«Այն, որ այսօր Միքայել Մինասյանը որպես պահանջատեր է հանդես գալիս և ոչ թե որպես պատասխան տվող, մեր ղեկավարության «շնորհքն» է». Գարեգին Միսկարյան

«Մեդիալաբի» հարցազրույցը «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր վարչության անդամ Գարեգին Միսկարյանի հետ

– Պարո՛ն Միսկարյան, օրերս դուք Ֆեյսբուքում գրառում էիք կատարել, բավական կոշտ էիք արտահայտվել իշխանությունների հասցեին և մեղադրել նրանց և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանին, որ խաբել են։ Դա լո՞ւրջ էր։ 

– Միանգամայն։ Բայց մի ճշտում անենք՝ ես ոչ թե իշխանություններին եմ մեղադրել, այլ՝ հեղափոխական իշխանություններին։ Այսինքն՝ ինձ համար կարևորը հեղափոխությունն էր ու այն արժեքները, որոնք դրված են եղել այդ հեղափոխության հիմքում։ Հեղափոխություն չենք արել, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններով ինչ-որ մի ուժ գա ու սկսի իր ՀՆԱ-ի ու ՏԱՑ (տնտեսական աճի ցուցանիշ) ինչ-որ թվեր հռչակել։ 

Հեղափոխությունն արվել է, որ համակարգային փոփոխություններ արվեն, այդ թվում՝ փոխվեն քաղաքական դաշտը, «Կուսակցությունների մասին» օրենքը, Ընտրական օրենսգիրքը, դատական համակարգը և, վերջապես՝ Սահմանադրությունը։ 

Պետք էր վերջ տալ Հայաստանում միանձնյա կառավարմանը։ Այդ ամեն ինչի համար է արվել հեղափոխությունը։ Բայց, ցավոք սրտի, այն փոփոխությունները, որ պետք է բերեր հեղափոխությունը, չեղան։ Այս ամենին գումարվեց վեթինգը, և վերջերս հայտնի դարձավ, որ վեթինգ չի կիրառվելու Հայաստանում, ստացվում է, որ դա էլ գնաց, հավասարվեց մյուս խոստումներին։ 

Այս էր պատճառը, որ ես նման գրառում կատարեցի։ Ինձ այստեղ ոչ թե հետաքրքրում է կառավարող ուժը, այլ մարդիկ, որոնց հետ ես հեղափոխության եմ մասնակցել։ Իմ քննադատությունն ուղղված է նրանց։

– Պարո՛ն Միսկարյան, ձեզ հիասթափեցրել է այն, որ վեթինգ չի՞ լինելու դատական համակարգում։ Ինչպե՞ս էիք դուք դա պատկերացնում։ 

– Դատական համակարգի նկատմամբ վեթինգը եղել է ժամանակավոր կառավարության անելիքների ցանկում, և մենք բազմիցս այդ մասին խոսել ենք։ Այսինքն՝ քաղաքական դաշտը փոխելու համար նախ պետք է փոխվեին այդ երկու օրենքները մինչև ընտրությունները։ Բայց դա չարվեց։ Դա արդեն հիասթափեցնող է։ Այնպես չէ, որ խնդիրը միայն վեթինգին է վերաբերում։ Ուղղակի վեթինգը արդեն այն վերջին հույսն էր, որ պետք է ինչ-որ փոփոխություններ լինեին, որովհետև մյուսների հետ կապված արդեն մենք տեսանք՝ ինչ է եղել, ու հանկարծ պարզվեց, որ վեթինգն էլ չենք կարող իրականացնել ինչ-ինչ խնդիրների պատճառով։ 

– Բայց իշխանությունը կարծես չի հրաժարվում վեթինգի գաղափարից, և օրերս արդարադատության նախարարն էլ պաշտոնապես հայտարարեց, որ վեթինգի մասին կարող են խոսել Սահմանադրության փոփոխություններից հետո։ 

– Հա, բայց ե՞րբ կլինի սահմանադրական փոփոխությունները, ո՞վ կարող է ասել՝ 2 տարուց, 3 տարուց, 5 տարուց։ Իսկ մենք ապրելու ենք այս երկրում, ու այդ դատական համակարգը վաղը կարող է ինձ ինչ-որ գործով դատել։ Ես չեմ ուզում իրենց դանդաղկոտության պատճառով Հայաստանում շարունակեն ճակատագրեր խեղվել։

– Դուք ուզում էիք, որ նախկին իշխանությունների ժամանակ աշխատած և այժմ էլ աշխատող դատավորները հեռացվեի՞ն։ 

– Վեթինգի, բարեվարքության մոդելը ենթադրում է այդ դատավորի կայացրած վճիռների արդարացի, իրավացի լինելը։ Մենք ունենք դատավորներ, որոնց կայացրած վճիռների պատճառով Հայաստանը պարտվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ 

Բնական է, չէ՞, որ այդ մարդիկ չեն հարգել մարդու իրավունքները, կայացրել են ակնհայտ քաղաքական որոշում, ու սեփականությունից զրկված մարդը ստիպված է եղել իր իրավունքները վերականգնել Եվրոպական դատարանում։ 

