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից և այլ դերակատարներից:
– Այսինքն՝ կարծում եք, որ ԱՄՆ-ի ներկայությունը իսկապես Հայաստանին որոշ ժամանակով հեռո՞ւ կպահի պատերազմական գործողություններից:
– Ամեն ինչ վկայում է, որ Հայաստանը մտադրություն չունի Ադրբեջանի դեմ ուժ կիրառելու՝ Արցախը ազատագրելու նպատակով, Ադրբեջանը, ընդհակառակը՝ օգտագործում է ուժ գործադրելու հանգամանքը՝ որպես ճնշում Հայաստանի վրա:
Կարելի է ասել, որ այս հանդիպումից հետո Ադրբեջանն է ավելի զրկվելու այդ քաղաքականությունից, առաջիկա տեսանելի ապագայում՝ համենայնդեպս, մինչև Թրամփի պաշտոնավարման ավարտը, իսկ այստեղ հայ ժողովուրդն իհարկե շահում է:
Մյուս կողմից՝ Ադրբեջանն այսօր մտադիր չէ ստորագրել խաղաղության պայմանագիր. մամուլում հրապարակված նյութերից երևում է, որ խոսքը պայմանագրի նախաստորագրման մասին է լինելու, դա է այն բարձր շեմը, որն այս հանդիպման արդյունքում կլինի: Այսինքն՝ խաղաղության գործընթացը դեռ երկար ժամանակ կտևի:
Տեսանելի է, որ հաջորդ քայլն արդեն Հայաստանի Սահմանադրության փոփոխության հետ է կապված լինելու, ինչպես պնդում է Ադրբեջանը: Մինչ այդ որոշակի ժամանակով կլիցքաթափվի վիճակը շփման գծում, միակ արդյունքը դա է լինելու հայ ժողովրդի համար:
Այդ բանակցության մյուս դրույթներն ավելի ուշ է պետք ամփոփել, երբ դրանք ստույգ լինեն, որովհետև մինչ այս մամուլում եղած հրապարակումներով սխալ է վերլուծություններ անել, որովհետև դրանք հնարավոր է փոփոխվեն:
– Նկատի ունեք հիմնականում Սյունիքով անցնող ճանապարհի՞ վերաբերյալ տեղեկատվությունը, պարո՛ն Ղուկասյան:
– Դա, Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ դիմումի՝ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ և այլն:
– Բացառո՞ւմ եք, որ ամեն բան կլինի այնպես, ինչպես իմանում ենք այդ արտահոսքերից:
– Ո՛չ, բայց Հայաստանի ու Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ հովանու ներքո գործող ձևաչափից դուրս գալը խնդիր է առաջ բերում Արցախի հարցի կարգավորման նոր ձևաչափի վերաբերյալ, դա խնդիր է: Հայաստանի ու Ադրբեջանի՝ Մինսկի խմբի կազմից դուրս գալը չի դադարեցնում Արցախի խնդրի գոյությունը:
– Իսկ որոշ վերլուծաբաններ նշում են, որ դրանով կփակվի Արցախի հարցը:
– Արցախի հարցը չի կարող այդ ձևով փակվել, որովհետև Արցախը վիճելի տարածք է, Արցախը ինքնորոշման ճանաչման հայտ էր ներկայացրել, դա միջազգային հարաբերությունների հարց է, վերաբերում է բոլոր պետություններին ու, մասնավորապես, ԵԱՀԿ-ին: Չեմ կարծում, որ միայն Հայաստանի ու Ադրբեջանի կարծիքով կարող է այդ հարցը փակվել:
– Իսկ հավանական չե՞ք համարում, որ համանախագահող մյուս երկրները ևս կհամաձայնեն այդ կառույցի լուծարմանը:
– Դրա համար պետք է հասկանանք, թե մյուս համանախագահողներն ինչ դիրքորոշում կունենան, Մինսկի խմբի անդամ մյուս պետությունները, բոլորն ունեն վճռական ձայն, ԵԱՀԿ-ում բոլոր որոշումները ընդունվում են կոնսենսուսով: Կա՞ արդյոք ԵԱՀԿ-ում այսօր այդ կոնսենսուսը առ այն, որ էթնիկ զտումը Արցախի հարցի լուծումն է:
Ես դժվար եմ պատկերացնում, որ ԵԱՀԿ-ն, հաշվի առնելով իր հիմնադիր փաստաթղթերը՝ Հելսինկյան ավարտական ակտը, Պրահայի կոնվենցիան՝ Հանուն խաղաղության ու ժողովրդավարության, կարող է համարել, որ էթնիկ զտումը Արցախի հարցի լուծումն է:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















