Արցախի այս տարվա պետական բյուջեի նախագծով կնվազեն սեփական եկամուտներն ու ծախսերը

Արցախի 2021 թվականին կանխատեսվող համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կկազմի 224,5 մլրդ դրամ ՝ անկումը կանխատեսելով շուրջ 25 տոկոսի չափով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին ասել է Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներին ու խմբակցություններին ներկայացնելով «Արցախի Հանրապետության 2021թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:

«Պետական բյուջեի նախագծով՝ եկամուտները կկազմեն 81 մլրդ 830,7 մլն դրամ, ծախսերը՝ 124 մլրդ 851,2 մլն դրամ, որի արդյունքում դեֆիցիտը կկազմի 43 մլրդ 20,5մլն դրամ: Սեփական եկամուտները ծրագրվել են 17 մլրդ 50 մլն դրամի չափով՝ նախորդ տարվա 56 մլրդ դրամի համեմատ:

Հարկային եկամուտները կկազմեն 17 մլրդ դրամ, Հայաստանի Հանրապետությունից տրամադրվող բյուջետային վարկի չափը կկազմի 64 մլրդ 780,7 մլն դրամ: Պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 124 մլրդ 851,2 մլն դրամ, որը նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված ծախսերից պակաս է 7,8 տոկոսով:

Ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 55,6 տոկոս՝ 2020 թվականի 46,2 տոկոսի փոխարեն»,-ասել է պետնախարարը՝ նշելով, որ պայմանավորված՝հետպատերազմյան ժամանակաշրջանի բազմաթիվ սոցիալական խնդիրներով, 2021 թվականի բյուջետային քաղաքականությունն հիմնականում ունենալու է սոցիալական ուղղվածություն: