Ջոն Քերրիի առաջադրումը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում. պահանջ` ողջույնի տեսքով

Ջոն Քերրիի առաջադրումը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում. պահանջ` ողջույնի տեսքով
Ջոն Քերրիի առաջադրումը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում. պահանջ` ողջույնի տեսքով

ԱՄՆ սենատոր Ջոն Քերրիի առաջադրումը պետքարտուղարի պաշտոնին, ի շարս այլ լուսարձակների, գրավել է նաև հայկականը, թուրքականն ու ադրբեջանականը։ Անմիջապես ասենք, որ ռուսական մակարդակի վրա տեղեկատվական անդրադարձը մինչ այժմ դրական կարող է արձանագրվել, եթե նկատի ունենանք ռուսական մամուլի արձագանքումը` ամերիկյան այն տեսակետներին, որոնք լավատեսական նախանիշեր են ուզում տեսնել Քերրիի պաշտոնամուտի մեջ:
Հայկականի դեպքում նախ, իհարկե, տեղի քաղաքական կազմակերպությունների` Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կատարած շատ արագ արձագանգն է, որ աչքի է ընկնում դրական շեշտով, լավատեսությամբ: Մինչ հայաստանյան քաղաքական և քաղաքագիտական շրջանակներն ավելի զսպվածություն են ցուցաբերում հետագա ակնկալիքներ բարձրաձայնելու ուղղությամբ:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի հրապարակած հաղորդագրությունը սակայն գերխանդավառություն ցուցադրելու և լավատեսական մթնոլորտ տարածելու միտում չունի, բնականաբար: Ակնկալիքի և պահանջի խնդիրն է, որ առկա է լավատեսական կանխատեսման հրապարակման հետևում: Ակնկալելու` հետևողականություն Ջոն Քերրիի շարունակ ցուցաբերած ճիշտ դիրքորոշումները Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Տարբեր հանգրվաններին դրսևորված դիրքորոշման արդարացիությունը վերաբերում է բազմաթիվ բանաձևերի համաառաջադրմամբ, Արցախի խնդրի լուծման աջակցությամբ, ԱՄՆ-ի նկատմամբ առաջարկված Թուրքիային չաջակցելու պահանջներով, Հայաստանի Հանրապետության ապաշրջափակման հրամայականի շեշտմամբ և Սաֆարովի հերոսացման դատապարտումներով:

Ա ՛յս վարքագծի հետևողականության և պահպանման պահանջն է, որ արծարծվում է՝ հիշեցման և ողջույնի կարգով: Այլապես, քաղաքական տրամաբանությամբ պարզ է, որ տարբերություններ պիտի երևան սենատոր Քերրիի և պետքարտուղար Քերրիի հայկական հարցերի (և ոչ միայն հայկական) հայտարարածների և հայտարարելիքների միջև` թե՛ բովանդակային, թե՛ շեշտադրումների և թե՛ հաճախակիության առումներով: Պետքարտուղարը կիրականացնի պաշտոնական Վաշինգտոնի քաղաքական գիծը, որ մերթ կզուգահեռվի, մերթ կխաչվի ներկայացուցչականների կամ սենատորների գծերին:

Հիմա փորձենք դիտարկել մեր հակառակորդների հակազդեցությունները: Ադրբեջանական «Քոնթաք.ազ»-ն ու «Թուրանը» մտահոգություն են հայտնում՝ Քերրիի նախկին հայտարարությունները մեջբերելով և հայ-ադրբեջանական տարբեր թղթածրարների վերաբերյալ Քերրիի առնվազն ոչ ադրբեջանպաստ, չասելու համար` ուղղակի հակաադրբեջանական փաստերը մտաբերելով: Ադրբեջանական կողմը այս դեպքում սահմանափակվել է այսքանով: Հասկանալի է, որ այժմ Բաքուն ավելիին դիմելու անհրաժեշտությունը չի զգում:

Եթե արցախյան հարցով հակաադրբեջանական հայտարարությունները մտահոգություն են առաջացրել Բաքվի շրջանակների մոտ, ապա Ցեղասպանության ճանաչման համար բացահայտ և հետևողական կեցվածքները խնամքով անուշադրության են մատնվում Անկարայի կողմից: «Թուդեյ զամանը» հաղորդում էր, որ Անկարան գոհունակություն է հայտնում Քերրիի առաջադրման համար: Այստեղ անգամ ակնարկ չկա հայկական հարցերին և հատկապես Ցեղասպանության մասին ամերիկացի սենատորի որդեգրած դիրքորոշմանը:

Այս հանգամանքները նկատի ունենալով` ավելի քան օրինաչափ է և ընկալելի Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հրապարակած հաղորդագրությունը: Մոսկվան անուղղակի դրական ուղերձ է փոխանցել, Բաքուն զուսպ մտահոգություն է հայտնել, Անկարան պետքարտուղարի պաշտոնի թեկնածուին գործնապաշտ որակումով անուշադրության է մատնել Ցեղասպանության հարցը. իսկ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը ողջույնի տեսքով հիշեցնում է և պահանջում:

Համենայնդեպս, հայկական կողմը ի սկզբանե բացասական նախատրամադրվելու պատճառներ չունի։

Շահան Գանտահարյան

«Ազդակի» գլխավոր խմբագիր