Ֆրանսիայում ձերբակալվել են Լուվրի թալանի գործով ևս հինգ կասկածյալ

Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է ևս հինգ մարդու՝ Լուվրի թանգարանի Ապոլոնի պատկերասրահից մոտ 95 միլիոն եվրո արժողությամբ գանձերի գողության գործով։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

Չորս դիմակավորված անձ հոկտեմբերի 19-ի առավոտյան, թանգարանի բաց ժամերին, գողացել էին թագավորական վզնոցներ, թագեր և ադամանդե զարդեր՝ բացահայտելով անվտանգության լուրջ բացեր աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանում։

Փարիզի դատախազ Լոր Բեկյոն հայտնել է, որ վերջին կասկածյալները ձերբակալվել են համաժամանակյա գործողությունների արդյունքում՝ Փարիզում և նրա հյուսիսային արվարձաններում։ Նրանցից մեկը հայտնաբերվել է հանցավայրում թողած ԴՆԹ հետքի միջոցով։

Հետաքննությունը ծավալվում է, քանի որ կասկածյալների հեռախոսներից և առգրավված առարկաներից ոստիկանները կարողացել են ուսումնասիրել գաղտնագրավորված հաղորդագրություններ։

Դատախազը տեղեկացրել է, որ մշակութային արժեքների անօրինական շրջանառության դեմ մասնագիտացած ստորաբաժանումը փնտրում է գողացված իրերը սև շուկայում։ Ըստ նրա՝ թանկարժեք զարդերը կարող են օգտագործվել փող լվանալու կամ հանցավոր շրջանակներում հաշվեհարդարի նպատակներով։

Գործով փորձագետները նշում են, որ գտնել գողացված իրերը կարող է ավելի դժվար լինել, քան գողերին։ Թալանի ընթացքում վերցված զարդերը կարող են արդեն վերամշակված լինել՝ քարերը վերակտրած, իսկ ոսկին՝ հալեցված։

Բեկյոն կոչ է արել գողացված գանձերի տիրապետողներին դրանք վերադարձնել՝ ընդգծելով, որ դատարանը «կհաշվի առնի կորուստ չպատճառելու հանգամանքը»։

Ավելի վաղ երկու կասկածյալ արդեն մասամբ խոստովանել էին իրենց մասնակցությունը։ Նրանցից մեկը՝ 34-ամյա Ալժիրի քաղաքացի, ձերբակալվել էր, երբ փորձել է Ալժիր թռչել։ Երկուսն էլ բնակվում են Փարիզի հյուսիսային աղքատ շրջանում՝ Օբերվիլիեում։

Թանգարանի տեսախցիկները ժամանակին չեն արձագանքել, և ամբողջ գողությունը տևել է ընդամենը 6–7 րոպե։ Դրանից հետո թանգարանը ստիպված է եղել իր ամենաթանկարժեք զարդերից մի մասը գաղտնի տեղափոխել Ֆրանսիայի բանկ՝ անվտանգության նկատառումներով։

Դատախազը չի բացառում, որ գողության հետևում կանգնած է ավելի լայն ցանց կամ կազմակերպիչ անձ։