Դրանք այն ակնհայտ դեպքերն են, որ այդ դատավորներն ուղղակի իրավունք չունեն այդ համակարգում շարունակել աշխատել։ Ես չեմ ուզում անձնավորել խնդիրը, նշել անուններ, բայց այդ մեթոդը կիրառվել է շատ երկրներում ու տվել արդյունքներ։ 

Բայց ես չեմ ասում, որ իդեալական կլիներ համակարգը, բայց ոչինչ չանելու դեպքում կունենանք ավելի վատ դատարան, քան ունեինք։

– Դուք նաև ձեր գրառման մեջ պնդել էիք, որ Հայաստանում կա համակարգային կոռուպցիա։ Ի՞նչ նկատի ունեիք։

– Երբ Նիկոլ Փաշինյանն ասում ՝ համակարգը դիմադրում է, այդ համակարգը հենց այնպես չի դիմադրում։ Համակարգը դիմադրում է համակարգված, իսկ կոռուպցիան էլ միայն կաշառքը չէ, կոռուպցիան նաև խմբային, անձնական շահերը պահելը, սեփական հետաքրքրություններն առաջ տանելն է։ 

Այդ ամեն ինչը կոռուպցիա է։ Երբ ասում են՝  Հայաստանում համակարգը դիմադրում, նշանակում է՝  համակարգային կոռուպցիայի ճանապարհով է դիմադրում։ Այսինքն՝ կադրային փոփոխություններ թույլ չեն տրվում, և համակարգը իրեն պահում է՝ կոռուպցիոն մեխանիզմներ օգտագործելու ճանապարհով։ 

Դա անհերքելի է, համակարգը չի կարող հենց այնպես դիմադրել, դիմադրելու դրսևորումների հիմքում ընկած են կոռուպցիոն դրսևորումները։ Հայտարարել, որ համակարգը դիմադրում է և քայլեր չանել համակարգային կոռուպցիայի դեմ, նշանակում է ոչ ուղղակիորեն, բայց հովանավորել այդ կոռուպցիան։ 

Իսկ այն, որ իրավապահ համակարգում փոփոխություններ չեն արվում՝ լավ գիտակցելով, որ հենց այդ համակարգը պետք է պայքարի կոռուպցիայի դեմ, նշանակում է անուղղակիորեն աջակցել այդ համակարգին։ 

– Իսկ ինչո՞ւ չեն արվում փոփոխություններ։ Չկա՞ քաղաքական կամք։

– Գիտեք, ինձ համար արդեն մեծ հաշվով էական չէ։ Եթե նախկինում ես փորձում էի ինքս ինձ համար նրանց քայլերի արդարացումներ, բացատրություններ գտնել՝ հասկանալով, որ կա կադրերի հարց, ժամանակի հարց, նախկինների դիմադրության հարց և այլն, բայց հիմա այդպես չեմ անում․ անցել է երկու տարի, և ոչ մի քայլ չի արվել համակարգը փոխելու ուղղությամբ։ 

Ավելին, ամեն կերպ փորձել են արդարացնել սուպերվարչապետական համակարգի դրական լինելը՝ բարի առաջնորդի կերպարի ներքո։ Պետությունը ինստիտուտներ են, ու մենք պետք է ունենանք կայացած, ժողովրդավար ինստիտուտներ։ 

– Դուք էլ եք իշխանություններին քննադատում, Միքայել Մինասյանն էլ, ընդ որում՝ նույն մեղադրանքն եք ներկայացնում՝ համակարգային կոռուպցիա։ 

– Ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե Միքայել Մինասյանն ինչի մեջ է մեղադրում։ Միքայել Մինասյանը դեռ պետք է պատասխան տա իր արածների համար։ Այն, որ այսօր Միքայել Մինասյանը պահանջատեր է հանդես գալիս և ոչ թե որպես պատասխան տվող իր արածների համար, դա էլ է այսօրվա մեր ղեկավարության «շնորհքը»։ 

Արդարադատության բացակայությունն է իրականում դրա պատճառը։ Այնպես որ, օրինաչափ է, որ Միքայել Մինասյանը խնդիրներ է բարձրացնում։ 

– Լավ, դուք ի՞նչ եք անելու։ Օրինակ՝ Լևոն Բարսեղյանն ասում էր, որ հնարավոր է՝ դիմեն հանրահավաքային պայքարի վեթինգ իրականացնելու պահանջով։

– Ամբողջ խնդիրն այն է, որ ինչքանով լուրջ կընկալեն այս բողոքի խոսքը կառավարող ուժի որոշում կայացնողները։ Ես չեմ ուզում, որ մենք գնանք ցնցումների ճանապարհով։ Բայց ես նաև չեմ ուզում, որ բարեփոխումների համար պատասխանատու մարդիկ մտածեն, որ եթե հանրությունը ձայն չի հանում, նշանակում է՝ չկա հանրային պահանջ։ 

Ես փորձեցի ցույց տալ, որ հանրային պահանջ կա, որը շատ խիստ է դրված։ Ես չեմ ուզում, որ մենք ձեզ հետ (նկատի ունի իշխանություններին – հեղ․) նման կոպիտ լեզվով խոսենք։ Ինձ թվում է, դեռ կա հնարավորություն վեթինգը լղոզելու փորձից ու իրականացնել դատական համակարգի բարեփոխումները։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am