Զինծառայողները լիարժեքորեն ապահովված են սննդով, հագուստով եւ այլ անհրաժեշտ պարագաներով. ՔՊ պատգամավոր

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը գրում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, վերջին օրերին տարբեր խմբերի, անհատների կողմից կազմակերպվում են տարատեսակ դրամահավաքներ, իրականացվում են հանրային աջակցության նախաձեռնություններ։

Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ նմանատիպ միջոցառումների իրականացման անհրաժեշտություն այս պահին չկա:

Նախորդող օրերին եղել եմ Վարդենիսում, Սոթքում, Ջերմուկում, այս պահին էլ Սյունիքի մարզում եմ, վստահաբար կարող եմ փաստել, որ մեր զինծառայողները լիարժեքորեն ապահովված են սննդով, հագուստով եւ այլ անհրաժեշտ պարագաներով։

Իհարկե, կարեւորելով բանակին աջակցելու յուրաքանչյուրիս պատրաստակամությունը՝ այնուամենայնիվ, ուզում եմ նշել, որ չկանոնակարգված այսպիսի գործողությունները կարող են հանգեցնել սխալ հետեւանքների և ռեսուրսի անհարկի վատնման»։