Հրատարակվել է հայ տրանսգենդերների մասին պատմող առաջին գիրքը

Հրատարակվել է հայ տրանսգենդերների մասին պատմող առաջին գիրքը
Հրատարակվել է հայ տրանսգենդերների մասին պատմող առաջին գիրքը

Վերջերս, մեր իրականության մեջ առաջին անգամ, հրատարակվել է Նազիկ Արմենակյանի «Մենակության շտամպը» գիրք-ալբոմը, որի 7 «հերոսուհիները» հայ տրանսգենդերներ են՝ սեփական պատմություններով: Գրքի վրա աշխատելիս հեղինակը համագործակցել է ֆրանսաբնակ ֆոտոխմբագիր Մարկ Պրուստի հետ: Մասնագիտությամբ ֆոտոլրագրող Նազիկ Արմենակյանը երկու կոլեգաների հետ 2012թ.-ից նախագծեր է իրականացնում, որոնց նպատակը դոկումենտալ լուսանկարչության խթանումն է ու մեզանում լուսանկարչական արվեստի այս ճյուղի հանդեպ հետաքրքրության աճը: «Առավոտը» հանդիպեց «Մենակության շտամպը» գրքի հեղինակի հետ:

«Տրանսգենդերները մեր հասարակության մեջ մի խումբ է, որի հետ սովորաբար չենք ուզում առնչվել… Նրանք տարօրինակ են, ճիշտ չէ՞»,- զրույցի սկզբում նշեց Նազիկ Արմենակյանը: Ռեպլիկին՝ ուրեմն ինչի՞ համար է այս գիրքը եւ ինչո՞ւ եք մեզ «պարտադրում» առնչվել նման մարդկանց լուսանկարներին ու պատմություններին, մեր զրուցակիցը իբրեւ պատասխան մեջբերեց Մարկ Պրուստի գիրք-ալբոմի առաջաբանից. «Հայտնի է, որ տրանսգենդերները զուգվում-զարդարվում են, չափազանցում են իրենց ինքնահավանությունը, դեմքի շպարը, ընդհանրապես ամեն ինչը եւ, ի վերջո, դուրս են գալիս փողոց՝ մարմնավաճառությամբ զբաղվելու: Նրանք մի աշխարհից են, որին մենք չենք պատկանում եւ չենք ցանկանում որեւէ կապ ունենալ: Այս պատկերների միջոցով մենք անցնում ենք այն ճանապարհով, որով անցել է լուսանկարիչը: Նախ՝ գալիս է պատկերը, որը հաստատում է տրանսգենդերների նկատմամբ կանխակալ վերաբերմունքը, նրանք հանդես են գալիս թեթեւաբարո, սանձարձակ եւ փոքր-ինչ շփոթեցնող տեսքով: Ինչքան խորանում ենք, շպարի հետեւում սկսում ենք նկատել դեմքերը, գունեղ հանդերձանքի ներքո՝ մարմինները: Սկսում ենք տեսնել եւ աստիճանաբար ծանոթանալ մարդկանց, ովքեր ունեն սովորական երազանքներ եւ առօրյա պայքար…»: Հավելեց նաեւ, թե նման նախագծերի կարեւորությունն այն է, որ դրանք անկեղծ են, չեն փորձում մերժել իրականությունը, այլ ի ցույց են դնում, այս դեպքում՝ տրանսգենդերների կյանքը ինչպես կա, բացահայտում են կարեւոր նրբերանգներ, ծանոթացնում, թե ինչ կա խորքում եւ վեր հանում նախկինում քողարկված պատկերներ: Կարդալ ավելին