Շատերի մոտ ընկճախտ ու անելանելիության զգացողություն է, բայց կարողանում ենք դիմակայել նաև այս փորձությանը. Արցախի ԱԺ պատգամավոր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը

– Պարո՛ն Հովհաննիսյան, ադրբեջանական պետական Az Tv հեռուստաընկերության շաբաթական թողարկման ժամանակ նշվեց, որ «Ադրբեջանը պատրաստվում է Ղարաբաղում իրականացնել «Վրեժ 3» գործողությունը»: Արցախի նախագահն էլ ԱԺ պատգամավորների հանդիպման ժամանակ ասաց, որ պետք է պայքարել, քանի որ բանակցություններն արդյունք չեն տալիս։ Արայիկ Հարությունյանը հստակ նշե՞լ է պայքարի ուղիները, որոնք իսկապես արդյունք կտան։

– Քանի որ Արցախում քաղաքական ներկապնակը բավականին խայտաբղետ է, հետևաբար այն խնդիրները, հնարավորությունները, քայլերը, որոնք արվում են Արցախում պաշտպանողունակության, դիմադրողականության իմունային համակարգը բարձրացնելու համար, չի կարելի բարձրաձայնել, որովհետև յուրաքանչյուր բարձրաձայնված միտք, միանշանակ, լսելի է դառնում նաև հակառակորդին, որը կարող է հասկանալ մեր քայլերի հաջորդականությունը ու համապատասխան հակաքայլեր ձեռնարկել, ինչի հետևանքով մեր քայլերը կարող են ի չիք դառնալ:

Այն, ինչի մասին խոսել է նախագահն Ազգային ժողովում պատգամավորների հետ հանդիպմանը, ունեցել է որոշակի աստառ, որը մեկնաբանելու նպատակահարմարությունը չեմ տեսնում, բայց հստակ է մի բան, որ երկրի նախագահը հայտարարեց, որ բանակցությունը բանակցություն, բայց անկախ ամեն ինչից անհրաժեշտ է ուշադրություն դարձնել երկու ասպեկտի. մեկը հասարակության կազմակերպվածությունն է, իսկ երկրորդը պետության դիմադրողականության բարձրացումը։

– Դրան նպաստող քայլեր արվո՞ւմ են։

– Այսօր մենք այն վիճակում չենք, որ ինչ անում ենք ի ցույց աշխարհի անենք կամ հրապարակենք։ Իհարկե արվում են կամ միգուցե չեն արվում, բայց եթե մինչև այս պահը որևէ «Վրեժ 3» գործողություն կյանքի չի կոչվել, ուրեմն հակառակորդը տեղեկացված է մեր հնարավորությունների մասին ու դեռևս ծանրութեթև է անում։

– Դե այդ մասին նոր են սկսել խոսել, իսկ փորձը ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը հայտարարում է մի բան, որոշ ժամանակ անց սկսում է գործողություններ իրականացնել, որոնք միտված են այդ հայտարարությունը կյանքի կոչելուն։

– Հիմա այդ հայտարարությունը հիմք ընդունելով, բնականաբար, պետությունը պարտավոր է իր հնարավորություններն այնպես տեղաբաշխել, որ այդ հայտարարությունը կյանքի չկոչվի, դա կլինի բանակցային գործընթացների ակտիվացմամբ, կլինի ներքին դիմադրողականության ու պաշտպանողականության բարձրացմամբ, ինչի արդյունքում այս սպառնալիքը նույնպես կկարողանանք շրջանցել։ 

– Պարո՛ն Հովհաննիսյան, ձեր գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունը ստեղծված իրավիճակին համապատասխա՞ն է գործում։

– Ճիշտն ասած, Հայաստանի իշխանություններն ինձ հաշվետվություն չեն տալիս, և յուրաքանչյուր ադեկվատ մարդ հասկանում է, որ ցանկացած քայլ միգուցե առաջին հայացքից թերի թվա, բայց քանի որ ամբողջական տեղեկատվության չեմ տիրապետում, ուստի կաշխատեմ ձեռնպահ մնալ որևէ գնահատական հնչեցնելուց։

– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ չնայած Արցախի Հանրապետության խորհրդարանը կոչով դիմեց հայկական կողմին՝ դադարեցնել բանակցությունները, քանի դեռ սահմաններին լիակատար անդորր չէ, հայկական կողմը շարունակեց վաշինգտոնյան բանակցությունները ու չի էլ պատրաստվում դադարեցնել նաև սպասվելիք բանակցությունները։

– Նորից եմ կրկնում՝ ես չգիտեմ, թե ինչպիսի՛ բանակցություններ են ընթանում, ի՛նչ խորքային հարցեր են քննարկում, ի՛նչ աշխատանք է կատարում ՀՀ արտգործնախարարությունը, հետևաբար հեռու կմնամ միակողմանի գնահատական տալուց, բայց Արցախի Հանրապետության խորհրդարանի ընդունած հայտարարությունը համահունչ էր տվյալ պահին առկա իրողությանը և ուղղակիորեն բխում էր այդ պահի անհրաժեշտությունից։

