Վերջերս մեծ աղմուկ բարձրացրած «Հայոց արծիվները» 5 օր ժամանակ են տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հայ ժողովրդից ներողություն խնդրելու` ապրիլի 3-ին Բաքվում կայացած «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովում հայերին ֆաշիստներ եւ օկուպանտներ անվանելու համար:
Սպորտի և Երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը, ով ղեկավարում է «Հայոց Արծիվներ» ռազմա-հայրենասիրական շարժումը, ներկայացրել է հայտարարություն, որում նշվում է.
«Ավելի քան վստահ ենք, որ քաղաքակիրթ աշխարհին այս պահին ավելի շատ կհետաքրքրի, թե ովքեր են իսկական եւ իրական ֆաշիստները` դարեր ի վեր իրենց ազգային տեսակը պահպանած, իրենց նախնիների շիրիմները պաշտպանած, հարեւան թշնամի պետությունների կողմից չհայտարարված պատերազմները հաղթանակած, ի վերուստ տրված Հայկական բարձրավանդակում որպես բնօրրան ապրող հայ ժողովուրդը, թե՞ 20-րդ դարասկզբին տարբեր ցեղերի խառնուրդում գոյացած, բարբարոսների մեծ համբավ վաստակած, սումգայիթյան հրեշավոր սպանդ կազմակերպած եւ իրականացրած, սուլթան նախագահներով ապրող եւ նրանց երկրպագող ադրբեջանցի ղեկավարները:
Իհարկե, մեր իրականության մեջ ֆաշիստները ներկայիս Ադրբեջանի տարածքում բնակվող հորինված ադրբեջանցի ղեկավարներն են` իրենց ֆյուրեր Իլհամ Ալիևի գլխավորությամբ:
Վստահ ենք, որ քաղաքակիրթ աշխարհը ապրիլի 3-ին Ադրբեջանի մայրաքաղաքում մեկ անգամ եւս ականատես եղավ 20 տարուց ավել հայատյացություն քարոզող ադրբեջանցի ղեկավարների եւ նրա ինքնասիրահարված, պարտվողական հոգեբանությամբ ապրող, անհյուրընկալ, սուլթան-նախագահ Իլհամ Ալիեւի ռազմատենչ եւ ամոթալի հայտարարություններին»:
«Հայոց Արծիվներ» ռազմա-հայրենասիրական շարժման ավելի քան 25.000 անդամները պահանջում ենք Իլհամ Ալիևից 5 օրվա ընթացքում ներողություն խնդրել հայ ժողովրդից` ֆաշիստներ, օկուպանտներ անվանելու համար:
Հինգ օրվա ընթացքում «Հայոց Արծիվների» պահանջը չկատարելու դեպքում, ըստ շարժման անդամների, Իլհամ Ալիևը Հայաստանին պետք է հայտարարի պատերազմ. «այլապես սուլթան Իլհամ Ալիեւը ոչ միայն մեր, այլ նաեւ Երկիր մոլորակի տարբեր ժողովուրդների համար կլինի ոչ միայն իր ժողովրդի ամենավախկոտ և ամենանողկալի նախագահը, այլեւ կլինի Ադրբեջանի հարեմների ամենացանկալի պարուհին»:
Լիլիթ Առաքելյան
Լուսանկարը՝ www.Aravot.am
© Medialab.am