Արմեն Ղուլարյանն առաջարկում է «Սուրմալու»-ի վնասված շինությունը շատ արագ քանդել և մաքրել տարածքը

Կառավարության նիստի ժամանակ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն առաջարկում է Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը շատ արագ քանդել և մաքրել տարածքը:

«Այդ կառույցի հետ կապված առաջարկում եմ շատ արագ քանդման թույլտվություն տրվի և սեփականատիրոջ միջոցներով մաքրվի այդ տարածքը: Կամ քաղաքապետարանը կարող է նախաձեռնել, որից հետո սեփականատիրոջ միջոցներից դա կարող է փոխհատուցվել: Արագ պետք է մաքրել տարածքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ղուլարյանը:

Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի էր ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Հրդեհը մեկուսացվել էր օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Փլուզվել էր եռահարկ շինության (2889 քմ) մեծ մասը և հարակից տարածքում գտնվող մի շարք տաղավարներ։ Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել էր 16 քաղաքացու մարմին։Սեպտեմբերի 21-ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատներից երկու խումբ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել էր, որ փլուզվել է կիսաքանդ շինության պատը (մոտ 40 քմ)․ կան տուժածներ և վնասված ավտոմեքենա։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժած  տեղափոխվել էին «Էրեբունի» ԲԿ, որտեղ Կ․ Հ․-ն և Տ․ Մ․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ Է․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։ Փրկարարները սահմանազատել էին տարածքը։ Փլուզման հետևանքով վնասվել է «Mercedes-Benz E200» ավտոմեքենան։