– Դուք Արցախի քաղաքական դաշտի այն ներկայացուցիչներից եք, որի տեսակետները, մեկնաբանությունները կատարվող իրադարձությունների վերաբերյալ գրեթե միշտ տարբերվում են, ինչն արդեն հասցրել է առիթ հանդիսանալ, որ հանրության մի հատված մտածի, թե դուք իրականում համակարծիք եք ՀՀ իշխանությունների այսօրվա վարած քաղաքականությանը։ Ստեղծված այդ տպավորությունը ճի՞շտ է, թե՞ ոչ։

– Չգիտեմ, թե ում մոտ ինչ տպավորություն է ստեղծվել, բայց Արցախում ևս կան մարդիկ, որոնք համակարծիք են ինձ հետ, ու այստեղ որևէ քաղաքական հոսանքի ազդեցության տակ ընկնելու խնդիր ես բացարձակապես չունեմ: Իմ գործողությունները, հայտարարություններն ուղղակիորեն բխում են այն վերլուծություններից, որ ես ինքս կատարում եմ՝ բաց աղբյուրներից ստացած տեղեկատվության հիման վրա։ 

Ես իմ տեսակետն առանց կաշկանդվելու արտահայտում եմ, եթե որոշ մարդկանց մոտ ստեղծվել է նման տպավորություն, ուղղակի իրենց խնդիրն է, չեմ պատրաստվում որևէ մեկին պարտադրել իմ տեսակետը: Ես էլ համաձայն չեմ որոշ մարդկանց քայլերին ու իրավիճակից դուրս գալու առաջարկներին, դրանք, իմ համոզմամբ՝ ոչ մի տեղ չտանող, դատարկ մտքեր են։

– Իսկ ի՞նչ եք առաջարկում դուք իրավիճակից դուրս գալու համար, պարո՛ն Հովհաննիսյան։

– Դեռևս պատերազմի ավարտից հետո եմ ասել, որ այս ծանր իրավիճակից դուրս գալու միակ ելքը լուռ աշխատելն է, իրավիճակի ճիշտ ախտորոշում տալը։ Հասկանալով, որ հակառակորդն ու առկա իրականությունը ի նպաստ չեն մեզ, անհրաժեշտ է ոչ թե դատարկաբանել, այլ լուռ աշխատել, փորձել գտնել ելքեր ու հասարակությանը փորձել բերել մի այնպիսի վիճակի, որ ոչ թե զբաղվեն Ֆեյսբուքով ամեն տեսակ դատարկաբանություն վերլուծելով, այլ լինեն բացարձակ կազմակերպված ու կարգապահ ու հասկանան, որ արցախահայության գոյապահպանության հարցն այս փուլում բավականին բարդ վիճակում է ու անհրաժեշտ է խիստ հավասարակշռված գործել, որ կարողանանք այս սպառնալիքներից դուրս գալ ու հասնել մեր 30 տարվա պայքարի տրամաբանական ավարտին՝ միջազգային իրավունքի նորմ հանդիսացող ինքնորոշման իրավունքի ճանաչմանը։

– Մտավախություն ունե՞ք, որ Ադրբեջանին ի վերջո կհաջողվի Արցախը հայաթափել։

– Իհարկե կա նման մտավախություն, հասկանալի է նաև, որ մեզնից շատ-շատ բան է կախված ու ոչ միայն մեզնից, այլև ողջ հայ ժողովրդից։ Համատեղ ուժերի ու հնարավորությունների գերլարումով միայն հնարավորություն կունենանք այդ սպառնալիքը չեզոքացնել։ Խնդիրը բավական բարդ է, ու միայն համատեղ ուժերի գերլարումով կարելի է այս վիճակը բեկել։

– Վերջում կխնդրեմ նաև ասեք, թե ի՞նչ վիճակ ու տրամադրվածություններ են շրջափակված Արցախում։

– Պատերազմից հետո այն դառնությունն ու ողբերգությունը, որ կրում է արցախահայությունն իր ուսերին, այս 200-օրյա շրջափակումն է՛լ ավելի է ծանրացրել։ Շատ ծանր է հատկապես երեխաների վիճակը, որոնք զրկված են նորմալ սննդակարգից ու անհոգ մանկությունից, որն ունեն իրենց հասակակիցները աշխարհի տարբեր երկրներում, բայց փորձում ենք ամեն բան անել, որ երեխաները հնարավորինս քիչ զգան այդ բացը։ Իսկ ընդհանուր առմամբ՝ միանշանակ ծանր է սոցիալական վիճակը, ինչին նպաստում են նաև եղանակային անբարենպաստ պայմանները, ինչն ուղղակիորեն ազդում է մարդկանց հոգեբանության վրա: Շատերի մոտ ընկճախտ ու անելանելիության զգացողություն է նկատվում, բայց դրանով հանդերձ կարողանում ենք դիմակայել նաև այս փորձությանը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am