Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«2019-ի վերջին ամիսներին քաղաքապետարանի աշխատանքի հետ կապված ապատեղեկատվության հեղեղը հիշում ենք: Հատկապես սեպտեմբերի վերջից՝ աղբահանության խնդրի սկզբունքային լուծումից հետո տարբեր գործիչներ ու որոշակի լրատվամիջոցներ ապատեղեկատվության ու բամբասանքների արշավ էին սկսել քաղաքապետի ու քաղաքապետարանի գործունեության հետ կապված: Մասնավորապես, բիզնեսի սոցիակալան պատասխանատվության սկզբունքով քաղաքին տրված նվերների վերաբերյալ աղմուկը եւս, բոլորս հիշում ենք:
2019-ի դեկտեմբերի 4-ին ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարությանը 1in.am-ի եթերից, իր խոսքով, «բացահայտում արեց»՝ ասելով, որ նվիրատու ընկերությունները իրե՛նք չեն գնել Կամազները, «Փո՛ղն են տվել քաղաքապետարանին, քաղաքապետարանն է գնել, փո՛ղ, փո՛ղ են տվել քաղաքապետարանին… Իսկ ի՞նչ իմանանք՝ ինչքան են տվել, ինչքանից են առել: Կարող ա, ասենք, 1 միլիոն դոլար տվել են, 800 հազարի են առել Կամազները»: (հղումները՝ մեկնաբանություններում)
Գրեթե նույնաբովանդակ հայտարարություն «Ազատություն» ռադիոկայանի եթերում դեկտեմբերի 23-ին արեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Ընդ որում, երկու հարգարժան գործիչները իրենց խոսքերը հաստատող որեւէ փաստ չներկայացրեցին: Չէին էլ կարող ներկայացնել, որովհետեւ վերը նշված հայտարարությունները, ըստ էության ապատեղեկատվություն են:
Քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր պաշտոնական նամակներ է հղել պարոնայք Էդմոն Մարուքյանին եւ Դավիթ Խաժակյանին՝ առաջարկելով հերքել հիշատակված պնդումները կամ ներկայացնել համապատասխան փաստաթղթային հիմնավորումներ:
Հ.Գ. Ինչպես տեսնում ենք, այս անգամ նամակների ներքո օրիգինալ ստորագրություններ են եւ ոչ թե ֆաքսիմիլ»։