Խաղող մթերող ընկերության ներկայացուցիչները վստահեցրեցին, որ գյուղացիների խաղողը դաշտում չի մնա․ Արարատի մարզպետ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզպետարանում հանդիպել է մարզի խաղողագործների և խաղող մթերող ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Նա իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը և մարզից ընտրված պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը և Սեդրակ Թևոնյանը:

«Խաղողագործների մտահոգությունն այն էր, որ բերքն այս տարի շատ է և հնարավոր է մթերման հետ կապված խնդիրներ առաջանան: Սակայն խաղող մթերող ընկերության ներկայացուցիչները վստահեցրեցին, որ գյուղացիների խաղողը դաշտում չի մնա և գնային քաղաքականությունից դժգոհելու առիթ նույնպես գյուղացիները չեն ունենա: Այսօր առավոտյան մարզի խաղողագործները կարճ ժամանակով փակել էին ճանապարհը։

Ես անմիջապես գնացել եմ բողոքի ակցիայի անցկացման վայր և խաղողագործների հետ պայմանավորվեցինք, որ այսօր, ժամը 15։00-ին հանդիպենք մարզպետարանում, որտեղ կլինեն նաև խաղող մթերող ընկերությունների ներկայացուցիչները և նրանց հետ կքննարկենք խաղողագործներին մտահոգող հարցերը:

Հանդիպումը, ինչպես և խոստացել էի, կայացավ, այն անցավ փոխըմբռնման մթնոլորտում և խաղողագործները ստացան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները», -գրել է նա: