«Լավագույն պաշտպանությունը հարձակումն է. անձամբ ես ճիշտ եմ գնահատում Դավիթ Տոնոյանի այդ հայտարարությունը». Արա Պապյան

«Լավագույն պաշտպանությունը հարձակումն է. անձամբ ես ճիշտ եմ գնահատում Դավիթ Տոնոյանի այդ հայտարարությունը». Արա Պապյան
«Լավագույն պաշտպանությունը հարձակումն է. անձամբ ես ճիշտ եմ գնահատում Դավիթ Տոնոյանի այդ հայտարարությունը». Արա Պապյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

– Պարո՛ն Պապյան, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ վերաձևակերպել է «Տարածքներ խաղաղության դիմաց» ձևաչափը: «Մենք հակառակն ենք անում՝ նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»,- ասել է նա: Ի՞նչ է նշանակում նախարարի այս հայտարարությունը, արդյոք Հայաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը:

– Նախ ուզում եմ ասել, որ տարուց ավելի է, ինչ մեր զինվորական թևը պարբերաբար նշում էր, որ որոշակի փոփոխություններ են տեղի ունենում և պետք է տեղի ունենան մեր ռազմավարության մեջ: Այն է, որ չպետք է միայն պաշտպանական մարտերի պատրաստվենք, այլ նաև դա պետք է տեղափոխենք թշնամու տարածք: Եվ դա գալիս է 2016-ի դասերից: Դա է հիմնական պատճառներից մեկը, թե ինչո՛ւ է հիմա Ադրբեջանը սկսել իր պաշտպանական գծի ամբողջ երկայնքով շինարարական բուռն աշխատանքներ իրականացնել, ինչի պատճառով էլ քիչ է կրակում:

Սա էլ այդ հարցի պատասխանն է, երբ հարցնում են՝ ինչո՞ւ է քիչ կրակում: Որովհետև շինարարության մեջ է: Ինձ թվում է՝ այս հայտարարությամբ Դավիթ Տոնոյանն ամփոփեց վերջին տարիների խմորումները, որոնք տեղի էին ունենում բանակի ներսում, ապրիլյան պատերազմի երեք տարին է արդեն լրանում: Բայց այստեղ ես վերապահում ունեմ, պետք է համբերենք և տեսնենք՝ արդյոք իրենց տեսակետին հավատարիմ կմնա՞ն, թե՞ ԱԱԾ տնօրեն Վանեցյանի նման կվարվեն:

Հիշո՞ւմ եք՝ Վանեցյանն ասաց՝ ոչ մի թիզ հող, հետո անցավ մեկ շաբաթ, հայտարարեց, որ պետության դիրքորոշումը արտգործնախարարը և վարչապետն են ներկայացնում: Ես անձամբ ճիշտ եմ գնահատում Դավիթ Տոնոյանի այդ հայտարարությունը:

– Այսինքն՝ դա ճիշտ ժամանակին արված հայտարարությո՞ւն է:

– Անգամ մի քիչ ուշացած է, բայց լավ է ուշ, քան երբեք: Երբ մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը՝ հանձին իրենց նախագահ Ալիևի, խոսում է «Էրիվանի ազատագրման» մասին, մեր լռությունը ադրբեջանցիների կողմից ընկալվում է որպես թուլության նշան: Այստեղ պետք է նաև ժողովուրդների հոգեբանությունը հաշվի առնել: Մենք նաև տեսնում ենք, որ այս հայտարարությանը քայլեր են հետևում կամ զուգահեռ քայլեր կան:

Այն զինատեսակները, որոնք գնվում են, այն զինվորական ռազմավարությունը, որը մշակվում է, նաև զորավարժությունները՝ դրանք իրենց մեջ ներառում են հարձակվողական գործողություններ: Տոնոյանի այս հայտարարության մեջ կարևորն այն էր, որ նա խոսում է նոր զորամիավորումների ստեղծման մասին՝ հենց հարձակվողական բնույթի գործողություններ կատարելու ունակ: Ինձ թվում է՝ այդ զորամիավորումները պետք է լինեն ավելի պրոֆեսիոնալ, դրանցում ավելի շատ պայմանագրային զինծառայողներ պետք է ներգրավվեն:

Այսպիսի մի խնդիր կա՝ լավագույն պաշտպանությունը հարձակումն է: Եթե դու միայն պաշտպանվում ես, միշտ կորցնողի դիրքում ես, լավագույն դեպքում կարող ես չեզոքացնել իր հարձակումը: Բայց եթե դու ինչ-որ տեղ հակահարձակման դիմես, ապա դրանով կկլանես ու կշեղես հսկայական ռազմական ուժ մյուս ուղղությունների վրա: Կարծում եմ՝ ճիշտ է այս քաղաքականությունը:

– Վիեննայում անցկացված Փաշինյան-Ալիև հանդիպումն ինչպե՞ս եք գնահատում, որևէ արդյունք պե՞տք է ակնկալել:

– Ես անձամբ որևէ արդյունք չէի սպասում այս հանդիպումից: Չեմ էլ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը կամ համանախագահները որևէ առաջընթաց էին սպասում: Սա երկու կողմերի ղեկավարների առաջին պաշտոնական հանդիպումն էր: Առաջին նպատակային հանդիպումն էր, որովհետև նախորդ երեքը տարբեր հանդիպումների շրջանակներում իմիջիայլոց տեղի ունեցած շփումներ էին:

Դատելով այն հայտարարությունից, որը տարածվեց համանախագահների ու երկրի ղեկավարների անունից, որտեղ հանդիպումը դրական ու կառուցողական էր բնութագրված, բնական է, այդպես էլ պետք է գնահատվեր: Դիվանագիտությունն այն է, որ մշտապես շեշտը դրվում է լավի վրա: Ամեն դեպքում, պետք է այսպես գնահատել՝ այո՛, այդ հանդիպումը չէր կարող արդյունք տալ և չտվեց, բայց բացասական հետևանքի բացակայությունն էլ արդեն արդյունք է:

Այսինքն՝ կարող ենք ասել, որ սրանով կանխվում են բացասական զարգացումները: Այնպես որ, որպես առաջին ճանաչողական հանդիպում, ընդհանուր առմամբ լավ էր:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am