Բաքուն Թեհրանին հավաստիացրել է՝ ռազմական հարձակման մտադրություն չունի. Քանանի. «Ազատություն»

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին այսօր հայտարարել է՝ ադրբեջանական կողմը Թեհրանին վստահեցրել է, որ ռազմական հարձակման մտադրություն չունի:

Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

«Մենք կապի մեջ ենք ինչպես Ադրբեջանի Հանրապետության, այնպես էլ Հայաստանի իշխանությունների հետ։ Հայաստանի իշխանություններն անհանգստություն են հայտնել Ադրբեջանի կողմից հնարավոր նոր ռազմական գործողությունների հետ կապված», – երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի դիվանագիտական գերատեսչության խոսնակը։Իրանցի պաշտոնյան հավելել է՝ Բաքուն Իրանին տեղեկացրել է, որ ռազմական հարձակում իրականացնելու մտադրություն չունի, և որ վերջին զորաշարժերը «սովորական ռազմական գործողություն են ձմեռային սեզոնին ընդառաջ, քանի որ ձմռանը լեռնային տեղանքում տեղաշարժը դժվարանում է»։

Քանանին կրկնել է պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը՝ Իրանը հյուսիսային հարևանների հետ համատեղ սահմանների անվտանգության նկատմամբ զգայուն է և ուշադրությամբ հետևում է տարածաշրջանային զարգացումներին:

«Վստահեցնում եմ, որ Իրանի սահմաններն անվտանգ են»,- ասել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը:Նասեր Քանանիին համոզմունք է հայտնել, թե անվտանգության և խաղաղության հասնելու համար կարևոր քայլ կլիներ Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը:

«Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության մաս է, այդ տարածաշրջանի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովվեն հստակ մեխանիզմով։ Սա մեր պաշտոնական դիրքորոշումն է»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի խոսնակը: