«Մի քանի օրվա տատանումները լավատեսական տրամադրվելու հիմքեր չեն տալիս». Առողջապահության նախկին նախարար

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը

– Պարո՛ն Մկրտչյան, վերջին օրերին կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպքերի տեմպը նվազել է, սակայն առողջապահության նախարարը հայտարարեց, որ դա չի նշանակում, թե պետք է կորցնել զգոնությունը և թուլացնել միջոցառումները։ Դուք ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը։

– Ասեմ, որ նախարարը շատ սթափ է գնահատում իրավիճակը։ Մի քանի օրվա տատանումները լավատեսական տրամադրվելու հիմքեր չեն տալիս։ Բայց նաև ընդհանուր պրոցեսը համահունչ է օդակաթիլային ճանապարհով փոխանցվող հիվանդությունների համաճարակային ընթացքին։ 

Այսինքն՝ ես չէի ասի, որ արտառոց է, և չէի ասի, որ կարելի է խոսել համաճարակի մեղմացման մասին։ Դեռ կարճ է ժամանակը, և դեռ պետք է հետևել ընթացքին։ Շուտափույթ եզրակացություններ, մանավանդ թուլացման քայլեր դեռ վաղ է անել։

Ձեր կարծիքով՝ արտակարգ դրությունը պե՞տք է շարունակվի։

– Այո՛, միանշանակ։ Արտակարգ դրությունը պետք է շարունակվի, բայց մի փոքր դժվարանում եմ ժամկետներ ասել։ Սահմանափակումները ևս պետք է շարունակվեն։ Մենք ունենք արտակարգ իրավիճակ և ունենք սահմանափակումների փաթեթ։

Ինձ թվում է՝ սահմանափակումները պետք է շարունակել ևս գոնե 10 օր։ Իսկ արտակարգ դրությունը կարող է էլի շարունակվել, որովհետև դա վերաբերում է նաև սահմաններին, ավելի լայն միջոցառումների շրջանակ է։

– Արսեն Թորոսյանը նաև ասաց, որ Հայաստանում վիրուսի տարածումը դուրս է եկել վերահսկողությունից։ Սա ի՞նչ վտանգներ է պարունակում։

– Նախարարը շատ ճիշտ է մեկնաբանում իրավիճակը և ստեղծված իրավիճակին համահունչ եզրահանգումներ է անում։ 

Օդակաթիլային ճանապարհով փոխանցվող հիվանդությունների օջախների և կոնտակտավորների վերահսկման գործընթացը շատ բարդ է իրականացնել, գրեթե անհնար։ 

Մեկ-երկու օջախների առկայության դեպքում հնարավոր է լինում սահմանափակել և գտնել կոնտակտավորների այն շրջանակը, որոնք այդ օջախների սկզբնաղբյուրի հետ շփում են ունեցել։ 

Բայց հետագայում արդեն կառավարելիության տեսանկյունից օջախներն սկսում են շատանալ։ Մենք միջոց չունենք դա վերահսկելու, հարցնում ենք՝ ովքե՞ր են ձեզ հետ շփվել, մարդը որքան հիշում՝ այդքան ասում է։

Եթե շփման մեջ եղած մեկ մարդու էլ մոռանանք, այդ մարդը կդառնա նոր օջախ։ Դրա համար տեղորոշման ծրագիրը, որը կառավարությունը ներդրեց, կարևոր է։ Արդեն մարդկանց հիշողության վրա հույս չենք դնելու։ Եվ փաստորեն տեղորոշման միջոցով կարող ենք բոլոր օջախները հայտնաբերել։

Ես կարծում եմ՝ կառավարությունը հստակ քայլեր է անում, իսկ նախարարի ձևակերպումն իրականությանը համապատասխանում է։ Խնդիրը միայն Հայաստանում չէ, աշխարհի ամենահզոր երկրներում համաճարակի օջախները վաղուց ի վեր դուրս են եկել վերահսկողությունից։ 

Եվ մարդիկ ընդամենը հետևում են պրոցեսին, գտնում են նորից կոնտակտներ և ամենակարևորը՝ աշխատում են հայտնաբերել այն հիվանդներին, որոնք ախտանշաններ ունեն, և անմիջապես միջոցներ ձեռնարկել, որպեսզի քաղաքացու վիճակը չծանրանա։

Նաև փորձում են այնպես անել, որ չծանրանա առողջապահության համակարգի վիճակը, որպեսզի հասցնեն բոլոր հիվանդներին սպասարկել։ Արդյոք կա՞ վտանգ, որ ինչ-որ պահի Հայաստանում կարող է իրավիճակը դուրս գալ վերահսկողությունից։

– Ինձ թվում է՝ նման իրավիճակ չի լինի, որովհետև մեր երկրում հզորությունները բավականաչափ են։ Եվ բուժհիմնարկների բավարար թվաքանակ ունենք, որոնց վերապրոֆիլավորման աշխատանքները, նախապատրաստությունը, որքան ես գիտեմ, առողջապահության նախարարությունը վաղուց էր սկսել իրականացնել։ Նախարարի ձևակերպումը չպետք է խուճապ առաջացնի, ուղղակի զգոնության խնդիր է։

Այս ամիսների փորձն ի՞նչ է ցույց տալիս, ի դեմս նոր կորոնավիրուսի՝ ի՞նչ վիրուսի հետ գործ ունի մարդկությունը։

– Նման վիրուսներ մարդկության պատմության ողջ ընթացքում անընդհատ առաջացել են, անծանոթ են եղել մեր օրգանիզմի համար, հետո կամաց-կամաց ծանոթացել ենք։ Միջոցներ են ձեռնարկվել, ամբողջ գիտական ներուժը օգտագործվել է, և արդեն ճանաչելուց հետո սկսել են միջոցներ ձեռնարկել։ 

Հիմա այն փուլն է, որ գիտական աշխարհը ճանաչել է վիրուսը, թե ինչ է իրենից ներկայացնում, բայց պայքարի միջոցների տեսանկյունից դեռ հաջողություն չկա։ 

Այսինքն՝ պատվաստանյութի միջոցով պաշտպանվելու և բուժական միջոցների տեսանկյունից, ավաղ, դեռ ամեն ինչ փորձարարական շրջանում է գտնվում։

Որպես կանոն՝ օդակաթիլային ճանապարհով հիվանդությունների և, մասնավորապես, գրիպների դեպքում մենք պատվաստանյութը ունեցել ենք համաճարակն ավարտվելուց հետո։

Սա էլ կունենանք համաճարակի մարման ժամանակ։ Արդեն կան պատվաստանյութեր, բայց դրանք զանգվածային օգտագործման ենթակա չեն՝ մինչև հստակ փորձարկումների փուլը չավարտվի, և չգնահատվի նրանց ազդեցությունը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am