Ադրբեջանի որոշումը փաստացի նշանակում է Արցախի հայաթափում. գլխավորն այն է, թե ինչպե՛ս պետք է պայքարենք դրա դեմ. Ռոբերտ Ղևոնդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը

– Պարո՛ն Ղևոնդյան, գործադիրի այսօրվա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «մեզ հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանի բացելու համար, ԼՂ-ից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու համար»: Ադրբեջանի այս որոշումն ի՞նչ է նշանակելու Արցախի համար, և, ըստ ձեզ, ինչո՞ւ գործադիրը հստակ չի ասում, թե որտեղից է նման ինֆորմացիան հասանելի դարձել իրենց:

– Ադրբեջանի այդ որոշումը զարմանալի չէ, դրա մասին բավական երկար ժամանակ է, ինչ նախազգուշացնում էինք և՛ ես, և՛ այլ տարբեր փորձագետներ խոսել են այն մասին, որ Ադրբեջանի հաջորդ քայլը լինելու է ժամանակավորապես միջանցքի բացումը, որպեսզի Արցախը հայաթափվի, Հայաստանը պետք է պատրաստ լիներ նման սցենարի: 

Թե որտեղի՛ց է այդ որոշման մասին հայտնի դարձել ՀՀ վարչապետին, չեմ կարող ասել, այնուամենայնիվ, որ նման ծրագիր բավական երկար ժամանակ գոյություն է ունեցել, անգամ նախորդ տարվա դեկտեմբերից առաջ, երբ սահմանը փակեցին, ակնհայտ է:

– Բայց նորմա՞լ է, որ իշխանության ղեկավարը նման հայտարարություն է անում՝ հղում անելով հավաստի աղբյուրներին:

– Ճիշտն ասած, շատ հնարավոր է, որ հետախուզական գործողությունների միջոցով է այդ ինֆորմացիան հասել կամ այլ երկրների հետ մեր համագործակցության արդյունքում, ու եթե աղբյուրը բացահայտվի, գուցե խնդիրներ կլինեն: Այնուամենայնիվ, գլխավորը ոչ թե այն է, թե ինչպե՛ս է այդ տեղեկությունը մեզ հասել, այլ այն, թե ինչպե՛ս պայքարել այդ գործընթացի դեմ, որովհետև դա փաստացի նշանակում է Արցախի հայաթափում:

– Ինչպե՞ս պայքարենք:

– Պայքարելու հիմնական միջոցը, որն այսօր հասանելի է Հայաստանին, աղմուկն ավելի մեծացնելն է, Ադրբեջանի վրա ճնշումն ավելացնելն է ու թույլ չտալ, որ այդ գործողությունն Ադրբեջանն իրականացնի: Միջոցներից է ռազմական ճանապարհով Բերձորի միջանցքը բացելը, որն այս պահին, ես կարծում եմ՝ անհասանելի Հայաստանի համար: 

Մյուս ճանապարհն էլ դիվանագիտականն է, գուցե Արցախը փորձի պայմանավորվել, օրինակ՝ Բերձորի միջանցքի ու Աղդամի այդ ճանապարհի զուգահեռ օգտագործման հետ կապված, գուցե այդ դեպքում Ադրբեջանը հրաժարվի դրանից: Այս պահին դրանից ավելի հնարավորություն մենք չունենք:

– Պարո՛ն Ղևոնդյան, ոմանք ասում են, որ Աղդամի ճանապարհից օգտվելու համաձայնությունը նշանակելու է Արցախի ինտեգրում Ադրբեջանին: Դուք նման ռիսկ չե՞ք տեսնում:

– Կախված է լինելու նրանից, թե այդ ճանապարհն ի՛նչ կարգավիճակով կօգտագործվի. եթե օգտագործվելու է հումանիտար բեռների տեղափոխման համար, ապա, այո՛, լուրջ վտանգներ կան, կարելի է ասել, Բերձորի միջանցքի հարցն արդեն կմղվի երկրորդ պլան: Բայց եթե հնարավոր լինի Ադրբեջանի հետ պայմանավորվածություն ձեռք բերել, որ Բերձորի միջանցքն աշխատելու է ամբողջ ծավալով, ու Արցախը զուգահեռաբար առևտուր է անելու Աղդամի ճանապարհով Ադրբեջանի հետ, բայց տարբեր ապրանքներ գնելու վերաբերյալ որոշումները կայացվելու են Ստեփանակերտում, այդ դեպքում, կարծում եմ, նույնիսկ կարելի է օգուտներ քաղել դրանից:

– «Ուզում եմ ընդգծել Հայաստանի Հանրապետության հավատարմությունը խաղաղության օրակարգին։ Պետք է տեղեկացնեմ, որ մենք ադրբեջանական կողմին ենք փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մեր նոր առաջարկները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ Ադրբեջանն ինչպե՞ս կարձագանքի այս անգամվա առաջարկներին:

– Չեմ կարծում, թե Ադրբեջանին փոխանցված առաջարկները լինելու են նորահայտ ինչ-որ մոտեցումներ, ամենայն հավանականությամբ, դրանք հին մոտեցումների վերաբերյալ ինչ-որ առաջարկներով կամ փոփոխություններով տարբերակներ են: 

Այնուամենայնիվ, Հայաստանն այսօր անում է այն, ինչի ռեսուրսներն ունի, այլ զարգացումների այս պահին պատրաստ չէ: Շատ հնարավոր է, որ Ադրբեջանը նախորդ անգամվա նման իր առաջարկները ներկայացնի, ինչը կարող է տևել ոչ թե ամիսներ, այլ՝ տարիներ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am